ՈՒՂԵՐՁ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մայրերին եւ կանանց Սիրելի մայրեր, քույրեր, Ձեզ դիմում եմ մեր հայրենիքի համար ծանր այս պահին՝ ակնկալելով, որ յուրաքանչյուրիդ համար թանկ են մեր տասնհինգամյա պայքարի արդյունքում արձանագրված նվաճումները, մեր որդիների անձնուրաց մաքառման շնորհիվ ձեռք բերված ազատությունը ու անկախությունը։ Խոսքս հատկապես ուղղում եմ երկրապահ ծնած, պատերազմի հոգսերն ապրած կանանց։ Այլեւս ակնհայտ է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի աննախադեպ ոճիրով ամրապնդված, ահաբեկչությամբ ու խարդավանքով իշխանություն բռնազավթած Ռ.Քոչարյանի վարչախումբն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Նույնիսկ օտար իշխանությունը այսպես չի նվաստացրել հայ մարդու արժանապատվությունը։ Ընտրությունները զանգվածային կեղծելուց, տասնյակ հայորդիների ապօրինաբար կալանավորելուց հետո անգամ բռնազավթիչները չկարողացան կանխել արդարության եւ արժանապատվության նշանաբանով ընթացող համաժողովրդական շարժման ընթացքը։ Սակայն պարզվեց, որ անսահման է Ռ.Քոչարյանի ու նրա շրջապատի դավադիր նկրտումների զինանոցը։ Ստորություն ունեցան համարձակվելու ձեռք բարձրացնել Սպարապետ ծնած ընտանիքի վրա, սուտն ու կեղծիքը դրոշ սարքած շինծու կապ հորինեցին Տ. Նաղդալյանի սպանության եւ իմ որդիների միջեւ։ Մարտի 16-ին ձերբակալվեց կրտսեր որդիս՝ Արմենը, դառնալով խաբեության ու նենգության հերթական թիրախը։ Սա ոչ այլ ինչ է, քան «Հոկտեմբերի 27»-ի ոճիրի շարունակություն, իշխանության հովանավորությունը վայելող մարդասպաններին նոր երաշխիքների մատուցում։ Հայաստանում բազմաթիվ բռնություններ կազմակերպած մարդիկ այս անբարո վարքագծով փորձում են ահաբեկել մի ողջ ժողովրդի, օրինականության համար պայքարի ելած սկզբունքային գործիչների ու կուսակցությունների, վերջին ճիգերն են գործադրում իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար։ Չի ստացվի, այդ մարդիկ լավ չեն ճանաչում մեր ժողովրդին։ Սիրելի մայրեր, քույրեր, կոչ եմ անում Ձեզ՝ համախմբվել իմ շուրջ։ Մենք պետք է լինենք ուժեղ, հետեւողական, կանգնենք մեր եղբայրների ու որդիների կողքին՝ երկիրը բռնազավթիչներից ազատագրելու նպատակով։ Այս վճռականությամբ մարտի 17-ից անժամկետ նստացույց ենք հայտարարում ՀՀ նախագահի նստավայրի առջեւ։ Լինենք համոզված՝ մենք հաղթելու ենք, մեր երկիրն ունենալու է պայծառ ապագա։ ԳՐԵՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ