ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Սպարապետի մայրը՝ Գրետա Սարգսյանը, արդեն 4-րդ օրն է, ինչ նստացույց է անում նախագահի նստավայրի առջեւ: Եվ այս օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ ուժ չգտավ շենքից դուրս գալու եւ երկու քայլ անելու՝ իր «եղբոր» մոր հետ գոնե զրուցելու համար: Փոխարենը երեկ ոսկերչական գործարան այցելության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտնեց իր նկատառումները ե՛ւ Գրետա Սարգսյանի բողոքների, ե՛ւ Արմեն Սարգսյանի կալանավորման վերաբերյալ: Ու նստացույցեր եւ հանրահավաքներ կազմակերպելը գնահատեց որպես երկրի հիմքերի քայքայմանն ուղղված քայլ, քանի որ ոչ մի երկրում ծանր հանցագործության մեջ մեղադրվողին մեկուսարանից ազատ չեն արձակում միայն այն պատճառով, որ նրա ընկերներն ու հարազատները ցույցի են դուրս եկել, հակառակ դեպքում կփլուզվի արդարադատության համակարգը: «Առավոտն» այդ ամենի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց տիկին Գրետայից, եւ վերջապես կայացավ նրանց զրույցը՝ ճիշտ է, հեռակա: Ռոբերտ Քոչարյան. «Բոլորս գիտակցում ենք, որ Արմեն Սարգսյանի կալանավորումը նշանակում է լրացուցիչ լարվածություն, եւ հավատացեք, որ իշխանությանն ընդհանրապես ձեռնտու չէ լարվածությունը: Եվ այդ պատճառով, երբ ինձ զեկուցել են մոտ 2 շաբաթ առաջ, որ հիմքերը բավարար են կալանավորելու համար՝ ես ուղղակի դիմել եմ դատախազությանը՝ մի քիչ էլ համբերել, փորձել նյութեր հավաքել եւ կալանավորել միայն այն ժամանակ, երբ այլ քայլեր ուղղակի կբացառվեին՝ զուտ օրենսդրության առումով: Տվյալ դեպքում՝ ապացույցները բավարար էին: Ոչ թե բավարար էին, այլ այնքան էին համոզիչ, որ դատախազությունն այլ լուծում ուղղակի չուներ: Այլ լուծումը կնշանակեր՝ պարտակել հանցագործությունը»: Գրետա Սարգսյան. «Դատախազությունը ոչ մի բավարար հիմք էլ չի ունեցել: Նրան ձերբակալել են ընդամենը Լյովայի տված ցուցմունքի հիման վրա, այլ ապացույցներ չկան: Եթե ասում են՝ Ապերն էլ է ցուցմունք տվել, Ապերին նրանք ձերբակալել են Արմենին արդեն ձերբակալելուց հետո: Արմենս քննիչի մոտ նստած է եղել, եւ արդեն պիտի ազատ արձակեին, բայց զանգ է եղել, ու դրանից հետո են նրան ձերբակալել: Ես հեռուստատեսությամբ տեսա Հովհաննես Հարությունյանի հարցաքննությունը եւ վստահ եմ, որ դա սարքված է, կեղծիք է: Ընտրությունների ժամանակ իմացանք, թե որչափ կեղծիքներ կարող է անել նա: Ուրիշ ժամանակ խոսում են անմեղության կանխավարկածից. այդ ո՞վ է տեսել, որ նախաքննության ընթացքում, դեռ չհարցաքննած, առերեսում չարած՝ հաղորդում են, թե պատվիրատուն սա է: Դատարանը պիտի որոշի, թե մեղավո՞ր է: Դատարանում այդ մարդիկ պիտի ապացուցեն, թե Արմենս կապ ունի՞: Ինչո՞ւ են նախաքննությունը դեռ չավարտած՝ մեղադրանքներ կարդում, ի՞նչ իրավունքով: Երբ «27»-ի համար իրեն դիմեցինք՝ ասաց, թե նախաքննությանը չի կարելի խառնվել: Բա հիմա ինչո՞ւ են խառնվում, ինչո՞ւ են հեռուստատեսությամբ շոուներ սարքում: Դա օրենքի խախտում է»: Ռոբերտ Քոչարյան. «Որոշում կայացնողը դատախազությունն է, դատարանն է, եւ այդ առումով՝ բոլոր բողոքները, հասցեի առումով, ճիշտ չեն ուղղված»: Գրետա Սարգսյան. «Ոչ դատախազությունն է պատասխանել մեր ուղերձին, ոչ էլ արդարադատության նախարարությունը: Դա չի նշանակում, որ ինքն այսպես անտարբերությամբ պիտի վերաբերվի այս կանանց: Ոսկու գործարան է գնում՝ թող գար այստեղ: Քաղաքավարություն ունենար՝ եթե ինքը չի բարեհաճում հանդիպել ցուցարարներին՝ գոնե մեկին ուղարկեր, հրավիրեր ներս, ասեր՝ թող գան, տեսնեմ՝ ի՞նչ է իրենց պահանջը: Ես նրան կբացատրեի՝ ինքն էլ թող ինձ բացատրեր: Եթե նախագահը լիներ Դեմիրճյանը կամ մեկ ուրիշը՝ դուրս կգար, իր ժողովրդի հետ կխոսեր: Դեռ ասում է, թե սիրում է ժողովրդին… Գոնե թույլ տան՝ տանեմ-բուժեմ՝ էլի թող հարցաքննեն ու ինչ ասում են՝ ասեն: Ջհանդա՛մն ասեն՝ մենակ կարողանամ երեխայիս բուժել, որ էլի ջերմություն ունի: Թոքաբորբով տառապողին մենախո՞ւց են տանում: Այդքան անգութ են, գոնե ինձ չեն խղճում, այդքան մարդկություն չունեն: Անգամ եթե այդպես էլ լիներ՝ իր թիկնապահին կարելի էր ազատել, իսկ Արմենի խափանման միջոցը չէ՞ր կարելի փոխել»: Ռոբերտ Քոչարյան. «Տվյալ դեպքում՝ այդ ընտանիքն առաջին հերթին ինքը պետք է մտածեր, որ նաեւ բարոյական պատասխանատվություն է կրում երկրի եւ ժողովրդի առջեւ: Եվ մասնակից լինել ծանր հանցագործությանը, առաջին հերթին՝ անհարգալից վերաբերմունք էր երկրի նկատմամբ եւ հենց Վազգեն Սարգսյանի հիշատակի նկատմամբ: Բայց, իհարկե, վերջնական վճիռը դատարանինն է, եւ այստեղ որեւէ միջամտության ո՛չ իրավունք, ո՛չ ցանկություն ես չունեմ»: Գրետա Սարգսյան. «Թող ինքը երբեւէ չհամարձակվի՛ կպնել Վազգեն Սարգսյանի հեղինակությանն ու հիշատակին: Վազգեն Սարգսյանի հեղինակությունը կա, եղել է ու պիտի մնա, քանի որ ժողովուրդն է գնահատում նրան, ո՛չ ինքը: Իմ երեխաներն այս սպանության պատվիրատուն չեն. ուղղակի նա սովոր է սադրանքներ կազմակերպել, կեղծ վկաներ բերել՝ ինչպես Մուշեղ Սաղաթելյանի վրա բերեցին: Նրան ենթակա Ազգային անվտանգության, ներքին գործերի եւ դատախազության ձեռագրին բոլորս էլ ծանոթ ենք»: Ռոբերտ Քոչարյան. «Չեմ կարծում, որ եթե Վազգեն Սարգսյանն այսօր այստեղ կանգնած լիներ, գոհ լիներ այս գործընթացներից։ Կարծում եմ, ճիշտ հակառակը՝ նաեւ սեփական ընտանիքի նկատմամբ արձագանքը շատ խիստ կլիներ»։ Գրետա Սարգսյան. «Ա՛յ, հենց մեր ցավը դա է, որ Վազգենը միշտ այդպես շատ խիստ էր վերաբերվում, երեխաներս այն ժամանակ կաղապարված էին ապրում, որ հանկարծ մի բիծ չլինի մեր ընտանիքի վրա: Եվ նրանք այժմ այսպես ձեռք են բարձրացնում այս ընտանիքի վրա: Վազգենը միշտ արդարությունը, ճշմարտությունն էր պաշտպանում, պետականորեն մտածում՝ դրանից իրենք էին օգտվում եւ հիմա կարող են ամեն տեսակ ճնշո՞ւմ գործադրել մեր վրա… Եթե այն ոգեւորությամբ, ինչով նա հետամուտ եղավ Տիգրան Նաղդալյանի սպանության գործին, հետեւեր նաեւ «27»-ին՝ այն կբացահայտվեր 5 օր հետո, 1999-ի նոյեմբերին: Իսկ նա մատների արանքով նայեց, ոչ մի հայտարարություն չարեց, ոչ մի հարցի պատասխան չտվեց… Հիմա էլ իր համար հանգիստ վայելում է, հա՞, «27»-ը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ