Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉԵԱԼՔ

Մարտ 19,2003 00:00

ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉԵԱԼՔ Ուսումնասիրելով խորհրդարանական տեղերի հավակնորդների մեծամասնական եւ համամասնական ցուցակները՝ կարելի է նկատել բազմաթիվ ուշագրավ օրինաչափություններ: Դաշինքների փլուզումը Արդեն իսկ ակնհայտ է, որ չկայացավ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքը: Հիշեցնենք՝ անցած տարվա աշնանն «Ազգային միաբանությունը», Հայկոմկուսը եւ «Սոցիալիստական Հայաստանը»՝ ստեղծելով այս դաշինքը, հայտարարեցին, թե նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար: Նախագահի ընտրության առաջին փուլում նրանք իրոք միասնական էին՝ պաշտպանեցին Արտաշես Գեղամյանին: Այժմ «Ազգային միաբանությունն» ու ՀԿԿ-ն ներկայացրել են իրենց առանձին ցուցակները: Իսկ «Սոցիալիստական Հայաստանն» իր հերթին է տարրալուծվել: Այդ դաշինքի որոշ ներկայացուցիչներ Ստեփան Դեմիրճյանի «Արդարություն» դաշինքում են, որոշները՝ Մանուկ Գասպարյանի գլխավորած «Ազատ արդար Հայաստան» դաշինքում, որի 17 հոգիանոց համամասնական ցուցակում Հայաստանի կոմունիստների միության ու Հայաստանի մարքսիստական կուսակցության ներկայացուցիչների անուններն են: Իսկ «Սոցիալիստական Հայաստանի» մի բեկորը՝ հանձին Գառնիկ Մարգարյանին մնացած «Հայրենիք եւ պատիվ» կազմակերպության, ընդհանրապես է բոյկոտում ընտրությունները: Չկայացավ նաեւ «Արժանապատիվ ապագայի», ԺԴԿ-ի եւ «Հզոր Հայրենիքի» նախապես հայտարարված դաշինքը՝ վերջինիս պատճառով: «Հզոր Հայրենիքը» բանակցությունների ավարտին նախընտրեց հանդես գալ առանձին: Այս մի չկայացած դաշինքից մնաց միայն «Արժանապատվություն, Ժողովրդավարություն, Հայրենիք» անվանումը, որ կազմվել էր այդ երեք կուսակցությունների անունների առանձին մասերի համակցումից: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, որ ԺԴԿ հիմնադիրներից էր եւ ԺԴԿ վարչության նախագահ Գագիկ Ասլանյանի տեղակալը, այժմ ՀՀԿ ցուցակում 32-րդն է ու հանդես է գալիս իբրեւ անկուսակցական: Տեսնես՝ ի՞նչ սեւ կատու է անցել ՀԺԿ-ից միասին դուրս եկած այս գործիչների միջեւ: Նախկինների ականջները Թեեւ նախարարներ Անդրանիկ Մանուկյանն ու Վարդան Այվազյանը սեփական կուսակցություններն ունեն՝ նրանք երկուսն էլ ընդգրկված են ՀՀԿ ցուցակում իբրեւ անկուսակցականներ: Եթե պրն Մանուկյանի պարագայում սա դեռ հասկանալի է՝ «Համերաշխությունը» չհասցրեց գրանցվել արդարադատության նախարարությունում, անհասկանալի է՝ ի՞նչ եղավ պրն Այվազյանի «Կայունությունը»: Այս երկու անձինք էլ ընդգրկված էին նաեւ 1995-ի «Հանրապետություն» դաշինքի համամասնական ցուցակում, ընդ որում՝ եթե Անդրանիկ Մանուկյանը դեռ անկուսակցական էր, Վարդան Այվազյանը նաեւ ՀՀՇ անդամ էր: Եվ ընդհանրապես՝ «Հանրապետության» եւ «Հանրապետականի» ցուցակներում ընդհանրությունները շատ են: Նախ սկզբունքն է նույնը՝ ընդգրկված են կառավարության բազմաթիվ անդամներ: Սակայն ներկայացնենք այն անունները, որ կան ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՀՇ-ի կազմած դաշինքի ցուցակներում. Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Վարդան Խաչատրյան, Ռազմիկ Մարտիրոսյան, Դավիթ Զադոյան (նա այժմ Հանրապետական է, իսկ 1995-ին ՀՀՇ անդամ էր), Հրանուշ Հակոբյան, Ալեքսան Հակոբյան (այժմ անկուսակցական, նախկինում նույնպես ՀՀՇ անդամ), Հարություն Ղարագյոզյան, Արարատ Խրիմյան (նա նույնպես այժմ Հանրապետական է, իսկ 1995-ին ՀՀՇ անդամ էր), Վահագն Հակոբյան (Գեղարքունիքի մարզպետը, այժմ ՀՀԿ անդամ է, իսկ 1995-ին ՀՀՇ-ից էր): Նշենք, որ մեջբերել ենք միայն նրանց անունները, ովքեր նախկինում «Հանրապետություն» խմբակցության անդամներ էին: ՀՀԿ ցուցակում այժմ կան նաեւ մի քանիսը, որ 1995-ին այդ դաշինքի ցուցակում էին, սակայն չդարձան պատգամավոր: Այնպես որ՝ ՀՀԿ ցուցակի մի մասի վերաբերյալ իրավամբ կարելի է ասել, թե նորն այնքան էլ լավ չմոռացված հինն է: ԱԺՄ-ից ու ՀԺԿ-ից հետո ՀՀԿ-ում հանգրվանած Ֆիլարետ Բերիկյանը եւ Արմեն Հակոբյանը ցուցակի համապատասխանաբար 41-րդ եւ 42-րդ տեղերում են: Ի դեպ, ՀՀԿ ցուցակում 28-րդը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայրն է՝ «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը: Նշենք նաեւ, որ ՀՅԴ-ի համեմատ՝ ՀՀԿ ցանկում մեծահարուստներն անհամեմատ քիչ են՝ կարելի է առանձնացնել «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանին, «Երեւանի գարեջուր» ընկերության նախագահ Աշոտ Բաղդասարյանին եւ… կարծես, վերջ: Չկա նախկին էնտուզիազմը Եվ բոլոր այդ անձինք, ովքեր նախկինում զանազան միջամտությունների դիմելով եւ կուսակցությանն իբր հավատարմորեն ծառայելով փորձում էին խցկվել իշխող կուսակցության ցուցակ՝ հիմա, ինչպես օձը դաղձի թփից՝ կփախչեն ՀՀՇ անվանումից: Այս կուսակցության համամասնական ցանկում չկա անգամ «Արմատի» ղեկավար Բաբկեն Արարքցյանը: ՀՀՇ վարչության նախկին նախագահ Տեր-Հուսիկ Լազարյանը ցանկում չկա, բայց Սեւանի թիվ 33 ընտրատարածքում առաջադրված 15 թեկնածուներից մեկն է: Իսկ Արթիկի թիվ 50 ընտրատարածքում անգամ ՀՀՇ անդամ միաժամանակ 2 թեկնածու է առաջադրվել՝ Սերյոժա Բաբոյանն ու Արթուր Պողոսյանը: Մրցակցում են իշխանամետները Հիշեցնենք, որ մինչեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումները՝ Ռոբերտ Քոչարյանին սատարող կուսակցությունները փորձում էին պայմանավորվել միմյանց չխանգարելու վերաբերյալ: Դատելով առաջադրումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների տեղեկատվությունից՝ բանակցությունները կարելի է համարել լիովին ձախողված: Քանզի գրեթե բոլոր ընտրատարածքներում իշխանամետ կուսակցությունները դարձել են մրցակիցներ: Ասենք՝ թիվ 2-ում մրցակիցներ են ՀՀԿ անդամ Կառլեն Ղազարյանը, ՀԺԱՄ-ից՝ Վահրամ Մկրտչյանը, ՄԱԿ-ից՝ Սեւակ Առաքելյանը: Այստեղ անգամ «Օրինաց երկրի» 2 ներկայացուցիչներ կան՝ Արտակ Ավետիսյանը եւ Հովսեփ Վարդանյանը: «ՕԵ»-ի 2 ներկայացուցիչներ էլ մրցակցում են Իջեւանի թիվ 55 ընտրատարածքում: Ի դեպ, թիվ 36 ընտրատարածքում էլ 2 ՀՀԿ-ականներ են առաջադրվել՝ Վարազդատ Դանիելյանը եւ Արսեն Դարբինյանը: Թիվ 4-ում՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը եւ նորացված կոմունիստ Լեւոն Մազմանյանն են, Մասիսի թիվ 21-ում մրցակցում են 5 քոչարյանամետներ՝ Համահայկական աշխատավորական կուսակցության անդամ Սամվել Սահակյանը, «Հզոր Հայրենիքից»՝ Արարատ Պետրոսյանը, ՄԱԿ-ից՝ Գուրգեն Արսենյանը, «Օրինաց երկրից»՝ Ավետիք Դալլաքյանը եւ ԺԴԿ-ից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արարատի թիվ 25-ում՝ ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը եւ «Օրինաց երկրից»՝ Ազատ Հակոբյանը: Վանաձորի թիվ 38 ընտրատարածքում իշխանամետները յուրատեսակ ռեկորդ են սահմանել՝ 6 թեկնածու առաջադրելով, որոնց մեջ են ՀՌԱԿ-ի, ՀՀԿ-ի, «Հզոր Հայրենիքի», ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» դարձյալ 2 ներկայացուցիչները: Մրցակցում են ընդդիմադիրները Միացյալ ընդդիմութան ներկայացուցիչներն ավելի քիչ են դեմ դիմաց հայտնվել ընտրատարածքներում, բայց այնուամենայնիվ՝ նման օրինակներ էլ կան: Թիվ 5-ում առաջադրվել են ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ԱԺՄ-ական Աղասի Մանուկյանը, թիվ 7-ում՝ ՀԺԿ անդամ Զենիկ Սարգսյանը եւ ԱԺԿ-ական Աշոտ Ավետիսյանը, թիվ 8-ում՝ ՀԺԿ-ն ու ԱԺԿ-ն էլի են դարձել մրցակիցներ՝ Էմմա Խուդաբաշյան եւ Արա Առաքելյան, թիվ 16-ում առաջադրվել են ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, Դեմկուսի անդամ Վանյա Մխիթարյանը եւ ՀԺԿ-ական Ռուբեն Կանդայանը: Մի քանի ընտրատարածքներում ամենամերձավոր դաշնակիցների՝ «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի թեկնածուներն են իրար դեմ հայտնվել՝ այդպես է թիվ 9-ում, որտեղ մրցակցելու են «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Հովհաննես Ահարոնյանը եւ ՀԺԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտակ Սարգսյանը, թիվ 22-ում՝ ՀԺԿ Արտաշատի տարածքային կազմակերպության ղեկավար Արամայիս Բարսեղյանը եւ «Հանրապետությունից»՝ Հուսիկ Բաղդասարյանը, Ալավերդու թիվ 40-ում՝ ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանը եւ «Հանրապետությունից»՝ Էդիկ Աբգարյանը, Չարենցավանի թիվ 43-ում՝ «Հանրապետությունից»՝ Սուրեն Սուրենյանցը եւ ՀԺԿ-ից՝ Սերժիկ Մնացականյանը: Մեզ հայտնի է, որ Միացյալ շտաբը պատրաստվում է մինչեւ թեկնածուների գրանցումը վերացնել նման առաջադրումները եւ թողնել միայն անցողիկ թեկնածուներին: Միակն ու անկրկնելին Ընտրատարածքների մեծամասնությունում առաջադրվել է միջինը 10 թեկնածու, թեեւ, ասենք, թիվ 2-ում առաջադրվել է 18-ը: Բայց այս ընտրություններում ռեկորդը պատկանում է Վարդենիսի թիվ 34 ընտրատարածքին, որտեղ պատգամավորական առանձին վերցրած մեկ մանդատի համար մրցակցելու է 25 հոգի: Անգամ մեծահարուստներին, որոնք, որպես կանոն՝ չեզոքացնում են իրենց ուժեղ մրցակիցներին, չի հաջողվել առաջադրվել միայնակ: Լեւոն Սարգսյանը թիվ 6 ընտրատարածքում ունի 6 մրցակից: Գործարար Սամվել Ալեքսանյանը թիվ 14 ընտրատարածքում ունի 4 մրցակից: Խաչատուր Սուքիասյանը թիվ 15-ում մրցակցելու է 8 հոգու հետ, որոնցից են, ասենք՝ Արշակ Սադոյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանը: Համեմատաբար բարվոք վիճակում է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը, որն ունի միայն 3 մրցակից: Ու նույնիսկ Գագիկ Ծառուկյանն ունի մեկ մրցակից՝ Աբովյանի թիվ 42 ընտրատարածքում նրա դեմ «հանդգնել» է առաջադրվել ՀԺԿ Աբովյանի տարածքային կազմակերպության քարտուղար Սմբատ Եղիազարյանը: Եվ միայն Արշալույսի թիվ 28 ընտրատարածքում է ընդամենը մեկ առաջադրվող, եւ դա նորից գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն է, որն այդպես անմրցակից էր ընտրվել նաեւ այս Ազգային ժողովում: Ինչպես է դա նրան հաջողվում՝ պատմությունը լռում է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել