ՔՎԵԱՏՈՒՓ ԿՆՔԵԼԸ «ՍՈՒՐԲ ԳՈՐԾ» Է, ԻՍԿ ԼՑՈՆԵ՞ԼԸ… Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունը։ Նա պահանջում է անվավեր ճանաչել 2-րդ փուլ անցկացնելու մասին ԿԸՀ-ի որոշումները եւ արդյունքները։ Իրենց դիրքերն ուժեղացրեց ԿԸՀ-ն՝ իր 2 ներկայացուցիչները համալրելով եւս մեկով՝ Արմեն Սինանյանով։ Ստացվեց, որ 3-ական ներկայացուցիչ ունի «Գեղամյանական» թեւը՝ Ռուբեն Հովհաննիսյան, Եղիշ Հովհաննիսյան եւ Ալեքսան Կարապետյան, եւ 3-ական էլ «Սահրադյանականները»՝ Գեւորգ Ներսիսյան, Նունե Հովհաննիսյան եւ Արմեն Սինանյան։ Հավասարությունն այն աստիճան էր ՍԴ-ն ապահովել, որ երբ դիմող կողմին ջուր մատուցվեց, առաջարկվեց մի բաժակ էլ մատուցել պատասխանողին։ Ափսոս, որ դիմող կողմը արագ խմեց այն. պատճառը «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումները հիշատակելն էր։ Համաձայն ապացույցների հետազոտման հաստատված կարգի, դիմող կողմին հարցեր էր տալիս պատասխանողը։ ԿԸՀ ներկայացուցիչ Գեւորգ Ներսիսյանը հոդված առ հոդված ընթերցում էր ԸՕ-ն եւ սառնասրտորեն հարցնում. փաստեր ունե՞ք։ Ըստ դիմող կողմի, խախտվել էր քաղաքացիների «գաղտնի, ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքը», հավասար հիմունքներով ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Չէր ապահովվել վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, չէր ստեղծվել անհրաժեշտ եւ հավասար պայմաններ։ Ռ. Հովհաննիսյանը որպես օրինակ բերեց «Շանթ» հեռուստաընկերության օպերատորի տեսախցիկի ջարդելը, 04/08 ընտրական տեղամասում Գեղամյանի վստահված անձին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց զրկելը։ Ինչ վերաբերում էր ԸՕ հոդված 7-ի 4-րդ կետին (հանրապետության նախագահի ընտրություններից 3 օր առաջ ԿԸՀ-ն հրապարակում է ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը), դիմողի ներկայացուցիչը հայտնեց, որ 100 քաղաքացիների անվան դիմաց գրված է եղել «այլ քաղաքացիներ» բառակապակցությունը։ Մի ուշագրավ փաստ էլ ներկայացրեց դիմող կողմը՝ կապված վերոնշյալ հոդվածի 7-րդ կետի հետ. ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես քվեարկության ամբողջ ընթացքում, տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչները։ Սա՝ օրենքով սահմանված կարգով։ Իսկ իրականում, ինչպես դիմող Ռ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, Բերդում ՆԳ աշխատակիցները մասնակցել են նիստի աշխատանքներին։ Դիմումատուն այնքան հոգնեց փաստ առ փաստ շարադրելուց, որ առաջարկեց. «Ես էլ եմ վատ զգում։ Ցանկալի է նիստից հետո քննարկենք»։ Ստացվեց այսպես. քննարկում ենք միասին, հանդիպում առանձի՞ն։ Այս տարօրինակ ցանկությանը հետեւեց ՍԴ նախագահի ռեպլիկը. «Կարող էիք մինչ այս անել։ Ուզում ենք իմանալ. ի՞նչ եք ուզում»։ Դիմումատուին իր սառը հարցադրումներով ուզում էր «հունից հանել» ԿԸՀ-ի ներկայացուցիչը (մարտավարություն է երեւի). «Ունե՞ք փաստեր, որ խախտվել է ընտրողների ընտրելու իրավունքը» կամ «քաղաքացիները մասնակցել են հավասարության սկզբունքով։ Ի՞նչ անհավասարություն է եղել», «Ունե՞ք փաստ, որ քաղաքացուն առաջարկել են կաշառք վերցնել եւ նա չի վերցրել»։ Հարգարժան ԿԸՀ-ականի որոշ հարցադրումների պատասխանները հավանաբար կարող էին ստանալ հետաքննչական մարմինները՝ ժամանակին արձագանքելով ԶԼՄ-ներում տպագրված հրապարակումներին։ Հասանք նաեւ 49 հոդվածի պահանջների խախտման քննարկմանը։ Ըստ այդ հոդվածի, քվեաթերթիկի, քվեատուփի եւ ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները կնքված չեն եղել։ Խոսք գնաց հատկապես քվեատուփերի չկնքման մասին, ինչը դիմումատուի կարծիքով՝ «քվեատուփ կնքելը սուրբ գործ է»։ Ցանկացած կնքում-կնունք սուրբ գործ է։ Սակայն առավել սուրբ գործ է, թե ո՞վ է կնքում այն։ Մեր տպավորությամբ, ՍԴ-ին փորձ է արվում իրավական դաշտից դուրս բերել քրեա… քաղաքական դաշտ։ Այսօր, ժամը 14-ին կշարունակվի ընտրական ծեսի այլ մանրամասների ունկնդրումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ