ՄԵԿՆԱՐԿԸ ԳՈԼԱՌԱՏ ՍՏԱՑՎԵՑ Մարտի 15-ին եւ 16-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներով Հայաստանում մեկնարկեց 2003թ. ֆուտբոլային մրցաշրջանը։ Առաջինը, ինչ միանգամից աչքի է ընկնում, հանդիպումների արդյունավետությունն ու գոլերի առատությունն է։ Դա մի կողմից բավարարում է ֆուտբոլասերներին, մյուս կողմից պարզորոշ ցույց է տալիս թիմերի պատրաստվածության աստիճանի տարբերությունը։ Յոթ խաղերից միայն Արարատում կայացած «Արաքս»-«Կիլիկիա» հանդիպումում գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշիվ։ Մնացած 6-ում կողմերից մեկը մրցակցի նկատմամբ «չոր» հաշվով հաղթանակ տարավ։ «Կոտայք -2003»-ը Արտաշատում 0։2 հաշվով զիջեց փորձառու «Շիրակին»։ Աշտարակում «Միկան» 10։0 հաշվով անհամեստ հաղթանակ տարավ «Դինամո ՖԱ»-ի նկատմամբ։ Արարատում նախորդ օրը «Բանանցը» վեց անպատասխան գնդակ անցկացրեց «Նորք-Մարաշ» ակումբի դարպասը։ Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-«Միկա-2» եւ «Դինամո-2000»- «Լոկոմոտիվ» հանդիպումներում։ Իսկ ահա «Կոտայքը» իր առավելությունը ցույց տվեց «Փյունիկ-2»-ի նկատմամբ՝ վերջինիս պարտության մատնելով 4։0 հաշվով։ Ցավոք, հայ մարզասերների երկար սպասված ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը տխուր ավանդույթի չգրված օրենքով այս անգամ էլ ստվերվեց։ «Լեռնային Արցախի» շվեյցարացի հովանավորները, որոնք մեր աղբյուրներով նաեւ «Արարատի» փաստացի տերերն են, նախապես հայտարարել էին, թե իրենց հովանավորության ներքո գտնվող «Լեռնային Արցախը» չի մասնակցելու ոչ գավաթի խաղարկությանը, ոչ Հայաստանի առաջնությանը։ Հենց նրանց այս դիրքորոշման պատճառով էլ չկայացավ «Լեռնային Արցախ»-«Սպարտակ» հանդիպումը։ Ըստ կանոնակարգի, արցախցիները պարզապես զրկվում են գավաթային հանդիպումներից, իսկ «Սպարտակը» մեխանիկորեն անցնում է հաջորդ փուլ։ Թվերի լեզուն չոր է, թվաբանական գործողություններում սիրտ ու հոգի չկա։ Բայց մենք հո մարդ ենք եւ ունենք մեր մտահոգությունները։ Մի ասացվածք կա. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»։ Բայց կա նաեւ դրա հակառակ մոտեցումը. «Ամեն մի երաժշտություն չէ, որ կարելի է գնել»։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է «Արարատի» եւ «Լեռնային Արցախի» հովանավորներին։ Որքան էլ ուզում եմ հասկանալ նրանց, ըմբռնել ու խորանալ նրանց մտածելակերպի մեջ, միեւնույն է, չեմ կարողանում։ Անցած մեկ-երկու տարիներին այդ վայ հովանավորներին «չէր դզում» ՀՖՖ նախկին ղեկավարությունը։ Անցած տարվա ամռանն իրականացավ նրանց ցանկությունը՝ ՀՖՖ նախագահը հեռացավ։ Հիմա էլ, պարզվում է, նոր նախագահն ու նրա ղեկավարած կոլեկտիվն են վատը։ Իսկական կկվի, բնի ու վատ հոտի պատմությունն է ստացվում։ Մի բան կարող եմ ասել. փողը շատ լավ բան է ու շատ հարցեր կարող է լուծել։ Բայց այն երբեք չի կարող վճռորոշ դառնալ։ Ապրեն այդ շվեյցարացի հովանավորները, որոնք բավականաչափ գումարներ են ներդնում Հայաստանում ֆուտբոլ պահելու կամ, ի՞նչ իմանաս՝ ուրիշ ինչ նպատակներով։ Բայց մարդկայնությունը ասում է, որ փողով չի ամեն ինչ չափվում։ Կա օրենք, կարգուկանոն, որին պարտավոր են ենթարկվել բոլորը, անկախ ունեցածի ու ներդրածի չափից։ Եվ այդ օրենքները ինքնանպատակ, արհեստածին չեն։ Դրանք գրվել ու ընդունվել են ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Իսկ կոտոշներ դեմ տալն ու չարդարացված համառությունը, թե մենք այսպես ենք ուզում, վնասում է առաջին հերթին հայկական ֆուտբոլին, որը փողատերերի սեփական ֆազենդան չէ, այլ երկրինն ու ժողովրդինն է, ապա նաեւ այդ դժբախտ ակումբներինն ու առանձին-առանձին վերցրած յուրաքանչյուր ֆուտբոլիստինը։ Այնպես որ, խիստ կասկածելի է. շվեյցարացի հովանավորների ներդրած գումարները հայկական ֆուտբոլին ավելի շատ օգո՞ւտ են բերում, թե՞ վնաս։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ