Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիտայա նետու սաբակա»

Մարտ 19,2003 00:00

«Կիտայա նետու սաբակա» Վաղ առավոտյան՝ 7-7.30-ի սահմաններում տուն վերադառնալիս Աշոտ Պողոսյանը (այդպես ներկայացավ) նկատել էր, թե ինչպես է Հանրապետության հրապարակի շրջակայքում մի չինացի շվշվացնելով թափառական շանն իր հետեւից տանում։ «Ես իսկույն կասկածեցի, որ մի բան այն չէ, դրա համար էլ սկսեցի հետեւել «կենդանասեր» օտարերկրացուն»,- ասաց Ա. Պողոսյանը։ Աբովյան փողոցում գտնվող փոքրիկ չինական ռեստորանի մոտ չինացու «շնասիրությունը» յուրօրինակ հանգուցալուծում էր ստացել. Ա. Պողոսյանը տեսել էր, թե ինչպես են վերջինիս ազգակիցները բռնում շանը, որպեսզի մորթեն. «Աղմուկ բարձրացրի, մի հատ էլ հայհոյանք տվեցի ու շանը փրկեցի։ Ասացի, որ մեր երկրում նման բաներն ընդունված չեն։ Անգլերենով սպառնացի, որ «պոլից» կդիմեմ»։ Կատարվածի մասին քաղաքացին տեղյակ էր պահել նաեւ շրջակա հիմնարկություններին՝ «Ավիատրանս» հյուրանոցի, կոնյակի խանութի, «Երեւան» հյուրանոցի իրեն պատահած աշխատակիցներին, ինչպես նաեւ ահազանգել Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքային բաժին։ Մասնաճյուղի բժիշկ Մարիետա Հախվերդյանը հաստատեց, որ թեեւ իրենք նման ահազանգ ստացել են, սակայն առայժմ չեն կարող համապատասխան ստուգումներ անցկացնել տվյալ ռեստորանում՝ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վերակազմակերպման (հետեւաբար՝ կնիք չունենալու) պատճառով։ Չինական ռեստորանի աշխատակիցներին մեր այցելությունը չզարմացրեց, սակայն նրանք՝ մատուցողուհուց սկսած, սկսեցին հերքել կատարվածը։ Տնօրենը՝ Նունե Ստեփանյանը, շան «պատմության» մասին խմբագրություն ահազանգողին անվանեց հոգեկան անառողջ վիճակում գտնվող մարդ, հետո էլ ավելացրեց. «Նա ի՞նչ գիտեր, շանը մորթել ցանկացողները չինացինե՞ր են, վիետնամցինե՞ր, թե՞ ճապոնացիներ»։ Նրան իր չինահունչ ռուսերենով լրացրեց չինացի գործընկերը՝ Ձյան Շյան Յուն. «Կիտայա նետու սաբակա, Կիտայա սաբակա հո։ Կորեան, Վիետնամա եստ սաբակա»։ Ա. Պողոսյանը կասկածներ ունի, որ իր տեսածը եզակի դեպք չէ եւ գուցե չինական ռեստորանի «մենյու»-ում էլի են հայտնվել փողոցային շների մսով «դելիկատեսներ»։ Դեմ չենք, որ շան մսից պատրաստված արեւելյան նրբահամ խորտիկներն էլ ունեն համապատասխան «էլեկտորատ», եթե, իհարկե, պատրաստված են հատուկ այդ նպատակով աճեցված կենդանիներից, ոչ թե փողոցներում թափառող նրանց ցեղակիցներից։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել