ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ «Առավոտը» դեռ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի նախաքննության ժամանակ է առիթ ունեցել գրելու, որ իշխանամետ մի ԶԼՄ վերածվել է ՀՀ գլխավոր դատախազության խոսափողի: Այդ կարծիքը, հաստատվելու միտում ունի, որովհետեւ այսօր էլ այդ լրատվամիջոցը շարունակում է ՀՀ գլխավոր դատախազության «պասով»՝ խախտելով ՀՀ «Քրեադատավարական օրենսգիրքը», նախաքննական ու չակերտավորված ցուցմունքներ հրապարակել: Հասկանալի է, որ Տ.Նաղդալյանի սպանության մեղադրանքն ու պատասխանատվությունը իշխանություններից հեռու պահելու համար կենսական անհրաժեշտություն է՝ այն բարդել ընդդիմության ու մասնավորապես՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի վրա: Հասարակական կարծիք ստեղծելն այս գործում կարեւոր պայման է: Հարցն այն է, որ տվյալ դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը խախտում է ոչ միայն նախաքննության գաղտնիությունը, այլեւ՝ անմեղության կանխավարկածը: Մինչ օրս Տ.Նաղդալյանի սպանության գործով երկու կալանվածի՝ Լեւոն Հարությունյանի եւ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի», ցուցմունքներն են հրապարակվում, մինչդեռ ավելի վաղ կալանված 5 ղարաբաղցիների, այդ թվում՝ սպանությունն անմիջապես իրականացրած Ջոն Հարությունյանի մասին ոչ մի մանրամասնություն չի հաղորդվում, չեն հրապարակվում նաեւ նրանց ցուցմունքները, դեմքերն Հանրային հեռուստատեսությամբ ցույց չեն տրվում: Միաժամանակ Գլխավոր դատախազությունում Արմեն Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանից ստորագրություն են վերցնում նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին: Նրա դիտարկմամբ՝ «ստացվում է, որ նախաքննական մարմինը հրապարակում է նախաքննության տվյալները, ստեղծում է հասարակական կարծիք, եւ ինձ էլ արգելում է նույնն անել՝ ասել այն, ինչ ես կարող եմ ասել եւ ինձ թույլ կտամ ասել՝ դրանով եւս հասարակական կարծիք ստեղծելու համար: Այս պահվածքն ինձ, մեղմ ասած, անհասկանալի է: Անմեղության կանխավարկածը տվյալ դեպքում անտեսվել է, եւ ամբողջ հանրապետությունով մեկ Արմեն Սարգսյանը ներկայացվում է որպես հանցագործության կատարման մեջ մեղավոր անձ, դրա «ապացույցները» հեռուստաեթերով ներկայացվում են ժողովրդին: Ի՞նչ ապացույցի մասին է խոսքը, որի մասին ոչ թե տվյալ անձը, այլ հաղորդավարն է խոսում: Այս ձեւո՞վ են ուզում կարծիք ստեղծել: Այսքանից հետո ես կարո՞ղ եմ լռել, ես իրավունք ունե՞մ լռելու: Գուցե ես է՞լ իմ հերթին մտածեմ հասարակական կարծիք ստեղծելու մասին: Թե չէ ստացվում է՝ իրենց կարելի է, ինձ՝ ոչ: Կողմերի հավասարությունը «Քրդատօր»-ի պահանջն է»: Ի դեպ, այս թեմայով իշխանամետ մամուլում հնչող մեկնաբանությունների ու որակումների մասին: Կարծում ենք, բարոյական չէ, երբ իշխանությունն ու նրա քարոզչամիջոցներն իրենց թույլ են տալիս որպես «ոռնոց բարձրացնել» կամ «հիստերիա» որակել ընդդիմության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի եղբոր դեմ գործ թխելու, այդ գործով նրա անմեղության մասին հայտարարություններ անողներին, նրա իրավունքները պաշտպանողներին՝ այն դեպքում, երբ «Հոկտեմբերի 27»-ից հետո Նաիրի Հունանյանի եւ մյուսների ցուցմունքների հիման վրա ձերբակալված Ալեքսան Հարությունյանի ու Հարություն Հարությունյանի անմեղությունը շեփորողները նույնպիսի «ոռնոց» ու «հիստերիա» էին բարձրացրել վերջիններիս կալանավորումից ի վեր: Ընդ որում, դա արվում էր ոչ միայն իշխանական մամուլով, այլեւ «Հ1»-ով: Դե, եթե նրանք շատ համբերատար, դատախազության, դատական համակարգի անաչառությանն այդքան հավատացող ու վստահող մարդիկ էին, թող այն ժամանակ էլ աղմուկ չբարձրացնեին, սպասեին նախաքննության ավարտին ու դատաքննության ընթացքին, չշահարկեին, թե Զինդատախազությունն ուղղորդված քննություն է տանում, երբ ուղղակի ցուցմունքների հիման վրա ձերբակալում է իրենց յուրայիններին: Ետ դառնանք Ռ.Գրիգորյանի հետ մեր զրույցին: Նա առանց մանրամասնելու փաստեց, որ Ա.Սարգսյանի դեմ «միայն մեկ հոգու ցուցմունք կա. մյուսներինն անուղղակի ապացույցներ են»: Երբ մենք վկայակոչեցինք «Հ1»-ին եւ մամուլի մի միջոցի, որոնց տված տեղեկություններով Ա.Սարգսյանի դեմ համանման ցուցմունք է տվել, նաեւ առերես պնդել է ոչ միայն «Ապերը», այլեւ հենց Սարգսյանի սանահայր Լ.Հարությունյանը, պրն Գրիգորյանը նկատեց. «Ես վստահաբար կարող եմ ասել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Իմ պաշտպանյալին որպես մեղադրյալ գործում ներգրավելու որոշում կայացնելու պահին, եթե նման ցուցմունքներ լինեին, ապա պետք է լինեին նաեւ առերեսումներ այդ ցուցմունքների հեղինակների հետ, հարցաքննություններ լինեին այդ հանգամանքների շուրջ, որից հետո միայն կարելի էր հետեւություններ անել եւ որոշում կայացնել: Իրականում այդպիսի ցուցմունքներ տվողներն առերես չեն հարցաքննվել իմ պաշտպանյալի հետ: Լ.Հարությունյանն ու իմ պաշտպանյալը առերեսվել են, երբ Ա.Սարգսյանը վկա էր, եւ առերես հարցաքննությունն էլ նրանց ցուցմունքներում առկա հակասությունների շուրջ է եղել՝ միանգամայն այլ թեմայով: Կալանավորվելուց հետո առերես հարցաքննություն չի եղել, Լ.Հարությունյանն էլ առավել եւս ցուցմունք չի տվել եւ չի պնդել է, որ Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուն Ա.Սարգսյանն է: Իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրելուց ի վեր չեն առերեսել նրա դեմ նման ցուցմունք տված «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանի հետ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ