Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելցուկին՝ ավելցուկ

Մարտ 15,2003 00:00

Ավելցուկին՝ ավելցուկ 90-ականներից սկսած՝ Հայաստանը խիստ արտահայտված գյուղատնտեսական երկիր է համարվում։ Զբաղված բնակչության 40-45%-ն աշխատում է հենց այս ոլորտում։ Գրեթե ամեն տարի երկրի համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է ավելի քան 30%, այն դեպքում, երբ կայացած երկրներում այն 12-13% է։ Ոլորտի մասնագետների հաշվարկով, հողերի սեփականաշնորհումից հետո էլ հանրապետությունում արտադրված գյուղմթերքը լիովին բավարարել է ներքին սպառման պահանջարկը նաեւ մեկ շնչի հաշվով։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում Իրանից եւ Թուրքիայից ներկրվել են թարմ բանջարեղեն եւ մրգեր, որոնց գերարտադրություն կար այստեղ։ Հասկանալի է, որ նման իրավիճակում գյուղացուն մնում էր իր ստեղծածը ջրի գնով հանձնել վերամշակող գործարաններին, ակնկալվող կոպեկներին էլ երբեմն սպասել այնքան, մինչեւ գործարանատիրոջ քեֆը կտա։ Սա, իհարկե, խոսում է մեր պետության վարած «ճկուն ու նպատակասլաց» քաղաքականության մասին, որի հետեւանքով դատարկվեցին գյուղերը, հողատեր դարձած գյուղացին թողեց իր «պարգեւը» ու գնաց հաց փնտրելու արտերկրում։ Մինչդեռ անհրաժեշտ էր խստացնել գյուղմթերքի ներկրման հարկային դաշտը, բարձրացնելու փոխարեն ավելի իջեցնել ոռոգման ջրի վարձը, պարարտանյութը չդարձնել «մոնոպոլ» ապրանք, եկած օգնությունն էլ բաժանել բարեխղճորեն։ Պատահական չէ, որ անցյալ տարի վերամշակող գործարանները հումքի պակաս են ունեցել։ Նույն խնդիրն առկա է բուսական ու կենդանական ծագում ունեցող պատրաստի սննդամթերքի ներկրման ու արտահանման հարցում։ Կրկին վիճակագիրների տվյալներով, 2000-ից մինչեւ 2002-ը ընկած ժամանակահատվածում այդ ապրանքախմբերի ներկրման ծավալը 20-30 անգամ գերազանցում է արտահանման ծավալը։ Դա վերջին ու լավագույն ցուցանիշն է։ Լավատես վերլուծաբանների կարծիքով, այդ տարբերությունը տարեցտարի կկրճատվի, քանի որ Հայաստանն ունի սեփական հումքն ունենալու լավագույն պայմաններ։ Մնում է մեր սպառման պահանջարկը բավարարող ու գերազանցող բարձրորակ արտադրության կազմակերպումը։ Այստեղ ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է այն, որ արտադրության ծավալները, միջազգային չափանիշներով հաշված, մեծ չեն, դրանով իսկ արտադրանքի ինքնարժեքն է մեծանում, ինչը սահմանափակում է զարգացման հնարավորությունները։ Հատկապես այն դեպքերում, երբ արտադրությունը պետք է կազմակերպվի զրոյից։ Իսկ կիսաթալանված ու հնացած տեխնոլոգիական սարքավորումներով սննդարդյունաբերական մեր ձեռնարկություններից գրեթե յուրաքանչյուրում էլ ամեն ինչ պետք է սկսվի զրոյից։ Այս առումով դրությունն ավելի քան բարվոք է ալկոհոլային խմիչքների արտադրությունում։ Պատկերը թափանցիկ են դարձնում վիճակագրական տվյալները։ 1996 թվականին հանրապետություն է ներմուծվել 466,2 հազար լիտր գինի, արտահանվել է 374,4 հազար լիտր։ Իսկ 2001-ին ներմուծվել է ընդամենը 59 հազար լիտր, բայց արտահանումը կազմել է 1 մլն 372 հազար լիտր։ Նույն 1996 թվին արտահանվել է ծավալային առումով 36,7 անգամ ավելի շատ կոնյակ, քան ներմուծվել է, իսկ 2001-ին արտահանումը գերազանցել է ներմուծմանը 700 անգամ։ Ինչ վերաբերում է օղուն՝ 1996 թվականին ներմուծվել է ծավալային առումով 71 անգամ շատ, քան արտահանվել է, իսկ 4 տարի անց արդեն արտահանումն է գերազանցել ներկրմանը 3,6 անգամ։ Ակներեւ է, որ արտադրության այս ճյուղն արդեն «հալի է եկել», եւ պետության կողմից մաքսային կամ հարկային միջամտության անհրաժեշտություն չկա։ Հատկապես նկատելի է գինու արտադրության առաջընթացը։ Որպես կանոն, բացի Ռուսաստանից, արտաքին աշխարհը Հայաստանը չի ճանաչել որպես գինեգործական երկիր։ Համաշխարհային շուկայում ինչպես ցանկացած գյուղմթերքի, այնպես էլ սպիրտային խմիչքների հանդեպ ներկայացվող որակական պահանջները չափազանց մեծ են։ Ընդամենը 5-6 տարի առաջ մեր երկիրը չուներ բարձրորակ գինու արտադրության տեխնոլոգիա, իսկ այսօր համաշխարհային շուկային ներկայացնում է նրա պահանջներին համապատասխանող միջին որակի գինի։ Արտահանման ծավալներն էլ ձեռք են բերել ոչ մեծ, բայց կայուն աճ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել