«ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ՝ ՀԱՅՐԴ ՔԵՆԵԴՈՒՆ Է ՍՊԱՆԵԼ» Թերեւս այս անգամ Ռ. Քոչարյանը հայտարարի, թե փշալարերով ու բազմաթիվ ոստիկաններով երեկ պաշտպանում էր իր նստավայրի մոտ անժամկետ նստացույցի դիմած Գրետա Սարգսյանի անվտանգությունը՝ իր իսկ որդուց՝ Արամ Սարգսյանից, որը հանրահավաքից հետո փորձում էր միանալ նրան: Այդպես էլ մայր ու որդի երեկ չկարողացան միմյանց հանդիպել Բաղրամյան փողոցում. բաժանման սահմանագիծը ոստիկաններն ու փշալարերն էին: Մինչ այդ հանրահավաքի մասնակից կանայք արդեն իսկ հասցրել էին միանալ տիկին Գրետային՝ իրենց զորակցությունն արտահայտելու, իսկ ոմանք՝ բախվելով փշալարերին ու ոստիկաններին՝ ծեծվել ոստիկանների կողմից: Գրետա Սարգսյանին երեկ այդպես էլ նախագահի նստավայրից ոչ ոք չի մոտեցել՝ պարզելու, թե որն է անժամկետ նստացույցի պատճառը: Գ. Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այնքան է շարունակելու իր բողոքի ակցիան, «մինչեւ ժողովուրդն ըմբոստանա ու հեռացնի Քոչարյանին»: Ա. Սարգսյանը հանրահավաքում հայտարարեց, որ ինքն անձամբ դեմ է եղել, որ իր մայրը նստի «այդ մարդու» նստավայրի առաջ: «Հավանաբար, նա նստել է այնտեղ՝ կարեւորելով նախագահական համակարգը, եւ նա չի պահանջում, որ ազատեն Արմեն Սարգսյանին,- ասաց նա՝ հավելելով,- տղա է, մի քիչ էլ կնստի, ես խնդիր չեմ տեսնում: Միեւնույն է՝ ազատվելու է»: Այնուհետեւ նշեց, որ Գ. Սարգսյանն իր նստացույցով պահանջում է, որ Ռ. Քոչարյանը հեռանա. «Դու պիտի հեռանաս, որովհետեւ չարություն ես տարածում այս երկրում, որովհետեւ քո կերպը չարն է: Սա է Գրետա Սարգսյանի պահանջը: Եթե իմ մայրը տանը նստած էր պայքարում քո դեմ, հիմա նա դրսում է բոյկոտում: Մեկ հոգի էլ ավելացավ: Վաղը եթե ինձ էլ կալանավորեք, որ ես այստեղից չխոսեմ, խոսողները շատ են լինելու, բան չի փոխվելու»,- զգուշացրեց Ա. Սարգսյանը: Հանրահավաքում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այն ամենն, ինչ այսօր կատարվում է, ապացույցն է այն իրողության, որ գործող իշխանությունները «սնանկ» են եւ իրենց քիչ ժամանակ է մնացել: «Ես հասկանում եմ պարոն Քոչարյանի մտածելակերպը, եթե կարելի է այդ մարդուն պարոն անվանել: Ամենասովորական ասիական, ամենահին քաղաքական տակտիկա է: Նա ոչ թե իմ եղբորը կալանավորել է, այլ՝ նա իմ եղբորը պատանդ է վերցրել: Ամբողջ խնդիրը դրանում է»,- հանրահավաքում հայտարարեց Ա. Սարգսյանը՝ վստահեցնելով, թե դրանով իշխանությունները փորձում են լռեցնել իրեն, ինչը նրանց չի հաջողվելու: «Վաղը կարող է հորինել ու ասել՝ հայրդ Քենեդուն է սպանել, կամ՝ Սերբիայի վարչապետին, ասենք, Այքերն է սպանել: Որ հնարավորություն ունենար՝ դա էլ կասեր: Այդ հորինած հեքիաթներին ոչ ոք չի հավատում, որովհետեւ վատ եք հորինում»,- կանխատեսեց Ա. Սարգսյանը: Նրա համոզմամբ, նման քայլերով իշխանությունները փորձում են ընդդիմությանը շեղել ՍԴ ներկայացրած դիմում-բողոքից: Նաեւ՝ «փորձում է աշխարհին ցույց տալ, որ՝ տեսեք, այս ընդդիմությունը մարդասպաններ են»: Սակայն, Ա. Սարգսյանի դիտարկմամբ, սա եւս Քոչարյանին չի հաջողվի, քանի որ ինքն այնքան «սուտ է ասել, որ իրեն էլ չեն հավատում»: «Նախագահական ընտրություններում այդքան կեղծիքներ անելու համար Դո՛ւք եք պատասխան տալու: Ձեր իշխանության օրոք կատարված այդքան սպանությունների համար ո՞վ է պատասխան տալու՝ ե՞ս, թե՞ Արմեն Սարգսյանը: Հույս չունենաս, դո՛ւ ես տալու,- ազդարարեց Ա. Սարգսյանը՝ շարունակելով,- զավեշտը նրանում է, որ ես գիտեմ, որ պիտակ են ուզում կպցնել մեր ընտանիքին: Դա իրենց միանշանակ չի՛ հաջողվելու: Սրբապղծություն է այն, ինչ իրենք անում են, որովհետեւ զոհված Տ. Նաղդալյանը նույպես ընտանիք, հարազատներ ունի: Իմ գլխով անցել է այդ ամեն ինչը: Չէ՞ որ իմ վարչապետության ընթացքում ինձ անընդհատ համոզում էին, որ այդ Դուք եք արել, պարոն Քոչարյան, իսկ Դուք էլ ինձ համոզում էիք, որ Դուք չեք: Այս ի՞նչ եք անում»: Արմեն Սարգսյանի ձերբակալությունն, ըստ Ա. Սարգսյանի, նշանակում է, որ ստեղծված հանրահավաքային շարժումն իր վերջնական հաղթական ավարտն է ունենալու, եւ դա շատ շուտ է լինելու: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ ընտրություններում «ջախջախիչ» պարտություն կրած ռեժիմը դիմեց զանգվածային բռնությունների, որպեսզի կոտրի ժողովրդի կամքը, այն շարժումը, որը պայքարում է ընդդեմ ապօրինության: «Գործող իշխանության լկտիությունը հասավ այնտեղ, որ նրանք անհեթեթ, շինծու պատրվակներով ձերբակալեցին Սպարապետի կրտսեր եղբորը՝ Արմեն Սարգսյանին: Ամո՛թ,- Մատենադարանի հարթակից հայտարարեց նա՝ նկատելով,- ակնհայտ է, որ այս ռեժիմը ոչ թե ձգտում է բացահայտել Տիգրան Նաղդալյանի սպանությունը, այլ հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների հետ: Տեղի ունեցածը հաշվեհարդարի փորձ է, սակայն մենք միասին թույլ չենք տա այդ հաշվեհարդարը… Ռոբերտ Քոչարյանը բռնազավթել է իշխանությունը եւ բնականաբար պիտի փորձեր չեզոքացնել այն ընտանիքը, որը ծնել է Սպարապետ: Արմեն Սարգսյանի ձերբակալությամբ Ռոբերտ Քոչարյանը փորձեց հերթական երաշխիքը տալ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն իրականացրած ստահակներին»: Ս. Սուրենյանցի գնահատմամբ, իշխանությունները «բացահայտում» են միայն այն գործերը, որոնք նպատակ ունեն ծառայեցնել իրենց ռեժիմի շահերին: Ալբերտ Բազեյանը՝ շարունակելով Ս. Սուրենյանցին, հիշեցրեց ՀՀ դատախազության այն հայտարարությունը, թե 250.000 ԱՄՆ դոլարով կպարգեւատրեն այն մարդուն, ով կաջակցի իրենց՝ «հայտնաբերելու» սպանությունն իրականացնողներին: «Եկեք մտածենք. արդյոք այդ գումարը չի՞ տրվել այն անձին, ով այսօր այդ հանցանքը փորձում է բարդել Վազգեն Սարգսյանի ընտանիքի վրա: Մեկ գործ ավել, մեկ գործ պակաս՝ միեւնույն է, այդ խումբը դատվելու է, եւ նրանք բոլորը պատիժ են կրելու: Ստանալով այդ գումարը՝ նրանք կարող են գոնե իրենց ընտանիքների տասնյակ տարիների ապագան երաշխավորել: Արմեն Սարգսյանին կալանավորելը եւ պատանդ պահելը քաղաքական վճիռ է»,- ասաց Ա. Բազեյանը՝ դարձյալ ընդգծելով, որ իշխանությունները դրանով նպատակ ունեն լռեցնել «Հանրապետություն» կուսակցությանն ու մասնավորապես Արամ Սարգսյանին: «Հայաստանում երկար չի կարող գոյատեւել բռնազավթած իշխանությունը»,- ասաց Ա. Բազեյանը՝ վստահեցնելով, որ իրենք երբեք չեն փոխելու իրենց դիրքորոշումն ու համոզմունքները, եւ զուր են Քոչարյանի այդ ջանքերը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ