Լրահոս
Օրվա լրահոսը

«2 նախագահ եւ 2 վարչապետ»

Մարտ 16,2003 00:00

«2 նախագահ եւ 2 վարչապետ» Ըստ Շավարշ Քոչարյանի՝ «Արդարություն» դաշինքի ցուցակի առաջին 3 ազգանուններից 2-ն ընտրված նախագահներ են, 2-ը՝ նախկին վարչապետներ: Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակը, որում ընդգրկված են 9 կուսակցությունների ներկայացուցիչներ, ամենամեծն է՝ 137 հոգի, ուստի երեկ ասուլիսում ներկայացվեցին այդ ցուցակի միայն առաջին 21 տեղերը՝ 1. Ստեփան Դեմիրճյան, 2.Արամ Զավենի Սարգսյան, 3. Վազգեն Մանուկյան, 4. Արամ Կարապետյան, 5.Գրիգոր Հարությունյան, 6. Ալբերտ Բազեյան, 7. Շավարշ Քոչարյան, 8. Ստեփան Զաքարյան, 9. Արշակ Սադոյան, 10. Սերգեյ Իսրայելյան, 11. Արամ Գասպարի Սարգսյան, 12. Հրանտ Խաչատրյան, 13. Թաթուլ Մանասերյան, 14. Վիկտոր Դալլաքյան, 15. Վարդան Մկրտչյան, 16. Էդմունդ Ծատուրյան, 17. Էմմա Խուդաբաշյան, 18. Գեղամ Հարությունյան, 19. Սմբատ Եղիազարյան, 20. Արամայիս Բարսեղյան, 21.Ջորջ Հակոբյան: «Երեւի սա աննախադեպ է, որ այսքան մեծ թվով եւ այսքան ազդեցիկ քաղաքական ուժեր հանդես գան միասնաբար ԱԺ ընտրություններում»,- ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, նշելով, թե իրենց նպատակը մասնավորապես ԱԺ-ում մեծամասնության հասնելն է եւ խախտված սահմանադրական կարգը վերականգնելը: «Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն հրապարակումները, թե ՀԺԿ շարքերը դժգոհությամբ են արձագանքել անցողիկ տեղերում այլ կուսակցությունների անդամների հայտնությանը եւ «Միասնություն» դաշինքի փորձը հաշվի առնելով՝ ընտրություններին միայնակ մասնակցելու կողմնակից էին, ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Բավականին չափազանցված եւ ուռճացված էին լուրերն այն մասին, թե ՀԺԿ-ում դժգոհություն կա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ»: Իսկ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն ասաց. «Բոլոր կուսակցություններում էլ՝ ոչ միայն ՀԺԿ-ում, խնդիրներ եղել են, քանի որ ոչ մեկի համար հեշտ չէ զիջումների գնալը»: Նաեւ նշեց, որ ՀԺԿ վարչության ճնշող մեծամասնությունը կողմ էր դաշինքին: Ի դեպ, Շավարշ Քոչարյանը բացահայտեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն առանձին են հանդես գալիս՝ ոչ Դեմիրճյանի մյուս կողմնակիցների հետ տարաձայնությունների, այլ մասնավորապես այն պատճառով, որ հնարավորություն ունենան հավելյալ եթերաժամանակ եւ վստահված անձինք ունենալու: Այնուամենայնիվ, հիշեցրինք Մանուկ Գասպարյանի հոռետեսական կանխատեսումը, թե այդքան գլուխ չի եփվի մի կաթսայում: «Վատ խոհարար է պրն Մանուկը»,- ծիծաղեց Ռուզան Խաչատրյանը: Վերջում նշենք նաեւ, որ Ստեփան Դեմիրճյանի դիմումը ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ հանձնվեց երեկ: Ըստ Ստեփան Զաքարյանի՝ դիմումին կից ներկայացվել են 19 հատոր կազմող փաստարկներ, իրեղեն ապացույցներ: Դեմիրճյանի ներկայացուցիչները ՍԴ-ում լինելու են փաստաբան Աշոտ Սարգսյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել