Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԵՆ

Մարտ 15,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԵՆ Եվ սպառնում են պետության գոյությանը Տվեք ինձ էլեկտորատ եւ ես կշահեմ ընտրությունները Հայաստանում երբեք ընտրություններ չեն եղել։ Առաջին հանրապետության օրերին ընտրությունները կեղծվել են, պատճառ բերելով, թե ժողովուրդը պատրաստ չէր դրան։ Նկատի ունենալով մեր ժողովրդի քաղաքակրթության մակարդակը 1918 թվականին, կարելի է պնդել, որ պատճառաբանությունը հիմնավոր էր։ Ավելին, անմտություն էր այն ժամանակվա Հայաստանը հանրապետություն հռչակելը։ Երկրորդ հանրապետությունն այդ առումով հաշվից դուրս է։ Ընդհանուր հաշվով, ընտրություն չի եղել նաեւ 1991 թվականին. հեղափոխական խանդավառությունը եկեք չշփոթենք ընտրության հետ, քանի որ վերջինս պիտի կատարվի սթափ ուղեղով, որը նվազեցնում է հույսերի հետագա փլուզման հավանականությունը։ Համենայնդեպս, 5 տարի անց հանրության գերակշիռ մասն ինքն արդեն գտնում էր, որ 1991-ին սխալվել է։ Ընտրություն չի եղել նաեւ 1996-ին. ատելությունը կամ մերժումը քիչ կապ ունեն արդյունավետ ընտրության հետ. դրանք վատ խորհրդատուներ են, որ կարող են տանել մոլորության։ Եվ հետո, 1996-ին մենք չունեինք արդյունավետ ընտրություն կատարելու ընդունակ էլեկտորատ, որը հասու լիներ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունենում երկրում, զանազաներ դժվարությունների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, կարողանար վերլուծել, թե երկրորդ անգամ քվե հայցող, գործող նախագահը իրականում ո՞ր չափով է պատասխանատու ստեղծված կացության համար, հաշվարկեր, թե առաջարկվող ծրագրերից ո՞րն է, հաշվի առնելով իրական դժվարությունները՝ իրագործելի լուծումներ առաջարկում եւ այլն։ Ընդդիմության կողմից մոլորեցված մեր ընտրազանգվածը միանշանակորեն համոզված էր, թե հանրապետության առաջին նախագահն է բոլոր դժվարությունների պատճառն ու մեղավորը եւ այդ դիրքորոշումով էլ մոտեցավ քվեատուփերին։ Այսօր արդեն նույն այդ էլեկտորատի զգալի մի հատված, հաշվի առնելով հետագա իրադարձությունները, որոշակիորեն փոխել է իր վերաբերմունքը առաջին նախագահի հանդեպ։ Այսինքն, ակամա ընդունում է, որ 1996-ին ինքն այնքան էլ ճիշտ եզրահանգում չի ունեցել երեւույթների վերաբերյալ։ Արդյունավետ ընտրություն, որպես այդպիսին, չեղավ նաեւ 1998-ին. կարոտաբաղձությունը եւս առնչություն չունի ընտրության արդյունավետության հետ եւ այն ժամանակ առաջադրված թեկնածուներից, նորմալ էլեկտորատի դեպքում, Հայաստանի նախագահ հարյուրից հարյուր դեպքում կընտրվեր աջերից որեւէ մեկը։ Այսօր նույնիսկ մասնագետ վերլուծաբաններն են դժվարանում գտնել «ո՞վ ենք մենք իրականում՝ որպես հանրույթ, ինչո՞ւ մեր հասարակական կյանքը կարգավորվելու փոխարեն հետզհետե դառնում է անկառավարելի» հարցերի վերջնական պատասխանները, էլ ո՞ւր մնաց՝ հասարակ ժողովուրդը։ Բայց ահա մենք, մոդային տուրք տալով, քաղաքականությունից բացարձակապես գլուխ չհանող, սոսկ զգացմունքներին տրվող, իր գերակշիռ մասով սոված ու կաշառվող ժողովրդին տանում ենք դեպի քվեատուփերը եւ… պահանջում վճռել իր ճակատագիրը։ Արդյունքը լինում է այն, որ թեկնածուներից նա, ով քիչ թե շատ պատկերացնում է երկրի իրական դժվարությունները եւ գուցե թե ճշմարտանման լուծումներ էլ ունենա, հավաքում է 1 (մեկ) տոկոսից էլ նվազ քվե… Ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվում հրաժարվել իշխանությունից Մի պահ ենթադրենք, թե ունենք արդյունավետ ընտրություն կատարելու ընդունակ ժողովուրդ կամ էլ համարենք, թե ընտրության արդյունավետությունը մեզ համար այնքան էլ կարեւոր չէ եւ կարեւորը հասարակության մեծամասնության կամքն է։ Ընտրությունների ժամանակ հասարակության մեծամասնության կամքին հակադրվում է իշխանությունից հեռանալու իշխանությունների համառությունը։ Այդ համառությունը համագումար է մի շարք բաղադրիչների։ Նախ, իշխանությունը մեր նման վայրիվերո երկրում ամեն ինչ է. պաշտոնեական դիրքի օգտագործումով շահի ստացում, օրենքների շրջանցման եւ անպատժելիության ապահովում, պաշտպանություն նույն այդ իշխանական համակարգի բռի ոտնձգություններից։ Բացի այդ, իշխանությունն առավել գայթակղիչ է անցումային փուլում, երբ տեղի է ունենում հանրային ունեցվածքի համատարած սեփականաշնորհում եւ իշխանություն ունեցողը հնարավորություն է ստանում պարզունակ մեքենայությունների միջոցով տիրանալ այնպիսի հարստությունների, որպիսին նորմալ գործարարը հազիվ թե կարողանա կուտակել իր ողջ կյանքում։ Այսպիսի իրավիճակում իշխանություն կորցնելը նշանակում է կորցնել ամեն ինչ եւ ընտրություն անցկացնել այդպիսի իրավիճակում՝ նշանակում է ԽԼԵԼ նրանցից բոլոր այդ հնարավորությունները։ Եվ այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու՝ իշխանություններին ուղղված հորդորը։ Աշխարհի փորձը վկայում է, որ քանի դեռ տեղի չի ունեցել ունեցվածքի վերջնական վերաբաշխում եւ օրենքներով չի ապահովվել արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը, ապա լիակատար ժողովրդավարության մասին խոսելն անգամ անիմաստ է։ Քանի որ մեր երկրում չեն գործում օրենքները, ապա վերոբերյալ անձեռնմխելիությունն ապահովելը եւս դառնում է անհնար, ու իշխողները հարկադրված են պահել իշխանությունը որքան ասես երկար՝ բացառելով լիակատար իշխանափոխությունը։ Այս տեսակետը «Առավոտում» հայտնել եմ դեռեւս 1997 թվականին ու հետագա իրադարձությունները կարծես թե հակառակը չեն ապացուցել։ Նշվածով իշխողների համառության շարժառիթները չեն ավարտվում։ Հասարակարգի փոփոխության ընթացքում, որպես կանոն, տեղի են ունենում երեւույթներ, որոնք որոշակի ժամանակահատվածում, անկախ իշխանությունների կամքից, առաջացնում են սոցիալական աղետով ուղեկցվող ցնցումներ։ Թե՛ հասարակությունը, թե՛ ընդդիմությունը կամա թե ակամա այս դժվարությունների միակ մեղավորը համարում են իշխանություններին, մինչդեռ իշխանությունները զգալով իրենց մեղքի բաժնի ուռճացված լինելը, նաեւ տեսնելով, թե ինչպես են դարերի ընթացքում հասարակության մեջ ձեւավորված արատների համար հանիրավի պատասխան պահանջում իրենցից, ու նաեւ համոզվելով, որ գրեթե անհնար է կարգի բերել հազար տարի պետություն չտեսած ժողովրդի կյանքը՝ քաղաքական հակառակորդի ագրեսիվությանը շատ դեպքերում հակադրում են իրենց, շատ ավելի զորեղ ագրեսիվությունը։ Ոչ պակաս կարեւոր գործոն է կիսապատերազմական վիճակի գոյությունը. երկրի անվտանգության ապահովման համար իշխանություններն իրականացնում են գաղտնի որոշ քայլեր, սակայն հասկանալի պատճառով զրկված են այդ մասին հանրությանը տեղեկացնելու հնարավորությունից եւ ակամա արհամարհանքով կամ ագրեսիայով են լցվում իրենց վաստակը չգնահատող ժողովրդի հանդեպ։ Բացի այդ, իշխանությունները տեսնում են, որ ժողովուրդն ի վիճակի չէ կատարել արդյունավետ ընտրություն, որը, ինչպես վերը նշեցինք, այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից, եւ ինչ-որ չափով նաեւ երկրի ապագայով մտահոգված՝ հրաժարվում են իշխանությունը հանձնել իրենց կարծիքով անլուրջ ուժերին։ Եվ, վերջապես, իշխանությունների համառության գլխավոր շարժառիթը՝ նրանք երկյուղում են իշխանությունից հեռանալուց հետո ֆիզիկական հնարավոր հաշվեհարդարից, երկյուղ, որն առկա էր 1996 թվականին, ոչ այնքան վառ արտահայտված՝ կար 1998 թվականի փետրվարին, առկա է այսօր, առկա է լինելու վաղը եւս։ Ուտոպիա Հասարակության անդամների կամ խմբերի միջեւ գործող հարաբերությունները օրենքների շրջանակներում պահելու նպատակով քաղաքակիրթ ժողովուրդները ստեղծել են արդարադատության համակարգ եւ օժտել նրան անկախությամբ։ Մենք, որպես ժողովուրդ, հասունացած չենք հասարակական կյանքում արդարադատության անգամ տարրական նորմեր ապահովել, հետեւաբար չունենք պետական որեւիցե մարմին, որը ճշմարիտ եւ անաչառ լուծում կգտներ վեճեր ծագելու դեպքում։ Եթե ի զորու չենք այդ մարմինը ստեղծել, ապա որեւիցե մակարդակի ընտրությունների արդարության մասին խոսելը ավելի քան անհեթեթ է, ինչը եւ ապացուցում է մեր կյանքը՝ սկսած 1995 թվականից։ Քվե տալը բավարար չէ Եվ այսպես, չկա երկրում արդարադատություն եւ կա իշխանությունից հրաժարվելու իշխանությունների վճռական համառություն։ Այս դեպքում, ինչպես հայտարարվել է ժամանակին, անգամ հարյուր տոկոսանոց քվեարկությունը բավարար չէ իշխանափոխության համար։ Այս դեպքում իշխանափոխության սահմանադրական տարբերակը գրեթե բացառվում է եւ ընտրությունների արդյունքները կյանքում հաստատել հնարավոր է միմիայն հեղափոխության միջոցով։ Բայց կա՞ արդյոք Հայաստանում արժանապատվությունն առաջնային կատեգորիա համարող, հեղափոխության պատրաստ ժողովուրդ։ Որքան էլ տխուր է խոստովանել՝ ո՛չ, եւ դա՝ պայմանավորված մեր իսկ ողբերգական պատմական անցյալով։ Սա լավ գիտեն մեր իշխանությունները եւ ամեն անգամ, երբ ծրագրում են «ուղղել» ընտրությունների արդյունքները, համոզված են, որ ժողովուրդը կուլ կտա հերթական նվաստացումը։ Հակառակը դեռեւս կարծես թե չի եղել։ Ո՞րն է ելքը Ստացվում է կարծես թե անելանելի վիճակ։ Սակայն բնությունն ինքն անելանելի վիճակներ չի սահմանում ու եթե մենք հայտնվել ենք համանման պարագայում, նշանակում է ինչ-որ տեղ ինչ-որ պահի վրիպում ենք թույլ տվել։ Իմ կարծիքով, դա արվել է 12 տարի առաջ, երբ Հայաստանը հռչակվեց հանրապետություն՝ չունենալով պետության տվյալ տիպի համար անհրաժեշտ հասարակություն։ Ու եթե մենք մոտ ապագայում չշտկենք մեր իսկ վրիպումը եւ շարունակենք չորս-հինգ տարին մեկ ջարդել մեր ժողովրդի, առանց այդ էլ ստրկության հազարամյակի արդյունքում խեղված, ողնաշարը, ապա… ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել