Պարտված ժողովրդավարություն «Եթե նույնիսկ մե՛կ խախտում է արձանագրվել, եթե ապօրինաբար նույնիսկ մե՛կ քվեաթերթիկ է գցվել, ապա ժողովրդավարությունը պարտություն է կրում»,- այսպես է արձագանքել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալիա Վուտովան «Օրրանի» թղթակցի հիշեցմանը, թե ըստ որոշ մեկնաբանությունների՝ եվրոպացի դիտորդները խախտումներ են արձանագրել իրենց այցելած տեղամասերի ընդամենը 13%-ում: Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կիրակնօրյա «Հայլուրին» տված հարցազրույցում այն վարկածը զարգացրեց, թե անգամ այդ պարագայում դրանք ընտրության արդյունքների վրա չէին կարող ազդել, քանի որ ամեն քվեատուփում առավելագույնը 2000 քվեաթերթիկ է տեղավորվում, եւ եթե նույնիսկ բոլոր այդ տեղամասերում խախտումները հօգուտ Ռոբերտ Քոչարյանի են կատարվել՝ «Այդ ամբողջը կազմում է 140 հազար, որն ընդամենը 7-8% է կազմում»: Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը երեկ հայտնեց ՀՅԴ համահունչ գնահատականը. «Եղած խախտումների ծավալն այնքան չէ, որ ընտրության արդյունքները դնի հարցականի տակ: Կարծում եմ, որ գլխավոր հարցն այն է, թե եղե՞լ են խախտումներն այնքան, որ դրանք ազդեն ընտրության արդյունքների վրա: Այս առումով՝ որեւէ կասկած չկա»: Մեր հիշեցմանը, թե ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքերից դատելով՝ Հայաստանում խախտումների ծավալն այնքան է, որ կարելի է խոսել ժողովրդավարության լիակատար պարտության մասին, պրն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Վուտովան այդ հայտարարությունն արել է, բնականաբար, ելնելով նրանից, որ եթե մեկ խախտում էլ կա՝ պետք է արձանագրենք, որ ժողովրդավարության նահանջ կա: Այս առումով՝ ճիշտ է: Բայց արդյունքների առումով՝ տալ այդպիսի գնահատական, որ եթե մեկ թերացում կա՝ ուրեմն ամեն ինչ կորած է, նման ծայրահեղությունների, իհարկե, դեմ եմ»: Այստեղ զրույցին միջամտեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը եւ հարցրեց. «Իսկ 1999-ին ի՞նչ է եղել ընտրությունների վերաբերյալ գնահատականը, 1996-ին ի՞նչ էին ասում, իսկ 1995-ի՞ն8230… Բոլորը համադրեք՝ վերլուծենք-քննարկենք»: Մեր դիտարկմանը, թե բոլոր այս ընտրություններն արժանացել են վատ գնահատականների՝ ապացուցելով, որ 2003-ին էլ ժողովրդավարության առումով առաջընթացն իսպառ բացակայում է, ինչքան էլ հակառակը պնդեն այդ մասին այժմ, պրն Թումանյանն այսպես արձագանքեց. «ԱՊՀ տարածքի երկրներում ժողովրդավարությունը դեռ երկար անցնելիք ճանապարհ ունի»: Ա. Ի.