Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ

Մարտ 16,2003 00:00

ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Տիգրան Նաղդալյանի սպանության «բացահայտումը» հիշեցնում է 1999 թ. ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության, Վանո Սիրադեղյանին դատելու համար սկիզբ առած «Վահան Հարությունյան+10» գործերի «բացահայտման» կեղտոտ տեխնոլոգիան: Տպավորությունն այն է, որ դրանց սխեման գծել է միեւնույն անձը, ասենք, երբեւէ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «ձեռագրով»: Փորձենք վերհիշել, թե ինչպես իշխանությունները «բացահայտեցին» Արծրուն Մարգարյանի «ինքնասպանությունը»: Այն բանից հետո, երբ ՊՆ ԶՈՒ հրամկազմը վերջնագիր ներկայացրեց այն ժամանակվա սուպերնախարար Սերժ Սարգսյանին, հանկարծ «ինքնախոստովանականով» ի հայտ եկավ «պետականության գիտակցումով» համակված բժիշկ կամ դեղագործ Հրանտ Պապիկյանը, որը մինչ այդ արդեն շուրջ 1 շաբաթ հատուկ «մշակման» փուլ էր անցել համապատասխան մարմիններում: Նա ոչ միայն վկայեց Ա.Մարգարյանի կողմից նրա «ինքնասպանությունը որպես սպանություն» ներկայացնելու մասին, այլեւ խոստովանեց, որ դեռ 98-ին՝ Ա.Մարգարյանի դեմ մահափորձն էլ, իբր, շինծու է եղել ու, որ Պապիկյանն ինքն է կրակել Ա.Մարգարյանի ոտքին: Այն ժամանակ, ըստ հավաստի տեղեկությունների, Հ.Պապիկյանի ֆինանսական վիճակը ծանր է եղել: Նրանց տունը գրավ էր դրված բանկերից մեկում, որը պատրաստվում էր այն վաճառել՝ գործի մեջ դրած ու տանուլ տված գումարը վերադարձնելու համար: Այդ ավելի հետո Պապիկյանը պետք է վաղաժամ պայմանականով հայտնվեր դրսում, բարելավեր իր կենցաղային պայմանները: Կամ՝ Վահան Հարությունյանի դեպքը, որն օգնել էր նախաքննությանը՝ կարեւոր բացահայտումներ անել ու Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալ՝ մինչ այդ դարձյալ հատուկ մշակման փուլ անցնելով: Հենց այդ ցուցմունքների պատճառով էր, որ հանցավոր խմբի պարագլուխը դատապարտվեց ընդամենը 6 տարի ազատազրկման, հետո դրա 1/3-ը նստելուց հետո դարձավ Ռ. Քոչարյանի նախընտրական ենթաշտաբի պետ: Հիմա նայենք, թե ինչպես է «բացահայտվում» Տիգրան Նաղդալյանի սպանությունը, երբ դա, ըստ փաստաբան Օլեգ Յունոշեւ, իշխանություններին «վիզ» պետք է Նաիրի Հունանյանին հանգստացնելու համար: Նախ սպանությանը հաջորդած օրերին իրավապահ մարմիներից լրահոս էր լինում, թե կատարված սպանությունը կամ պրոֆեսիոնալ քիլլերի կամ ընդհակառակը՝ դիլետանտի ձեռքի գործ է, որովհետեւ Տ.Նաղդալյանը սպանվել էր մութ մուտքում, աստիճանների վրա, մեկ կրակոցով, ընդ որում՝ մարդասպանը հարկ էլ չէր համարել ստուգել՝ արձակած գնդակը նպատակին հասե՞լ է, թե՞ ոչ: Ահավասիկ մարտի 5-ին, երբ ոմանք նշում էին Ազգային հերոսներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի ծննդյան տարեդարձները, այլք այդ օրը նշանավորեցին Տ. Նաղդալյանի սպանության «բացահայտմամբ»: Պաշտոնապես հայտարարվեց, թե ձերբակալվել է 6 հոգուց բաղկացած խումբ, որը խոստովանել է, թե իրականացրել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Այլ ձերբակալվածների մասին խոսք չկար, բայց տեղեկություններ կային, որ գործը փորձում են բարդել Արամ Զ.Սարգսյանի վրա: Սպանությունն անմիջապես իրականացրած Ջոն Հարությունյանն ու նրա մյուս 5 հանցակիցները, մեր գործընկերոջ տվյալներով, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են, ղարաբաղցիներ: Ասել է թե, Տ.Նաղդալյանի սպանությունը, ըստ պաշտոնական աղբյուրի, Արմեն Սարգսյանը, իբր, 50 հազար դոլարի դիմաց՝ պատվիրել է ոչ թե տնից-տեղից հեռու քիլլերի, այլ՝ քիլլերների 5 հոգանոց խմբի, այն էլ, ոչ ավել ոչ պակաս՝ Ղարաբաղից: Համաձայնեք, աբսուրդ է: Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում էլ օգտագործվել է «բացահայտված» հանցախմբի անդամների սոցիալական վատ վիճակը: Արդեն մարտին նրանք հանկարծ ի հայտ են եկել. թե կոնկրետ ի՞նչ, քննչական օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում՝ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա: Առայժմ միայն ենթադրություններ են արվում, թե նրանցից մեկը եկել է մեղայականով, մեկ այլ վարկածով՝ խմբի անդամներից մեկին ձերբակալել են, երբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է ավտոմատ եւ ատրճանակ: Նա էլ Քրօրի 232 հոդվածին՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու հետ համաձայնելու փոխարեն, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում, հանկարծ բռնում ու հայտարարում է, թե դա դեռ հեչ, գիտե՞ք, ես Տ. Նաղդալյանի սպանությանն էլ առնչություն ունեմ ու Մատրոսովի նման ինքնակամ գնում է 8-15 տարի ազատազրկման կամ մահապատժի: Այս իմաստով պակաս-պռատ բաները հետո՝ գործը դատարան ուղարկելուն զուգահեռ՝ ձեռքի հետ «կդզվի-կփչվի»: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք: «ՏՏ» մակնիշի ատրճանակը, որով սպանել են Տ.Նաղդալյանին, երկու ամիս անց գտնում են «Ցավ» մականունով Սամվել Աբրահամյանի մոտ, երբ շատերի պնդմամբ, քիլլերը սպանություն կատարելուց հետո երբեք իր զենքը հետը ման չի տալիս, առավել եւս, երկու-երեք ամիս իր մոտ չի պահում: Մեկ այլ հանգամանք. չճշտված տեղեկություններով, Արմեն Սարգսյանի՝ որպես Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուի դեմ ցուցմունքն ամբողջացրած «Ապերը», որ հետախուզման մեջ էր գտնվում, բռնվելուց առաջ դարձյալ «մշակման» հատուկ գործընթաց է անցել: Իսկ բանն էլ հենց այն է, որ Տ.Նաղդալյանի սպանությունը Արմեն եւ Արամ Սարգսյանների հետ կապելու փորձերը շատ ավելի վաղ էին սկսվել՝ դեռ մինչեւ «Ապերի» պաշտոնական ձերբակալվելը: Այս գործում շատ ու արդեն հստակ ուրվագծվող խութեր ու «բացթողումներ» կան, որոնց մենք դեռ կանդրադառնանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել