Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՉԿԱՅԱՆԱ՞Լ

Մարտ 19,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՉԿԱՅԱՆԱ՞Լ Որքան էլ ասվում է, թե սպորտը քաղաքականության հետ կապ չպետք է ունենա, միեւնույն է, դրանք կամա թե ակամա առնչվում են։ Այսպես, Իրաքի դեմ պատերազմը, եթե այն սկսվի, կարող է բացասաբար անդրադառնալ, մասնավորապես, ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի վրա՝ վտանգելով որոշ հանդիպումների անցկացումը։ Չնայած ՈՒԵՖԱ-ն օրերս հայտարարել է, թե հնարավոր պատերազմը չի խոչընդոտի «Եվրո- 2004»-ի խաղերի կազմակերպմանը, եւ մարտ ամսին նշանակված բոլոր հանդիպումները կկայանան, բայց նաեւ հավելել է, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը հետեւում է աշխարհում իրադարձությունների զարգացմանը եւ արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում պատրաստ է համապատասխան միջոցներ կիրառել։ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Մայք Լին ասել է. «Մենք կոնսուլտացիաներ ենք անցկացրել անվտանգության ծառայությունների հետ, որոնք հանդիպումների ընթացքում կապահովեն պատշաճ կարգուկանոն։ Հուսով եմ, որ բոլոր խաղերը կկայանան ըստ օրացուցային պլանի»։ ՈՒԵՖԱ-ի այս լավատեսությունը ոգեւորում է նախեւառաջ ֆուտբոլասերներին։ Սակայն ազգային ֆեդերացիաներն ու հավաքականները դեռ երկմտանքի մեջ են։ Մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայի ընտրանին չի բառացում, որ պատերազմ սկսվելու դեպքում կարող է նաեւ հրաժարվել Հայաստան մեկնելուց, որտեղ մարտի 29-ին «Հանրապետական» ստադիոնում պետք է հյուրընկալվի Հայաստանի ազգային հավաքականին։ «The Belfast Telegraph» թերթը տպագրել է Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դեւիդ Բոուենի հայտարարությունն այն մասին, որ իրենք ներկայումս այդ հարցը քննարկում են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության եւ ՈՒԵՖԱ-ի հետ եւ հետեւելու են նրանց խորհուրդ-հանձնարարականներին։ Թերթն ավելացնում է նաեւ, որ Երեւանից Իրաք ընդամենը մեկ ժամվա թռիչքի ճանապարհ է։ Այնպես որ, դա հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, իրենց հավաքականի՝ Երեւան մեկնելու նպատակահարմարության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ափսոս կլինի, եթե հյուսիսիռլանդացիներն, այնուամենայնիվ, հրաժարվեն Հայաստան գալուց։ Մենք այնքան երկար ու անհամբեր ենք սպասել այդ հանդիպմանը։ Հուսանք ու հավատանք, որ Հայաստանի ԱԳՆ-ն կկարողանա Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի իր գործընկերներին հիմնավոր փաստեր ներկայացնել, որ մեր երկիրն, այնուամենայնիվ, դուրս է տարածաշրջանի վտանգավոր գոտուց, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ «համապատասխան միջոցներ կիրառելու» անհրաժեշտություն չի ունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել