Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

Մարտ 19,2003 00:00

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ Ու էլ այստեղ չզանգեք Քաղաքապետարանի կրթության վարչությունը սովորույթի ուժով շարունակում է պաշտպանել դպրոցներին ու տնօրեններին, երբ նրանց հետ կապված որեւէ ապօրինություն կամ կեղծիք ես մատնանշում: Նույնիսկ եթե դրանք խիստ ակնհայտ են կամ ապացուցված: Թերթերում հրապարակված անթիվ ընտրակեղծիքների դեպքերին (որոնց անմիջական մասնակցություն ունեին նաեւ դպրոցների տնօրենները, որ տեղերում հանձնաժողովի նախագահներ էին) կրթության վարչությունն «անտեղյակ է»: Որովհետեւ ինքը «ապաքաղաքական կառույց է»: Ավելին, այս կառույցը տնօրեններին ընտրություններից առաջ հանձնարարել է չխառնվել քաղաքականությանը: Իսկ ինչո՞ւ այս կառույցը չէր հանձնարարում տնօրեններին՝ թույլ չտալ քարոզարշավի մեջ ներքաշել ցածր դասարանի երեխաներին, որոնք տրորվելով ամբոխի մեջ, դրոշակներ էին թափահարում՝ մոռացած իրենց դասերի մասին: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններն այդպես էլ կրթության վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանից չստացանք: Փոխարենը մեզ այլմոլորակային զգացինք վերջինիս հերքումները լսելով, թե նման բան չկա, թերթերը ստում են, տնօրեններն անմեղ են, երեխաների ուշքնումիտքը միայն իրենց դասերն են… Ս. Աչոյանն անգամ փորձում էր համոզել, որ խմբագրությունը նման հրապարակումների վերաբերյալ հերքումներ է ստացել ու չի տպել: Հավաստիացնում ենք, որ որեւէ հերքում որեւէ դպրոցից մենք չենք ստացել: Ավելին, մարտի 6-ին «Առավոտ»-ում հրապարակվել է լուր այն մասին, որ դպրոցներից մեկի տնօրենը, լինելով ընտրական հանձնաժողովի նախագահ, փոշմանել էր ընտրությունների օրը արկղի մեջ քվեաթերթիկներ լցնելու իր քայլի համար եւ խոստովանել է իր մեղքը: «Մարդ է, գանգատվել է»,- այս դեպքին էլ պատասխան գտավ տիկին Աչոյանը: Այլ մանրամասներ՝ վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել