«ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ»-1 Լուսանկարում պատկերված տեսարանները մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքից են։ Շենքը բնակելի է ու թեեւ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, մարդիկ բնակվում են այդ բնակարաններում։ Բանն այն է, որ մայրաքաղաքի շատ շենքերի պես, այս շենքի տանիքը եւս կաթում է։ Ու եթե այլ դեպքում վիճակը տանելի է, այս դեպքում՝ ծայրահեղության հետ գործ ունենք։ Բնակիչները, բնականաբար, մի շարք դիմումներ են գրել Արաբկիրի թաղապետարան։ Սակայն, բնակիչների համար դրանց մինչ օրս անհայտ ճակատագիրը առանձնապես չի «մխիթարել» մարդկանց։ Ու այս անգամ էլ փորձել են հարցի լուծումը ստանալ թերթի միջոցով։ Այս առիթով «Արաբկիր-սպասարկում» ԲՇՏ-ների վարչության պետ Վլադիմիր Ղազարյանը պաշտոնապես իր վրդովմունքը հայտնեց առ այն, որ «բնակիչները 1 մլն դրամից ավելի պարտք ունեն, այդ իսկ պատճառով շենքի տանիքի վերանորոգումը թաղապետարանի այս տարվա պլանում էլ ներառված չէ»։ Ապա կարճ եւ կոնկրետ՝ «չենք կարող ոչ մի գործ անել»,- ասելիքը եզրափակեց ԲՇՏ-ների վարչության պետը։ Ի հեճուկս պարոն պետի կարծիքի, արձանագրենք նաեւ, որ իններորդ հարկի բնակիչը ամիսներ առաջ եւս մի դիմում է հղել թաղապետարան։ Որում, մասնավորապես, տեղյակ է պահել հարգարժան պաշտոնատարներին, որ այլեւս դադարեցնում է վարձավճարների մուծումը, քանզի մուծի-չմուծի, միեւնույն է՝ «կրիշը կաթում է ու կաթում»։ Ու մինչ թաղապետարանականները փողի կռիվ են տալիս բնակիչների հետ, վերջիններս ստիպված են միջանցքներով տեղաշարժվելիս անձրեւանոցի օգնությանը դիմել։ Անգամ բնակարաններում գիշերները հերթապահություն սահմանում՝ արագորեն ջրով լցվող վաննաները դատարկելու համար։ Ու այս ամենի վերջին եւ տրամաբանական ակորդն այն է, որ մեկ շաբաթ է, ինչ վերելակն էլ չի աշխատում։ Կաթոցից անմասն չմնալով, վնասվել են նաեւ հոսանքագծերը։ Ի դեպ, այս երեւույթը «սողոսկել» է բնակարաններ։ Խոնավությունը ներծծվել է նաեւ բնակարանների պատերի մեջ, որոնք նույնպես «պարունակում» են սույն հոսանքագծերից։ Իսկ ամենատխուրն այս պատմության մեջ այն է, որ նախագահական ընտրությունները այս շենքի տանիքն էլ են շոշափել։ Այդ տարածքում տեղադրված Քոչարյանի շտաբականները օգտագործելով բնակիչների «աքիլլեսյան գարշապարը», թաղապետարանից իբր հատուկ հետաքրքրվել եւ բնակիչներին տեղեկացրել են, որ «այս տարվա պլանում շենքն ընդգրկված է»։ Եվ իբրեւ այս տիտանական աշխատանքի փոխհատուցում, բնակիչներին «խորհուրդ են տվել» ընտրել Քոչարյանին։ Այս դեպքում «խորհուրդը» բավականին հատկանշական է. Քոչարյանը միասին աշխատելու բազում կոչեր շռայլեց։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ