Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՄԻՋԵՎ

Մարտ 15,2003 00:00

ՃԳՆԱԺԱՄ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՄԻՋԵՎ Նախագահական ընտրությունների առնչությամբ արված ամենահոռետեսական կանխատեսումներն իրականացան, եւ Հայաստանում միմիայն միջազգային դիտորդները խորապես հիասթափվեցին, չնայած նրանք էլ գիտեին, որ եթե 12 տարում ոչինչ չի փոխվում, հազիվ թե երկու շաբաթում որեւէ բան փոխվի։ Սակայն խնդիրն այն չէ, որ կանխատեսումների չարդարանալու դեպքում սխալված կլինեինք, եւ ամենեւին էլ այն չէ, որ չարդարացավ եվրոպացիների անուղղելի լավատեսությունը կամ շատ ավելի լուրջ հիմքեր ունեցող մեր պեսիմիզմը։ Ողջ խնդիրն այն է, որ կանխատեսում անելիս սխալվելու հնարավորությունն է քիչ։ Մեկ անգամ էլ կրկնեմ նախորդ հոդվածներում արծարծած միտքը. հայաստանյան քաղաքական ընթացումների մասին կանխատեսում անելը բավականաչափ հեշտ է, մանավանդ եթե խոսքը վերաբերում է Քոչարյանին, Հայաստանի քաղաքական գործիչների մեջ ամենականխատեսելի գործչին։ Եվ հարցը բնավ այն չէ, դա լավ է, թե վատ, այլ, որ նա (Սենեկայի արտահայտությամբ) ուր գնում՝ իրեն տանում է հետը։ Ակնհայտորեն նախագահին դուր են գալիս թեւավոր խոսքերը. տարին չբոլորած նա երկու անգամ այլաբերեց Վոլտերի նշանավոր՝ եթե Աստված չլիներ՝ հարկավոր էր ստեղծել ասույթը, առաջին անգամ «Ա1+»-ի, երկրորդ անգամ ընտրությունների երկրորդ փուլի առիթով. եթե չլիներ երկրորդ փուլը, հարկավոր էր այն հորինել եւ հորինման արդյունքում՝ փակվեց «Ա1+»-ը, ինքը վերընտրվեց։ Այսինքն՝ նա հորինում է այն, ինչ կա եւ մերժում է այն, ինչ վաղուց հորինված է։ Այդպես պատահում է հզոր երեւակայություն, սակայն թույլ ներշնչանք ունեցող մարդկանց հետ, երբ երեւակայությունը չգտնելով իր ներշնչման առարկան, փարում է իրականությանը եւ չբավարարվելով, որոշում է ինքը վերստեղծել այն, բայց այնպիսին, որտեղ միայն ինքը կարող է թելադրել խաղի կանոններ։ Մարդու այդ տեսակը հոգեբանորեն երբեք չի պարտվում, որովհետեւ պարտությունը դառնությունների մեջ ամենադաժանն է, ուստի հզոր երեւակայությունը հորինում է հաղթանակ։ Մարդու այդ տեսակը երբեք վերջին փամփուշտը չի պահում, ինչպես ընդունված է մարտադաշտում, իսկ եթե հակառակ իր կամքի այդպես է ստացվում, ուրեմն վստահ եղեք, այն պահել է… ուրիշների համար։ Մի խոսքով՝ նա չի կարող ընդունել ո՛չ ուրիշի արդարացիությունը, ո՛չ էլ իր իրավացիությունը. պարզապես պարտադրում է իր տեսակետը, այլ կերպ ասած՝ նա պաշտպանում է- արտառոց բան եմ ասելու- իրավացի չլինելու իրավունքը։ Բայց հարցը միայն Քոչարյանի կանխատեսելի լինելը չէ։ Այսուհետեւ կանխատեսելի են նաեւ ընդդիմության քայլերը։ Դե, ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, եթե գորդյան հանգույցը լոկ ալեքսանդրյան լուծում ունի, իսկ 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփա Էդուարդ Աթայանի «ամեն օր չէ, որ ժողովրդին բախտ է վիճակվում գրոհել Բաստիլը… եւ ամեն օր չէ, որ ամբոխը վերածվում է ժողովրդի» հրամայական արտահայտությունը բացարձակապես չի աշխատում։ Եվ չի աշխատելու, որովհետեւ Բաստիլը սահմանադրությամբ չեն գրավում, ո՛չ էլ Սահմանադրության մեջ կետ կա, ըստ որի ամբոխի որոշակի չափաքանակի դեպքում կրիտիկական զանգվածը կարող է վերածվել ժողովրդի եւ առաջնորդվել սեփական սահմանադրությամբ։ Իսկ եթե, Աստված ոչ անի, կրակեն այդ սահմանադրությամբ շարժվող զանգվածի վրա, չափազանց դժվար ու անիմաստ կլինի պարզել՝ կրակել են ամբոխի՞, թե՞ ժողովրդի վրա։ Կրակեն իսկապես եւ ոչ այնպես, ինչպես 96-ին, որ ավելի շուտ կրակելու իմիտացիա էր։ Սա էլ ասում եմ, որովհետեւ երբեմն անհաջող համեմատություն են անցկացնում 96-ի եւ 2003-ի ընտրություններից հետո առաջացած իրադրությունների միջեւ։ Անհաջող այն իմաստով, որ 96-ին ժողովրդի վրա իսկապես չկրակելու, համենայնդեպս, երկու հուսալի երաշխավոր կար՝ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը։ Նույնն ակնկալել Քոչարյան-Սերժ զույգից, կարելի է ասել՝ բացառվում է։ Եվ եթե դրան գումարենք, որ կրակողները եւ այդ մասին առիթ-անառիթ հոխորտացողները բացառապես նախագահական թիմում են, իրավիճակը ոչ միայն ողբերգական, այլեւ անելանելի է։ Մյուս կողմից, միայն սահմանադրական ճանապարհով իշխանության գալու ընդդիմության բազմիցս արված հայտարարությունները, նրան դարձնում են օրինականության ձեռքին պատանդ, ինչը նաեւ իշխանությունների վերջին ապավենն է։ Սահմանադրորեն Քոչարյանին ոչինչ չի սպառնում, բացի այն, որ արդարության կարելի է հասնել դատավարական փուլերով, ինչը կնշանակի սահմանադրական ճանապարհով հասնել օրինական, սահմանադրական պարտության։ Մանավանդ, երբ սկսվեն դատավարությունները, վարչակազմը կհայտնվի նախասիրած իրավիճակում եւ կարելի է չկասկածել, որ դրանք կձգձգվեն մինչեւ հաջորդ ընտրություն։ Մեղադրյալները, ընտրազեղծարարները մերթընդմերթ կփոխեն նախնական ցուցմունքները, կարեւոր վկաները կհայտնվեն արտասահմանում կամ տնից դուրս կգան եւ այլեւս չեն վերադառնա։ Մի խոսքով, կլինի այն, ինչ տեսել ենք նախորդ հինգ տարիներին։ Քարոզչական ջղաձգումներ Ըստ էության պաշտպանության նախարարի հայտարարությունը կարելի է սահմանադրական փոփոխության հիմք համարել եւ եվրոպական կառույցների սահմանադրական փոփոխության փաթեթը մայիսին հանրաքվեի դնելու պահանջը կարելի է ձեւակերպել այնպես, որ Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, ազգային մենթալիտետը, ԱՊՀ դիտորդների կարծիքը, Լուկաշենկոյի, Կուչմայի եւ մյուսների ուղերձներն ու կաթողիկոսի մաղթանքի խոսքը, եւ ըստ այդմ՝ ՀՀ-ն փոխում է օրենսդրական կուրսը։ Անշուշտ, սա էլ է ընտրություն, եւ ինչպես ասաց ԱԺ ամենաօրինապահ փոխխոսնակը՝ եվրոպական կառույցներում լինելը թեկուզ արժեքավոր, սակայն տնտեսական զարգացման միակ ուղին չէ։ Ինչ խոսք, այլընտրանք միշտ էլ կա, մնում է այն ունենալ։ Այլ բան է, որ դրա հետ կարելի է չհամաձայնել, բայց չհամաձայնելու դեպքում՝ ի՞նչ։ Որ հանուն ժողովրդավարության 88-ից սկսված շարժումը 15 տարի անց ե՞տ է պտտվում։ Սա անհեռանկար չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Քոչարյանին սատարող ուժերը, անկախ հաճախակի մաշկափոխությունից, ազգային-սոցիալիստական են։ Այնպես որ, սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու ընդդիմության հույսը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Գագիկ Հարությունյանը, վերջինիս ժողովրդի աչքում մի օրում հերոսանալու իղձը։ Իսկ քանի որ հայտնի բան է, որ հույսը վերջինն է մեռնում, բայց ի վերջո մեռնում է, մնում է հավատալ Գագիկ Հարությունյանի անմահության ոչսահմանադրական հրաշքին։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությանը՝ մենթալիտետի եւ դրանով պայմանավորված եվրոպական եւ ԱՊՀ-ական դիտորդների գնահատականների տարբերությանը, խնդիրն ամենեւին էլ մենթալիտետը չէ եւ ոչ էլ այն, ինչ փորձում է ապացուցել պետական քարոզչամեքենան՝ իբր արեւմտյան եւ ռուսական քաղաքական տարաշահությամբ։ Մենթալիտետը չի խանգարում, որ դեմոկրատական ընտրություններ տեղի ունենան մեր հարեւան երկրներում՝ Թուրքիայում, անգամ Իրանում կամ Ճապոնիայում, որոնք եվրոպացի լինելու պարտավորություններ չունեն։ Մեր դեպքում խոսք չի կարող լինել նաեւ մշակութային ներբախման մասին։ Խոսք կարող է լինել միայն կառավարման եւ օրենքի անհամատեղելիության մասին, բայց դրան կանդրադառնանք հաջորդ հոդվածում։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել