Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատ իրավունքին տեր

Մարտ 15,2003 00:00

Ազատ իրավունքին տեր Սովորաբար, ցանկացած մակարդակի ընտրությունների շեմին հասարակությունն ակտիվանում է: Շիկանում են հասարակական հարաբերությունները, բորբոքվում են կրքերը եւ հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների կողմից կողմնորոշում-դիրքորոշում արտահայտող հայտարարությունները դառնում են զանգվածային լրատվական միջոցների ամենօրյա, ամենժամյա թեմա: Մեծ ու փոքր հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները, անգամ երկու-երեք մարդուց կազմված կազմակերպությունները ընտրությունների առաջին օրերից շտապում էին երկրով մեկ իրենց կողմնորոշում-դիրքորոշումն արտահայտել, ընդ որում, քարոզչական շռնդալից պաթոսով, այնպես, որ կարծես թե հայ ժողովրդի ճակատագիրը կախված է նրանց «փրկարար կողմնորոշումից»: Մինչդեռ, եթե ուսումնասիրում ես գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների ազդեցության կշիռը հասարակական կարծիքի ու կողմնորոշման վրա, ապա զգում ես, որ այն գրեթե աննշան է: Երկրապահը, որից ե՛ւ դիմությունը, ե՛ւ ընդդիմությունը աջակցություն էին ակնկալում, որպես կազմակերպություն չխառնվեց կողմնորոշում-դիրքորոշում մրցակցությանը եւ առաջին փուլում ընտրության գնաց որպես իր քաղաքացիական պարտքը կատարող քաղաքացի-ընտրազանգված: Սակայն հանրապետությունում ընթացող վերջին իրադարձությունները, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եւ իշխանամետ ու ընդդիմադիր ուժերի միջեւ ստեղծված ու առճակատման տանող լարվածությունը կարծես թե դարձյալ ճակատագրական քայլի առաջ կանգնեցրին երկրապահին: Անգամ երկրապահ զանգվածում հեղինակություն ունեցող որոշ անհատներ առաջարկում էին կողմնորոշում ազդարարող հայտարարությունով հանդես գալ: Հասարակությունը լավ է հիշում, որ այսօրվա նախագահին իշխանության է բերել նաեւ երկրապահը: Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում հայտնվելը ոգեւորել էր շատերին, իսկ բոլորից շատ ոգեւորված էր երկրապահը եւ այսօրվա «Հանրապետություն» կուսակցության լիդերները, որոնք այն ժամանակ դեռ ընդդիմություն չէին: Եթե հենվենք պատմության շարունակականության վրա, ապա նախագահական այս ընտրություններում երկրապահները իրավմամբ պիտի երկընտրանք չունենային, եթե նրանք շարունակում են մնալ իրենց հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի 98-ի դիրքորոշման վրա: Սակայն 98-ից առ այսօր տարաբնույթ զարգացումներն ու իրադարձությունները նոր իրողության առաջ են կանգնեցրել բոլոր ուժերին, այդ թվում եւ առաջին հերթին երկրապահին: Քաղաքականացված երկրապահները համալրել են ընդդիմության շարքերը, ոմանք անգամ հարթակի վրա են, ընդդիմադիր զանգվածի առջեւում, առճակատման դուրս գալով գործող նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Չնայած նոր զարգացումները, քաոսն ու անորոշությունը վտանգում են երկրի կայունությունը, բայց այնուամենայնիվ հասարակությունը, հասարակության բավականին ծավալուն շերտերն անգամ վերջին տարիների ապաերկրապահացման երկարատեւ գործընթացից հետո էլ խորին հարգանք ու վստահություն ունեն երկրապահի հանդեպ եւ նախագահի ընտրությունների օրվան սպասում էին երկրապահի քայլին: Նախագահական ընտրություններին գնալը նշանակում է գնալ երկրի ապագայի երաշխիքի ընտրության, իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ թե իրադարձությունների սրում, առճակատում, այլ սթափ մտածողություն: Այսպիսին էր խրամատային քչախոսությամբ տառապող երկրապահների դիրքորոշումը, ըստ մեր կատարած հարցումների: Երկրապահները հավատում են, որ հավատարիմ իր բնավորությանը, ինքնակազմակերպվածությանն ու խառնվածքին, ինչ էլ լինի՝ մեր ժողովուրդը չի դառնա խառնամբոխ ու չի գնա առճակատ բախումների: Ժողովրդավարությունը բավականին բարդ գործընթաց է եւ երբեմն անգամ ամենաժողովրդական երկրներն իրենց հասարակական զարգացումների ընթացքում ճարահատված են լինում դիմել որոշ ազատությունների սահմանափակման: Աստված մի արասցե, որ մեզանում էլ զարգացումները հասցնեն դրան: Եվ երկրի հեռանկարով ցավող երկրապահը ընտրությունների երկրորդ փուլում, ըստ ԵԿՄ վարչության որոշ անդամների՝ ավելի շատ զբաղված էր այս հոգսով: Հասարակական հարաբերությունների զարգացման ժամանակ անգամ ամենավատ իշխանությունների գերխնդիրը դառնում է երկրի կայունության ապահովումը: Իր շտաբները մարտական վիճակի հանած երկրապահը հակամարտող ուժերին ասելու մի բան ուներ՝ «Միք վտանգի երկրիս կայունությունն ու խաղաղությունը»: Հանուն հայրենիքի ու ժողովրդի ազատության մարտնչած երկրապահի համար դժվար է ապրել մի հասարակության մեջ, որտեղ ոչ ոք չի ուզում ճշմարտությունը լսել, բայց բոլորն ուզում են խոսել ճշմարտությունից: Նման հասարակության մեջ երկրապահն իրավունք չունի համալրելու ոչ դիմության եւ ոչ էլ ընդդիմության շարքերը, այլ պարտավոր է մնալ կենտրոնում, իշխանության եւ ընդդիմության արանքում, ժողովրդի մեջ, ժողովրդի կողքին, որպես ժողովրդի խաղաղ գոյատեւման առաջապահ եւ երկրի կայունության պահապան: Ըստ մարտի առաջին օրերին երկրապահական շրջանակներում կատարած մեր հարցումների, հայրենին ու հողն ազատագրած տղաները բնավ համաձայն չէին բոլոր նրանց հետ, ովքեր պնդում էին, որ նախագահական ընտրությունների պայքարը մտել է փակուղի: Եվ նաեւ այս պատճառով երկրապահը չմասնակցեց նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական տարակարծությանը փոխարինած մեղադրանքների ու չարության մրցակցությանը: Ժողովրդավարական համակարգերի մեխանիզմներն այնքան անսպառ են, որ կարելի է շարունակ որոնել եւ անպայման գտնել դրանց չօգտագործված հնարքները եւ հնարավոր է ձգտել ու հասնել հանգուցալուծմանը ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Դեմ լինելով լարվածության շիկացմանը, երկրապահն ընդառաջ է գնում այն ուժերին, որոնք հանդարտեցնում են քաղաքական մթնոլորտը եւ հենվում սահմանադրական հնարավորությունների վրա: ՀԱԿՈԲ ՇԱՀԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել