Ձերբակալությունը քաղաքական է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում գնատականներ տրվեցին Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ձերբակալման փաստին։ Ալբերտ Բազեյանը հիշեցրեց, թե ինչպես Տ. Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո փորձ արվեց դա կապել ընդդիմության հետ. նախ՝ Արտաշես Գեղամյան, հետո՝ Աշոտ Մանուչարյան, այսօր էլ՝ Արմեն Սարգսյան։ Ալբերտ Բազեյանն ամենեւին պատահական չհամարեց այն, որ սպանության բացահայտման մասին տեղեկատվությունը եթեր սփռվեց հենց ընտրությունների օրը երեկոյան՝ ընտրությունների արդյունքների հետ միախառնված։ Ալբերտ Բազեյանը կարծիք հայտնեց. «նախ փորձենք հասկանալ, ինչո՞ւ կոնկրետ այն անձը, որն իրականացրել է սպանությունը (եթե բարեկամական կապերը դառնում են իրավական կատեգորիա), ապա ինչո՞ւ այդ անմիջական սպանողը չի կապվում Ալեքսան Հարությունյանի հետ, որն ավելի մոտ ազգական է սպանողին, քան այն մարդիկ, ովքեր բարեկամական կապեր ունեն Սարգսյանների ընտանիքի հետ»։ Ալբերտ Բազեյանը նաեւ կասկած հայտնեց, թե ի՞նչը դրդեց ապօրինի զենքի մեղադրանքով ձերբակալված այդ մարդկանց «խոստովանել», որ իբր իրենք նաեւ Տ. Նաղդալյանի սպանությունն են իրականացրել։ Պրն Բազեյանն իրադարձությունների որոշ զուգահեռ անցկացնելով, նկատեց, որ Տ. Նաղդալյանի սպանությունից հետո արդեն երկու ամիս է դադարեցված է «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը։ Ենթադրելի է, որ Ն. Հունանյանը, որի բարեկամական հարաբերությունները Տ. Նաղդալյանի հետ կարծես հայտնի էին, լսելով ընկերոջ սպանության մասին, որոշել էր դատարանի դահլիճում ասել բաներ, որոնք ձեռնտու չէին լինի իշխանության համար, եւ այդ պատճառով է, որ նախ՝ դատավարությունն ընդհատվեց, եւ հետո՝ Արմեն Սարգսյանին պահում են ոչ թե ՆԳ մեկուսարանում, ինչպես որ հարկն է, այլ՝ ԱԱ մեկուսարանում, այնտեղ, ուր եւ «27»-ի ոճրագործներին, որպեսզի վերջիններիս որոշ բաներ հասկանալի լինի՝ Վազգենի եղբորն են ձերբակալել ի վերջո։ Ինչո՞ւ որեւէ գրավոր պահանջ՝ Արմեն Սարգսյանի ձերբակալության հետ կապված չի ներկայացվել պատկան մարմիններին. «մինչ այժմ մեր բոլոր գրավոր պահանջներն իշխանություններին որեւէ արդյունք չեն տվել, որեւէ իշխանավոր ընդդիմությունը ներկայացնող գործիչների հետ չի հանդիպել, նրանք միշտ մերժել են երկխոսության մեջ մտնելու գաղափարը։ Բավականին երկար ժամանակ է այսպես եւ իմաստազուրկ է դառնում իշխանություններին դիմել»։ Պրն Բազեյանն ասաց, որ իրենց բոլոր քայլերն ուղղված են «Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար՝ հանրահավաքները, բողոքի երթերը, նստացույցերը, դրանք բոլորը ժողովրդավարության ատրիբուտներն են»։ Մ. Ե.