Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական գներ՝ անշարժ գույքի շուկայում

Մարտ 15,2003 00:00

Արհեստական գներ՝ անշարժ գույքի շուկայում Սովորաբար քաղաքական իրադարձությունները, ամեն տեսակ ընտրություններն անպայման ազդեցություն են թողնում տնտեսության վրա։ Սա հայտնի ճշմարտություն է, որը, սակայն, չի տարածվում Հայաստանի վրա։ Այս բացառության մեջ համոզվեցինք հերթական անգամ, երբ մի փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք անշարժ գույքի շուկայում։ Հինգ ամսից ավելի է, անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ է նկատվում, որը, կարծեք թե, նվազման միտումներ չի ուրվագծում։ Սա՝ այն դեպքում, երբ արդեն մի քանի տարվա փորձը ցույց է տալիս, որ աշնան, ձմռան ամիսներին գների աճը նվազում է գարնան գալուն զուգընթաց։ Այս տարի, սակայն, ոչ միայն գների նվազում չի նկատվում, այլ աճը նախորդ տարիների համեմատ անսպասելի բարձր է։ Իմ զրուցակից տնտեսագետներն անիմաստ համարեցին այս իրավիճակը կապել քաղաքական իրադարձությունների հետ՝ այն կարծիքը հայտնելով, թե դրանք առաջին հերթին պետք է ազդեցություն ունենային ֆինանսական շուկայի ու դրամի փոխարժեքի վրա։ Իսկ այդ համակարգում ակնհայտ ցնցումներ չեն արձանագրվել։ Մեր պարբերական այցելություններն անշարժ գույքի սեւ շուկա՝ բացահայտեցին եւս մի հանգամանք։ Նախորդ տարիների աշուն-ձմեռ ժամանակաշրջանում, երբ շուկան լեփ-լեցուն էր վաճառողներով, այս տարի հիմնականում գնորդներ են։ Հետեւաբար, տնտեսագիտական պարզ աքսիոմայի համաձայն, շուկայում առաջարկը գերազանցող պահանջարկը բերել է գների կտրուկ աճին։ Ահա այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչի հաշվին է անշարժ գույքի պահանջարկը մեծացել։ Մի՞թե մեր հասարակության ձեռքում մի տարվա ընթացքում կուտակվել են այնչափ խնայողություններ, որ բոլորը վազում են «տան շուկա»։ Անշուշտ, իշխանությունները կփորձեն դա բացատրել տնտեսական «աննախադեպ» աճով։ Բայց այդ ցուցանիշի հետ համաձայնելու դեպքում էլ, տնտեսագիտությունից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք գիտի, որ այդ տնտեսական աճի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող թիվը չափազանց փոքր է։ Ուստիեւ, տնտեսության աճը եւս չէր կարող որոշիչ ազդեցություն ունենալ անշարժ գույքի պահանջարկի վրա։ Անշուշտ, պահանջարկի բարձրացման համար էական գործոն կարող էր հանդիսանալ այս կամ այն երկրից մեր հայրենակիցների ներգաղթի մեծ հոսքը։ Սակայն այդպիսի փաստ եւս մեր վիճակագրությունը չի արձանագրել։ Ուրեմն ինչի՞ հաշվին է բարձրացել անշարժ գույքի պահանջարկը՝ գների կտրուկ աճով, ու նվազել գործարքների ծավալները։ Այս մի քանի ամսվա մեր դիտարկումները թույլ են տալիս մեզ հանգելու հետեւյալ եզրակացությանը։ Մեր իրականություն ներգործած՝ անշարժ գույքի անհատ միջնորդներն ու միջնորդ կազմակերպությունները (կամ ընդունված ձեւով ասած՝ «բրոքերները») արհեստականորեն բարձրացնում են տների գները։ Ընդ որում, այստեղ օգտագործված է պարզագույն մեխանիզմ, եւ այն հասկանալու համար պետք չէ տնտեսագիտական գիտելիքներ ունենալ։ «Բրոքերները» շարունակում են վաղուց արդեն վաճառված տների վաճառքի մասին հայտարարություններ հրապարակել։ Ընդ որում, ամեն շաբաթ այդ հայտարարությունը թարմացնելիս՝ արհեստականորեն բարձրացնում են տան արժեքը։ Ավելի պարզ պատկերացնելու համար փորձենք կոնկրետ օրինակով ներկայացնել։ Ասենք, Օրբելի եղբայրներ փողոցի վրա գտնվող ինչ-որ շենքի մի 3 սենյականոց բնակարան անցած տարվա ամռանը «բրոքերին» հաջողվել է վաճառել ասենք՝ 17 հազար դոլարով։ Գործարքը կատարվել է ամիսներ առաջ, սակայն թերթերում եւ հատկապես սեւ շուկայում «բրոքերը» շարունակել է հրապարակել այդ տան վաճառքի մասին տրվող հայտարարությունը։ Մի տարբերությամբ միայն, որ եթե ամռանն այդ տունը վաճառվել է 17 հազար դոլարով, ապա դրանից հետո յուրաքանչյուր շաբաթ նույն այդ տան (նկատենք վաղուց արդեն վաճառված տան), գինը արհեստականորեն բարձրացվել է 500-ական դոլարով։ Ու անհասկանալի կամ արդեն հասկանալի պատճառներով ձմռանն այդ տան գինը հասել է 25-27 հազար դոլարի։ Հետեւելով անշարժ գույքի շուկայում օր օրի բարձրացող գներին՝ թյուրիմացության մեջ են ընկնում թե՛ իրական վաճառողները, թե՛ իրական գնորդները։ Առաջինները մտավախություն ունեն իրենց ունեցվածքն այդ պահի դրությամբ էժան վաճառելու կապակցությամբ, վերջիններս էլ՝ թանկ գնով ձեռք բերելու։ Ստացվում է, որ արհեստականորեն բարձրացված գներն իրականում սպասողական վիճակի մեջ են պահում անշարժ գույքի ողջ շուկան։ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել