Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՎԱՐՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ

Մարտ 15,2003 00:00

ԼԱՎ ՎԱՐՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ Բրիտանիայի բանտային համակարգն անընդհատ բարեփոխվում է Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնի տնօրեն Էնդրյու Բերկլին, որը նաեւ Եվրախորհրդի փորձագետ է, երկու անգամ եղել է Հայաստանում եւ քաջ ծանոթ է մեր ազատազրկման վայրերին: Նա գիտեր Հայաստանում այդ համակարգի բարեփոխումների մասին եւ շեշտեց, որ դրանք, դժբախտաբար, շատ դանդաղ են ընթանում: Այն հարցին, թե արդյոք որեւէ լավ բան նա տեսա՞վ մեր համակարգում, մի փոքր մտածելուց հետո պատասխանեց, որ իրեն զարմացրել է այն, որ կալանավորներին այցելության են գալիս ընտանիքները՝ կանայք եւ երեխաները: Անգլիայում մինչեւ 1878 թ. «Բանտերի բարեփոխումների» մասին բիլի ընդունումը՝ բոլոր բանտերը մասնավոր էին: Այդ օրենքով վերացվեցին մասնավոր բանտերը: Ընդհանրապես բանտային ազատազրկումը պատժի նոր ձեւ է: Մինչեւ 18-րդ դարը եվրոպական մի շարք երկրներում բանտը չի եղել հանցագործի համար պատիժ կրելու վայր: Մարդիկ նստել են ճաղերի ետեւում՝ սպասելով իրենց դատավճռի կայացմանը եւ դրա իրականացմանը: Իսկ դատավճիռը կամ աքսոր էր՝ աշխատելու, կամ՝ կառափնարան: Առաջին մասնավոր բանտը Մեծ Բրիտանիայում հայտնվեց 1991 թ.: Այսօր Միացյալ թագավորությունում դրանց թիվը հասնում է 10-ի: Այդ բանտերում պայմաններն ավելի լավ են, քան պետականներում: Մասնավոր բանտերում գտնվում է բանտարկյալների մոտավորապես 8 տոկոսը: Մասնավոր բանտը 12 տոկոսով ավելի պակաս միջոցներ է ծախսում մեկ բանտարկյալի համար, քան պետականը: Եթե մասնավոր բանտերում բանտարկյալներն իրենց վատ են պահում, նրանց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, ասենք, ավելացվում է պատժաժամկետը: Իհարկե, իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են մասնավոր բանտերի տերերին, որ նրանք շահույթ ստանալու նպատակով ավելի երկար են պահում կալանավորներին, իսկ լավ վարքի համար ժամկետը չեն կրճատում: Պետական բանտերում լավ վարքի համար ժամկետը կրճատում են: Եղել են դեպքեր, երբ Անգլիայի հյուսիսում գտնվող Ուոլդս մասնավոր բանտի «փորձված» բանտարկյալները բողոքել են եւ նրանց տեղափոխել են պետական բանտ: Բողոքողներին դուր չի եկել բանտի մաքրությունը, հսկիչների ընդգծված լավ վերաբերմունքը կասկածելի է թվացել, հատկապես երբ նրանց դիմում էին անունով կամ դրան ավելացնում «միստր» բառը: 1990 թ. սկզբներին բրիտանական մի քանի բանտերում կազմակերպվեցին խռովություններ: Այդ ժամանակ 19-րդ դարում կառուցված բանտի՝ մեկ հոգու համար նախատեսված խցում տեղավորված էր երեք բանտարկյալ: Խռովարարները բողոքում էին բանտի կենցաղային պայմաններից, աշխատողների վերաբերմունքից, ուսումնական ծրագրերի բացակայությունից: Կառավարությունը սկսեց մտածել: Կատարվեցին ուսումնասիրություններ: Պարզվեց, որ հասարակությունն իրականում գրեթե ոչինչ չգիտի բանտերում տիրող իրավիճակի մասին: Խռովությունները հասարակության առջեւ բացեցին բանտային աշխարհը: Լորդ Վուլֆը դարձավ բանտերում բարեփոխումների գործի առաջնորդը: Բրիտանիայի բանտերը չորս կատեգորիայի են: Ամենախիստը Ա կարգի բանտն է: Այստեղ են տեղավորված ծանր հանցագործները: Մենք այցելեցինք չորրորդ կատեգորիայի «Լաթչմեր Հաուզ» բանտը: Այն, ինչպես ընդունված է ասել, բաց բանտ է: Մեծ Բրիտանիայի լավագույն բանտերից: Իսկ Բրիտանիայում բանտային համակարգը, պարզվում է, ունի լուրջ խնդիրներ: Հիմնական խնդիրը բանտարկյալների թվի աճն է. այն այսօր հասնում է 70 հազարի, իսկ բանտերում առավելագույնը 71 հազար տեղ է: Բազմաթիվ ուսումնական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, պետական մարմիններ ուսումնասիրում են հանցագործությունների խորքային պատճառները: Ուսումնասիրում են բանտարկյալների հոգեվիճակը, հանցագործություն կատարելու դրդապատճառները: Պարզվել է, որ գլխավոր խնդիրը բանտարկյալների օտարվածությունն է հասարակությունից: Չունենալով ոչ տուն, ոչ մասնագիտություն, նրանցից շատերը նորից ստիպված են լինում հանցանք գործել: Երկրում յուրաքանչյուր հինգերորդ հանցագործություն կատարում է նախկին բանտարկյալը: Շատ հանցագործներ դաստիարակվել են բարդ ընտանիքներում, դպրոցում վատ են սովորել, նրանց մոտ կեսը պարբերաբար օգտագործել է թմրանյութեր: Բրիտանական բանտերում տղամարդկանց մոտավորապես 50 տոկոսը, կանանց 70 տոկոսը չունեն մասնագիտություն: Բանտարկյալների միայն 70 տոկոսն է ապահովված աշխատանքով: Բանտից դուրս եկող բանտարկյալների 40 տոկոսը բնակարան չունի: Նրանք բնակարանները կորցնում են բանտում գտնվելու ժամանակ: Եվ այսօր կառավարությունը արդեն բանտարկվելուց հետո վեց ամիս շարունակ վճարում է բանտարկյալի բնակարանի վարձը, որպեսզի այդ ընթացքում նա չկորցնի տունը եւ հասցնի բանտում աշխատանք գտնել եւ ինքնուրույն վճարել: Կտրուկ ավելանում է կին-բանտարկյալների թիվը, իսկ նրանց համար նախատեսված բանտեր չկան: 2002 թվականին «Իստվուդ պարկ» բանտում ուսումնասիրություններ կատարելով՝ ստուգողները բավական խիստ հաշվետվություն կազմեցին: Բանտի վատթար պայմանները պատճառ են դարձել ինքնասպանությունների. վերջին երկու տարվա ընթացքում երեք կին է ինքնասպան եղել, իսկ 56 հոգու հանձնաժողովը պոտենցիալ «ինքնասպաններ» է համարել: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը կառավարությանը ներկայացրել է բանտային պայմանները բարելավելու 89 առաջարկ: Բանտերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները կանանց թվի կտրուկ ավելացման համար մեղադրում են դատարաններին, որոնք շատ չնչին հանցանքների համար կանանց ուղարկում են ազատազրկման վայր: Մեծ Բրիտանիայի Բանտային ծառայությունների վարչության պետ Մարտին Նարեյն ասում է, որ Վիկտորիանական դարաշրջանի բանտերը «նման են դժոխքի»: Բրիտանացիներն այսօր արդեն ավելի շատ իրականացնում են հանցագործության կանխարգելման ծրագրեր: Առավել անապահով խավի համար կան հատուկ ծրագրեր: Մենք եղանք Լոնդոնի կենտրոնի նման մի թաղամասում: Մեծ բնակարաններ, նպաստ, կրթական ծրագրեր երեխաների համար: Սա այն խավն է, որտեղ մեծանում են «ապագա» հանցագործները: Եվ այս ծրագրի նպատակը հենց այդ մարդկանց հանցագործ դառնալը կանխելն է: Արդեն 5 տարի իրականացվող այս ծրագիրը տվել է շոշափելի արդյունքներ. այդ թաղամասում 60 տոկոսով նվազել է հանցագործությունները թիվը: Բրիտանիայում իսկապես ամեն ինչ արվում է այս մարդկանց հասարակություն վերադարձնելու համար: Նրանք կարող են լինել բանտարկյալ ու ապրել արժանապատիվ կյանքով: Նրանք կարող են աշխատել գրեթե ցանկացած հիմնարկում: Ցմահ բանտարկության ենթարկվածներից մեկը պատմեց, որ ինքը քաղաքի կենտրոնում գտնվող բանկի ռեստորանի մենեջերն է: Առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան վերադառնում, իսկ շաբաթ172կիրակի օրերին իր ցանկությամբ կարող է անցկացնել ընտանիքում: Նրան վճարում են նույնքան աշխատավարձ, ինչքան սովորական անգլիացուն: Մի խոսքով, 1996 թ. սկսած, բանտային բարեփոխումներն անընդհատ պրոցես են Մեծ Բրիտանիայում: Եթե դասակարգելու լինենք հանցագործությունների վտանգավորությունը, ապա այն կունենա այսպիսի տեսք՝ ամենախիստ պատիժները սահմանվում են սպանության համար: Նախատեսվում է ցմահ բանտարկություն, երկրորդ տեղում թմրանյութերի վաճառքն է, երրորդը՝ սեռական բռնությունները: 2002 թվականի հունվարին որոշվեց, որ բջջային հեռախոսների գողության համար այսուհետեւ կդատապարտվեն բանտային պատժի: Նվազագույն պատիժը մեկ ու կես տարի է, առավելագույնը՝ մինչեւ 5 տարի ազատազրկում: Պատժի խստացումը կապված է նրա հետ, որ մառախլապատ Ալբիոնում, որտեղ բնակչության 70 տոկոսը բջջային հեռախոս ունի, դրանց գողությունը վերածվել է «համաճարակի»: Ամենից շատ տուժում են դպրոցականները, նրանց 70 տոկոսից ավելին հեռախոս ունի: Բրիտանացիները անհանգստացած են նաեւ հետազոտությունների որոշ արդյունքներով: Բանտերից դուրս եկածների 60 տոկոսը վաղ թե ուշ նորից է կատարում հանցագործություն եւ հայտնվում բանտում: Նրանք այսօր քննարկում են բարեփոխումների նոր մոդելներ: Բարեփոխումների մեջ ուշագրավ է հատկապես մի դրույթ: Բանտարկյալը կարող է աշխատել երկուշաբթիից մինչեւ ուրբաթ ներառյալ: Իսկ բանտ նրանք կվերադառնան միայն հանգստյան օրերին: Սա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Դեյվիդ Բլանքեթի ծրագիրն Է: Փաստորեն, վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում բանտարկյալների թիվը ավելացել է մոտ 50 տոկոսով: Բի-Բի-Սի ռադիոկայանին տված հարցազրույցում Դեյվիդ Բլանքեթն ասել է. «Մենք պետք է ավելի խիստ գործենք նրանց նկատմամբ, ովքեր կատարում են բռնություն պարունակող, սեքսուալ հողի վրա կատարված եւ այլ վտանգավոր հանցագործություն»: Միաժամանակ նա ավելացրել է, որ նրանք, ում բանտ են նստեցնում նույնիսկ նվազ ժամանակահատվածով՝ վեց ամսով, կորցնում են աշխատանքը, ընտանիքը, իսկ եթե կին է, նրանից վերցնում են երեխային: «Իսկ երբ նրանք ազատվում են, չեն ստանում օժանդակություն, վերականգնում: Վերջինը նման հանցագործների համար գոյություն չունի»,- ասել է նախարարը նույն հարցազրույցում: Մեծ Բրիտանիայի Գերագույն դատավոր Լորդ Վուլֆը կարծում է, որ «Դատարանը մարդուն բանտային ռեժիմի պիտի դատապարտի միմիայն այն դեպքում, եթե նա հաստատում է, որ ամբաստանյալն իր վարքով ցույց է տալիս իր նկատմամբ հասարակական պատիժ կիրառելու անհնարինությունը»: Իսկ հասարակական պատիժ նշանակում է հանցագործին լծել հասարակական աշխատանքի: Օրինակ՝ հանցանք կատարած ֆուտբոլիստները պարտավոր են ֆուտբոլ պարապել երեխաների հետ: Սա համարվում է հասարակական գործունեություն: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել