ԵՐԵՎԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ Մարտի 15-ին «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» գրքի շնորհանդեսը, որն իր ընդարձակ տեղեկատվությամբ ու պատկերազարդությամբ կարող է մեր երկրի այցեքարտը հանդիսանալ այլ պետություններում։ «Երեւանի» առաջին օրինակը հանձնվել էր ՀՀ նախագահին, իսկ երկրորդը՝ Երեւանի քաղաքապետին։ Գիրքը շուտով լույս կտեսնի նաեւ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն։ Միջոցառման ժամանակ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը նշեց. «Այս գիրքն իմ վաղեմի երազանքն է եղել։ Վերջին երկու տարում իմ պաշտոնավարության ժամանակ շատ առիթներ են եղել այցելելու տարբեր երկրների մայրաքաղաքներ եւ բազմաթիվ քաղաքապետերի ընդունել Երեւանում, որոնք մեծ հպարտությամբ էին իրենց քաղաքի մասին պատմող գրքեր նվիրում ինձ։ Ես նախանձով էի նայում, որ յուրաքանչյուր քաղաք ունի իր պատմության, ժամանակագրության մասին պատմող գիրք, իսկ մենք չունենք։ Եվ սա առիթ հանդիսացավ այս գրքի լույսընծայման համար»։ Գիրքն արդեն ուսումնասիրած մարդիկ պատմում էին, որ թեեւ Երեւանի մասին 40-ից ավելի գրքեր կան, սակայն դրանցից ոչ մեկը նման չէ այս գրքին։ Նշենք նաեւ, որ հեղինակը այդ բոլոր գրքերից ծաղկաքաղ է արել։ Գրքում խիստ պահպանված է պատմականության սկզբունքը։ Այն մի աշխատություն է հայոց պատմության մասին, զետեղված են բազմաթիվ նյութեր Երեւանի պատմական կոթողների, ճարտարապետության, հին ու նոր փողոցների, պատվավոր քաղաքացիների մասին։ Գրքում խոսվում է նաեւ Երեւանի 50 քաղաքապետերի կենսագրության ու նրանց գործունեության մասին։ «Երեւանը» կազմելիս հեղինակը օգտվել է Երեւանի, Թբիլիսիի, Մոսկվայի արխիվներից, մեր պատմության թանգարանից ու մայրաքաղաքի գրադարաններից։ «Երեւան» աշխատության մեջ ընդգրկված են նաեւ հեղինակի հոր՝ Նեմրութ Բաղդասարյանի լուսանկարները, որոնցում պատկերված է 1920-80թթ. Երեւանը, իսկ հեղինակի եղբայրը՝ Մելիք Բաղդասարյանը ներկայացրել է այսօրվա Երեւանը։ Գրքի համահեղինակներն են հայր եւ որդի Այվազյանները եւ Լավրենտի Միրզոյանը։ Գիրքը տպագրվել է Սլովենիայի հայտնի տպագրատներից մեկում՝ Մոսկվայի հայ համայնքի օժանդակությամբ։ Ու քանի որ այն կարելի է ձեռք բերել միայն բաժանորդագրությամբ, Երեւանում արդեն 800 մարդ հասցրել է բաժանորդագրվել։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ