Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԸ՝ ԱԺ-ՈՒՄ

Մարտ 19,2003 00:00

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԸ՝ ԱԺ-ՈՒՄ Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամը, թերեւս, հետաքրքիր էր մի քանի տեսանկյունից։ Հերթագրվել էր 14 պատգամավոր, ընդ որում 8-ը՝ ընդդիմադիր, 6-ը՝ իշխանական ճամբարից (երկու դաշնակցական, երկուսը՝ «ՕԵ»-ից, երկուսը՝ ՀՀԿ-ից)։ Իշխանականներից՝ Դաշնակցության մի մասն, այս դեպքում՝ Դավիթ Երիցյանը, նաեւ օրինացերկրացի Սերգո Երիցյանը կենտրոնացել էին ապաքաղաքական թեմաների վրա։ Սերգո Երիցյանին պտղատու ծառերի ճակատագիրն էր հետաքրքրում, իսկ Դավիթ Երիցյանին հուզել էր ցրտահարության հետեւանքով վնասված խաղողի այգիների ճակատագիրը։ Հաջորդ օրինացերկրացի Մհեր Շահգելդյանին էլ համաշխարհային խնդիրներն ու Իրաքի պատերազմն էին անհանգստացնում։ Ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնն օգտագործեցին ժողովրդին ինֆորմացիա հաղորդելու համար։ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն ասաց, որ արդեն Սահմանադրական դատարան է ներկայացվել Ստեփան Դեմիրճյանի հայցը՝ նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։ Գործը կազմում է 19 հատոր, 1617 թերթից, նաեւ՝ տեսաերիզ։ Իսկ դիմումում ասվում է. «ՀՀ նախագահի ընտրությունների 2003 թ. փետրվարի 19-ին կայացած առաջին եւ մարտի 5-ին կայացած 2-րդ փուլի քվեարկության նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել են զանգվածային իրավախախտումներ եւ ընտրական կեղծիքներ»։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ նախագահական ընտրությունների մարաթոնը դեռ չի ավարտվել։ Պրն Քոչարյանը նկատեց, որ մեր ժողովրդի կամքը կոտրված չէ, որ նա պատրաստ է կառուցել իրավական, ժողովրդավարական պետություն, որը համապատասխանում է ամենաբարձր եվրոպական չափանիշներին. «ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք սրտի, մեզ մոտ իշխանությունները չեն համապատասխանում, արժանի չեն ժողովրդին։ Ըստ էության, ընտրությունների քողի տակ տեղի ունեցավ իշխանության բռնազավթում»։ Ստեփան Զաքարյանը եւս՝ հաստատելով ասվածը, խոսեց կալանավորված մարդկանց եւ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ձերբակալման մասին. «Մարտի 15-ին իշխանությունները դիմեցին բնույթով որակապես նոր բռնության՝ ձերբակալելով «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին՝ Տ. Նաղդալյանի սպանությանը նրա մասնակցության շինծու մեղադրանքով։ Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այս ձերբակալությամբ իշխանությունները հերթական երաշխիքն են տալիս «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունն իրականացրած ոճրագործներին։ Կեղծ ցուցմունքներ կորզելով եւ մարդկանց վրա գործ սարքելով՝ Ռ. Քոչարյանն ու նրա շրջապատը վերջին ճիգերն են գործադրում հասարակության դիմադրությունը կոտրելու համար»։ Կոմունիստ պատգամավորներն իրենց խնդիրները ներկայացրին, մասնավորապես՝ Գագիկ Թադեւոսյանը, որն օրերս դուրս է եկել ՀԿԿ-ից, անդամակցել է «ԱՄ»-ին եւ այս կուսակցության ցուցակում 11-րդն է, ասաց, որ վշտացած է եւ հիասթափված ՀԿԿ-ում տիրող «խոր ճգնաժամային իրավիճակից»։ Նորիկ Պետրոսյանը հայտարարեց, որ իր խմբագրած «Կոմունիստ» թերթը դեռ տպարանից հավաքվել է նախորդ օրը, որպեսզի հանրությունից գաղտնի մնա, թե ինչով է զբաղված ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Վլ. Դարբինյանը, իսկ վերջինս, ըստ իր կոմունիստ ընկերների՝ կուսակցության համամասնական ցուցակը գրել է Սերժ Սարգսյանի թելադրանքով։ Վիկտոր Դալլաքյանը շեշտեց, որ Հայաստանի քաղաքական կյանքը տառապում է անօրինական ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու բարդույթով. «այսօր ժողովրդավարական ընդվզմանը հակադրվում է փշալարերի եւ բռնապետության ուրվականը»։ Հանրապետականներն ընդդիմադիր պատգամավորների հարվածը հակադարձելու պարտականությունը դրել էին «երիտասարդների» ուսերին։ Վազգեն Խաչիկյանը եւ Արտակ Գրիգորյանը փորձեցին։ Ստացվեց բարոյախրատաբանական մի խոսք։ Արտակ Գրիգորյանն ասաց, որ ինքը համաձայն չէ հնչած որակումներին՝ «բռնազավթում, ոչ լեգիտիմ իշխանություն»։ Որպես քաղաքացի համաձայն չէ, որովհետեւ ինքն էլ է մասնակցել ընտրություններին, եւ կոչ արեց քաղաքական հանդուրժողականության։ Կիմ Բալայանը եւս փորձեց հակադարձել ընդդիմության պատասխանները, հիշեցնելով, որ մենք բոլորս մեկ հայրենիք եւ մեկ պետություն ունենք եւ, այնուամենայնիվ, շարունակելու ենք ապրել այս երկրում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել