Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջին փուլն ինչ էր, որ երկրորդն ինչ լիներ

Մարտ 15,2003 00:00

Առաջին փուլն ինչ էր, որ երկրորդն ինչ լիներ Մարտի 5-ի նախագահական ընտրությունները Վանաձորի որոշ ընտրատեղամասերում անցել են հանձնաժողովի անդամների թերի կազմով։ Այս եւ այլ ընտրախախտումների մասին տեղեկացրեց ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։ 36/1052 տեղամասում ՀԿԿ անդամ Լյովա Այվազյանը եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արման Սարգսյանը ստիպված են եղել հրաժարվել հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունից՝ ստեղծված անբարեհաճ մթնոլորտի արդյունքում։ Այդ առթիվ բողոք է ներկայացվել ընտրատարածքային հանձնաժողովին եւ պահանջվել է այդ տեղամասում ընտրության արդյունքները համարել չեղյալ։ 36/1049 տեղամասում էլ ՀԿԿ անդամ Մկրտիչ Հակոբջանյանին թույլ չեն տվել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, պատճառաբանելով, թե նա երեք նիստերի չի մասնակցել (Ա. Ղուկասյանը պատճառաբանեց, թե իրականում Հակոբջանյանը երկու նիստի չի մասնակցել եւ, բացի այդ, ընտրատարածքային հանձնաժողովը հաշվի չի առել մինչ ընտրությունը հանձնաժողովի ՀԿԿ անդամների փոփոխության հետ կապված հարցեր, որ ներկայացվել է Կոմկուսի կողմից)։ 35/1031 տեղամասում էլ համանման վիճակ է ստեղծվել, այն տարբերությամբ, որ ՀԿԿ անդամ Արտակ Հովակիմյանին հաջողվել է ձայներ հաշվելու պահին ներկա գտնվել տեղամասում (թեպետ հանձնաժողովի աշխատանքներում նրա մասնակցությունը մինչ այդ արգելակվել է)։ 35/1029 տեղամասում, որ ավտոխանութ է, քվեարկել են ՌԴ-ում գրանցում ունեցող քաղաքացիներ։ «Թող տեղամասը բացեն, տեսնեն ինչեր եմ գտնում։ 1665-ից 1395-ը Քոչարյանին է ձայն տվել»,- զայրացած դժգոհում է Ա. Ղուկասյանը։ 36/1048 տեղամասում Ալբերտ Մկրտումյան ընտրողը պարզել է, որ իր՝ 6 տարի առաջ ՌԴ-ում գրանցված եղբոր փոխարեն ստորագրել են, եւ այդ առթիվ բողոք է ներկայացրել (տեղական իշխանության ներկայացուցչի ճնշմամբ, սակայն վերջինիս համոզել են հետ վերցնել բողոքը, չնայած այն գրանցվել էր ընտրատարածքային հանձնաժողովում)։ … Ինչ խոսք, այս ամենը ընտրախախտումների մի չնչին մասն է, իսկ հեռավոր գյուղերում պատկերն առավել անմխիթար է։ Այդտեղ նույնիսկ փորձեր են եղել… բաց քվեարկություն անցկացնել։ Լավատեղյակ աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ Լոռու մարզի Ձորագետ ավանում Դեմիրճյանի վստահված անձինք ոչ միայն կանխել են բաց քվեարկությունը, այլեւ թույլ չեն տվել քվեատուփի մեջ խուրձով քվեաթերթիկներ լցնել։ Ի դեպ, նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո ավանի բնակիչներից մեկն անհեթեթ եւ շինծու մեղադրանքով յոթօրյա վարչական կալանքի է ենթարկվել (որպես «դեմիրճյանամետ»)։ Հետաքրքրական մի դեպք էլ տեղեկացրին ՍԻՄ Լոռվա կառույցից. Դեբեդ գյուղում Դեմիրճյանի կողմնակիցներից մեկի վառելափայտը տան բակից բռնագրավել են՝ խոստանալով վերադարձնել միայն այն դեպքում, եթե երաշխիք տրվի, որ կքվեարկեն Քոչարյանի օգտին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31