Հանգուցալուծումը չկայացավ Երեքշաբթի օրը պետք է կայանար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ, ինչպես սպասվում էր, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պետք է քվեարկության դնեին Իրաքի հարցով «կոշտ» բանաձեւը, որը ենթադրում է ռազմական ուժի կիրառումը այդ երկրի դեմ։ Սակայն ԱՄՆ-ն առայժմ խուսափեց այդ քայլից։ Ինչո՞ւ։ Խնդիրն այն է, որ Ֆրանսիան եւ Ռուսաստանը հստակ հայտարարեցին, թե քվեարկության ժամանակ կօգտագործեն իրենց վետոյի իրավունքը։ Դեմ են նաեւ Չինաստանը եւ Գերմանիան։ Անվտանգության խորհրդի մի քանի անդամ երկրներ առայժմ տատանվում են։ Ստեղծված իրավիճակում ամերիկացիները որոշեցին հետաձգել քվեարկությունը մի քանի օրով եւ լուրջ ճնշում գործադրել ընդդիմադիրների վրա։ Մասնավորապես, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարեց, որ եթե ՌԴ-ն օգտագործի վետոյի իրավունքը, ապա դա լրջորեն կվատթարացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը բոլոր բնագավառներում։ Դեսպանը հասկացնել տվեց, որ ԱՄՆ-ին ձեռք կտա, եթե Ռուսաստանը ուղղակի ձեռնպահ մնա քվեարկության ժամանակ։ Որոշ չափով տեղի տվեց Գերմանիան, որը համաձայնեց իր օդային տարածքը տրամադրել ամերիկյան եւ բրիտանական ինքնաթիռների ռազմական թռիչքների համար՝ դեպի Իրաք։ Հարկ է նշել, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն Անվտանգության խորհրդում լսեցին միջազգային տեսուչների ղեկավար Հանս Բլիքսի զեկույցը, որում հստակ ասվում էր, որ Իրաքը սկսել է սերտորեն համագործակցել տեսչական խմբի հետ, որ արդեն ոչնչացվել են 120 արգելված հեռահարության հրթիռներից 46-ը եւ որ հիմա սկսել ռազմական գործողություններ՝ բոլորովին աննպատակահարմար է։ Բայց ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ոչ մի ուշադրություն չդարձրին այդ փաստարկների վրա եւ շարունակեցին պնդել իրենց տեսակետը։ Հատկանշական է նաեւ, որ Թուրքիայի խորհրդարանը մերժեց տեղաբաշխել ամերիկյան զորամիավորումները այդ երկրի տարածքում։ Սակայն նորընտիր վարչապետը իր համաձայնությունը տվեց, քանի որ, հակառակ դեպքում, Թուրքիան կզրկվի ԱՄՆ-ի խոստացած բազմամիլիարդ ֆինանսական օգնությունից։ Միաժամանակ, վերջին հարցումների տվյալներով, այդ երկրի բնակչության 94%-ը դեմ է իրաքյան պատերազմին։ Հարցը նաեւ այն է, որ Սադամ Հուսեյնը խոսք է տվել պատերազմի դեպքում պատասխան հարված հասցնել ԱՄՆ-ի դաշնակից երկրներին։ Հենց այդ առիթով, ՆԱՏՕ-ի որոշմամբ, Նիդեռլանդները Թուրքիային մատակարարեցին «Պետրիոտ» տիպի պաշտպանական հրթիռներ։ ԱՄՆ-ն պատրաստ է պատերազմի եւ, ինչպես հայտարարել է Բուշը, այն կսկսվի անկախ նրանից, թե ինչպիսի վերջնական որոշում կկայացանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Փորձենք վերլուծել, թե ինչ հետեւանքներ կբերի պատերազմը, բացի խաղաղ բնակչության բազում զոհերից եւ չարչարանքներից։ Պատերազմական գործողությունների ժամանակ նավթի արժեքը բնականաբար կտրուկ կբարձրանա, ինչը գերշահույթներ կբերի նավթ արտադրող երկրներին (ներառյալ Ռուսաստանը, իհարկե) եւ լուրջ խնդիրներ կստեղծի մնացած երկրների տնտեսության համար։ Սակայն պատերազմից հետո, ԱՄՆ-ն, տիրանալով Իրաքի հզոր նավթային պաշարներին, հավանաբար կձգտի իջեցնել նավթի գինը, ինչը կաշխուժացնի առաջին հերթին ԱՄՆ-ի՝ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությունը, եւ հուժկու հարված կհասցնի արաբական երկրների եւ Ռուսաստանի տնտեսական պոտենցիալին։ Այսպիսի հեռահար նպատակներ, որոնցից ԱՄՆ-ն իհարկե չի հրաժարվի։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ