Ստաշեւսկու նոր «կարգավիճակը» Այս օրերին Երեւանում էր գտնվում ռուսական էստրադայի աստղ Վլադ Ստաշեւսկին, որը բացառության կարգով միայն «Առավոտին» հարցազրույց տվեց։ Վերջինս Երեւան պետք է ժամաներ դեռ նախորդ շաբաթվա սկզբին, սակայն ասաց, որ «չնախատեսված այց կատարեցի Ղազախստան, այնուհետեւ վերադարձա Մոսկվա եւ մասնակցեցի Բորիս Մոիսեեւի ծննդյան տոնակատարությանը, որից հետո նոր հնարավոր եղավ իրականացնել իմ այցը Հայաստանի մայրաքաղաք»։ Երգիչն այստեղ պայմանագրեր է կնքել «Աստղեր» համերգային գործակալության հետ, որի հրավերով էլ ժամանել էր։ Կնքված պայմանագրերի համաձայն, վերոհիշյալ ընկերությունը պետք է հրապարակի եւ Հայաստանի ողջ տարածքով տարածի Ստաշեւսկու լուսանկարով օրացույցեր, հայկական հեռուստառադիոընկերություններին տրամադրի վերջինիս նոր ձայնագրությունները, իսկ Ստաշեւսկին ռուսական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կգովազդի հայ-ռուսական համատեղ այս ընկերության կազմակերպելիք համերգները, որոնք մշտապես կայանում են ՌԴ-ում։ Երգիչը տեղեկացրեց, որ «վերջին շրջանում ինքը մի շարք նոր երգեր է ձայնագրել, սակայն դրանք այդպես էլ հիթեր չեն դարձել, անգամ 2002-ին տեսահոլովակում էլ է նկարահանվել, սակայն «Ծձի TV»-ն այդ կլիպը ընդամենը մեկ-երկու անգամ ցուցադրեց», այնուհետեւ ավելացրեց. «Թեեւ «Ծձի TV»-ն եթե ցուցադրեր էլ, ապա այդ երգը միայն ԱՊՀ տարածքում կճանաչվեր, ինչը ինձ չի գոհացնում։ Բնականաբար, յուրաքանչյուրս երազում ենք, որ մեզ ցուցադրեն գլխավոր հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են աշխարհի բազմաթիվ երկրներում»։ Պարզվում է, սակայն, որ գլխավոր հեռուստաալիքներով երեւալը չափազանց դժվար է, թանկ հաճույք եւ «բախտի բան», քանզի, Ստաշեւսկու հավաստմամբ, OPT եւ «Ռոսիա» հեռուստաալիքները ցուցադրում են երկար տարիների բեմական փորձ ունեցող աստղերի համերգները, նաեւ պաշտոնական համերգները, որոնց ինձ եւ մի շարք հայտնի երգիչների չեն հրավիրում, օրինակ «MBD»-ի 200 եւ «թՈջտՐՏՎ»-ի 10-ամյակին նվիրված համերգները, որոնց մասնակցում էին հիմնականում ամենաթանկարժեք աստղերը, սակայն լավ է, որ գոնե այդ համերգներից մեկին մասնակցեցին նաեւ Շուֆուտինսկին եւ Ուսպենսկայան»։ Վլադը հայտնեց, որ «ասպարեզում չերեւացողների շարքում են հայտնվել Ռասպուտինան, Պոնարովսկայան, Շուֆուտինսկին, Ուսպենսկայան, Չերնիկովան, Սերովը, Շուրան եւ շատ- շատերը: Տեսեք, Գուբինը տարին չորս-հինգ տեսահոլովակ է նկարահանում, սակայն պետական եւ ոչ մի համերգի չի հրավիրվում։ Ընդհանրապես, կարեւորագույն համերգներին մասնակցում են նրանք, ովքեր վերջին շրջանում ոչ մի տեսահոլովակ չեն պատրաստել, փոխարենը արժանանում են ժողովրդի բուռն ընդունելությանը»։ Երգչի հավաստմամբ, ինքը ընկերների՝ Կատյա Լելի, «Ագաթա Քրիստի» խմբի եւ այլ երգիչների հետ միասին ստեղծել է նոր միություն, որն էլ համերգներով հանդես կգա ՌԴ-ի ողջ տարածքում եւ արտերկրում, իսկ ստացված գումարը կտրամադրվի Սանկտ Պետերբուրգի ծերանոցներին, մանկատներին, բանտերում գտնվող կանանց ու դեռահասներին, քաղաքի կենտրոնում էլ կտեղադրվի խաղաղությունը խորհրդանշող աղավնու քանդակը։ Այս ամենը կապված է ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքի 300-ամյակի հետ։ Շուտով հենց Պետերբուրգում էլ կնկարահանվի Վ. Ստաշեւսկու նոր տեսահոլովակը, անընդհատ հետաձգվում է նրա նոր ալբոմի թողարկումը, բայց չնայած դրան, երգիչը գտնում է, որ «ավելի լավ է այս կարգավիճակով, դժվարությամբ առաջ ընթանալ, քան ցածրարժեք երգեր երգել, ինչպես դա արեց Տանյա Բուլանովան, նաեւ «Ռուկի վերխ», «Իվանուշկի» եւ շատ այլ խմբեր, որոնք երգում են տասը-տասներկու տարեկանների համար, արժեզրկում են ե՛ւ իրենց, ե՛ւ մեր էստրադան, նրանց առաջնորդողները ռադիոն եւ «Ծձի TV»-ն են, որոնց լսարանը բաղկացած է հիմնականում դեռահասներից»։ Ստաշեւսկին խոստովանեց, որ «սիրում է լավ երաժշտություն, հարգում է լավ քննադատներին, չի սիրում խոհանոցում զբաղվել ճաշ պատրաստելով, բայց եթե ցանկանում է, ապա շատ համեղ է պատրաստում, հատկապես՝ ձկից, բազուկից, ընկույզից, սխտորից եւ մակարոնից բաղկացած իր ամենասիրելի ապուրը»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ