Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերին ամերիկացի հանդիսատեսը շատ է սիրում

Մարտ 15,2003 00:00

Հայերին ամերիկացի հանդիսատեսը շատ է սիրում Ի տարբերություն Գլենդելի եւ Հոլիվուդի, հարեւանությամբ գտնվող Թաուզընդ Օքս քաղաքում հայ ընտանիքներ գրեթե չեն ապրում, սակայն վերջին մի քանի ամսում քաղաքի գլխավոր համերգասրահում հայ երաժիշտներ են ներկայացվում եւ հիմնականում օտարազգի հանդիսատեսի համար։ Լոս Անջելեսի ամենահայտնի երաժշտական նվագախմբերից մեկի՝ Նյու Վեստ Սիմֆոնին վերջին երեք ամսում իր համերգային ծրագրում ընդգրկել էր երկու հայ մեծանուն կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյան (համերգ դաշնամուրի եւ նվագախմբի համար) եւ Ալեքսանդր Հարությունյան (համերգ շեփորի համար)։ Երկու դեպքում էլ ամերիկացի հանդիսատեսը մեծ հիացմունքով ընդունեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ավելին, հարկ է հատուկ նշել, որ միայն հայ կոմպոզիտորների գործերի կատարումից հետո հանդիսատեսը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր։ Եվ դա այն դեպքում, երբ երկու համերգների ժամանակ էլ ներկայացվում էին նաեւ աշխարհին հայտնի այնպիսի մեծանուն կոմպոզիտորների գործեր, ինչպիսիք՝ Մոցարտ, Ստրավինսկի, Հենդել, Վերդի եւ Բրամս, սակայն միայն հայազգի կոմպոզիտորների գործերն արժանացան նման առանձնահատուկ վերաբերմունքի։ Իսկ տեղի հանդիսատեսը, ինչպես մեզ հետ զրույցում նկատեց Նյու Վեստ Սիմֆոնիի ղեկավար Բորիս Բրոթը, չափազանց քմահաճ է եւ գնահատում է միայն բարձրաճաշակ դասական երաժշտությունը։ Բ. Բրոթը դա ասաց ի արդարացում ներկաներից մեկի այն առաջարկի, թե ինչու նվագախումբը չի կատարում երիտասարդ եւ ոչ այնքան հայտնի կոմպոզիտորների գործեր։ Երկարատեւ, հոտնկայս ծափերով հանդիսատեսը ողջունեց նաեւ նույն համերգասրահում մի քանի օր առաջ կայացած մեկ այլ նվագախմբի կատարում՝ Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանան», եւ հայազգի կատարողներ կային ոչ միայն նվագախմբում, այլեւ երեք մեներգիչներից մեկը հայ էր՝ տաղանդավոր երգչուհի Տաթեւիկ Յարալյանը, որը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ երգչախմբի անդամ է (համերգը ղեկավարում էր նույն երգչախմբի դիրիժորը)։ Տաթեւիկը որպես մեներգչուհի, հաջողությամբ հանդես է եկել Ամերիկայի եւ Եվրոպայի բազմաթիվ բեմերում (սակայն Հայաստանում դեռ չի եղել, թեպետ շատ է ցանկանում), նաեւ մասնակցում էր Սան Ֆրանցիսկոյի օպերայի բեմադրած «Արշակ 2-րդ» օպերայում։ Բերվածները եզակի օրինակներ չէին։ Հայազգի կոմպոզիտորների գործերը մեծ հաջողությամբ կատարվում են Ամերիկայի տարբեր հայտնի նվագախմբերի կողմից, որոնցում ընդգրկված են բազմաթիվ հայազգի տաղանդավոր կատարողներ, որոնց մասին Հայաստանում գրեթե ոչինչ չգիտեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել