«Հայաստանի կոմունիստը» կրպակներ չի հասել «Հայաստանի կոմունիստ» շաբաթաթերթի 2003-ի մարտի 18-20 համարը երեկ տպարանից «անհետացել» ու կրպակներ, ուստիեւ՝ իր ընթերցողին չի հասել: Այս համատեքստում մասնավորապես «Առավոտի» հետ կապված նախադեպերը հուշում են, որ անհետացած կամ «կոնֆիսկացված» թերթն ինչ-որ բան «այնպես չէր գրել»: ՀԿԿ անդամ, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանի ասելով, քաղաքացիական հագուստով երկու տղամարդ թերթի տպաքանակն առգրավել են հենց տպարանից: Պատգամավորի դիտարկմամբ, այդ ակցիայի հեղինակները իշխանություններն են: Իսկ «Հայաստանի կոմունիստի» կորած համարում հրապարակված՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ խարդավանքների զո՞հ» վերտառությամբ հոդվածն անդրադարձ էր մարտի 11-ին տեղի ունեցած Կոմկուսի Կենտկոմի 5-րդ պլենումից առաջ տեղի ունեցած բյուրոյի նիստին, ուր պետք է հաստատվեր ԱԺ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը: «Սա բարդ խնդիր է»,- նախապես զգուշացրել էր ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը՝ ավելի ուշ հավելելով, թե այդ ցուցակը կազմելու հարցում «բյուրոն կառաջնորդվի մեր տառապյալ ազգի եւ կուսակցության կենսական շահերով ու կկազմի Կենտկոմի բյուրոյի կողմից ընդունելի ցուցակ»: Նա, ըստ էության, առաջարկել էր՝ այդ ցուցակի առաջին տասնյակում առաջարկվում է չընդգրկել պատկառելի հասակ ունեցող, նաեւ արդեն երկու անգամ ԱԺ պատգամավոր ընտրված կուսակցականներին: Անշուշտ, խոսքը իր՝ 73-ամյա Վլադիմիր Դարբինյանի մասին չէր, թեեւ այլոց դեպքում, ինչպես ինքն էր բյուրոյի նիստում ասել՝ «Հայ ժողովրդի փրկության շահերը պահանջում են ԱԺ ուղարկել պատգամավորների նոր կազմ, նոր հռետորներ, թարմ ուժեր»: Ինչեւէ: Կուսակցության ներկայացրած ԱԺ համամասնական ցուցակից դուրս են մնացել ԱԺ պատգամավորներ Ֆրունզիկ Խառատյանը, Նորիկ Պետրոսյանն ու Խորեն Սարգսյանը, թերեւս՝ անցած տարիներին «կոմֆորմիստի» «ճկունություն» չցուցաբերելու համար: «Հայաստանի կոմունիստ» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, ՀԿԿ ԿԿ քարտուղար Նորիկ Պետրոսյանը նույն թերթում հրապարակած մեկ այլ՝ «Սթափության ճիչ», հոդվածում վերլուծելով տեղի ունեցածն ու դրա շարժառիթները՝ արձանագրել էր. «Այս տարվա մարտի 11-ի պլենումը ցույց տվեց, որ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը բացահայտ անցել է կուսակցությունը կազմալուծելու, վերջնականապես լիցքաթափելու անթաքույց գործողությունների. իշխանությունների, հատկապես՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թելադրանքով նա կուսակցության առավել փորձված եւ կոփված, իրենց հակաիշխանական եւ հականախագահական կենսադիրքով հայտնի պատգամավորներին զրկեց խորհրդարան ներկայանալու հնարավորությունից: Մինչ այդ Վլ.Դարբինյանը ու էլի մեկ-երկուսը բազմիցս բանակցել են Սերժ Սարգսյանի հետ եւ կայացրել հանցավոր վճիռ»: Ըստ հոդվածագրի, Ֆ.Խառատյանի, Խ.Սարգսյանի, Ն.Պետրոսյանի ներկայությունն ապագա ԱԺ-ում անցանկալի է եղել, առաջին հերթին, իշխանությունների համար, որոնց այդ հարցում օգնել է հենց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլ.Դարբինյանը՝ «անցանկալիությունը վերածեց նյութական ուժի»: «Հայաստանի Կոմկուսի համար ստեղծված են ծայրահեղ պատասխանատու ժամանակներ, կամ՝ իշխանությունների կողմից թույլատրելի սահմաններում գոյություն քարշ տալ՝ եկամտի առատ աղբյուր ապահովելու կուսակցության մի քանի ղեկավարների համար, կամ՝ բոլշեւիկյան սկզբունքայնության դիրքերից տալ այս ամենի գնահատականը»,- առաջարկել է հրապարակման հեղինակը: Կոմկուսի շարքերն այս երկընտրանքից հատկապես ո՞րը կընտրեն. փորձենք հետեւել Կոմկուսում տեղի ունեցող զարգացումների ընթացքին: Սեփ. լր.