Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԸՀ-Ն «ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ» ՇԵՂՎԵԼ Է

Մարտ 15,2003 00:00

ԿԸՀ-Ն «ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ» ՇԵՂՎԵԼ Է Պատասխանելով Սահմանադրական դատարանի անդամի հարցին՝ պատասխանող ԿԸՀ ներկայացուցիչը՝ Գեւորգ Ներսիսյանը, ի լուր ամենքի հայտարարեց. «ԿԸՀ-ն ինչ-որ տեղ շեղում պիտի կատարեր» եւ կատարել է։ Բայց այդ շեղումների մասին քիչ հետո։ Երեկ Սահմանադրական դատարանում սկսվեց ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունը։ Նա փետրվարի 27-ին դիմելով ՍԴ՝ պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ ընտրությունները՝ 2-րդ փուլ անցկացնելու մասին, ինչպես նախնական, այնպես էլ փետրվարի 25-ի «վերահաստատված» որոշումները։ ՍԴ-ն իրավազոր էր նիստը սկսելու, բացակա էր միայն տարեց ՍԴ-ական Վլադիմիր Սահակյանը։ Զեկուցողն էր Վլադիմիր Հովհաննիսյանը, որն իրազեկեց, որ ԿԸՀ-ից ստացվել են փետրվարի 25-ի ՀՀ նախագահի ընտրության ամփոփիչ արձանագրության ԿԸՀ-ի «2-րդ փուլ» անցկացման որոշման եւ ԿԸՀ-ի փետրվարի 25-ի ԿԸՀ արտահերթ նիստի արձանագրության պատճենները։ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել էր տեղեկանք՝ հանձնաժողով մուտքագրված դիմում-բողոքների քննության արդյունքների վերաբերյալ, սակայն չէր ստացվել։ Փոխարենը՝ գործում առկա էր, ըստ զեկուցողի, դատախազության տեղեկանքը «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում դատախազությունում «Ընտրական օրենսդրության խախտումների եւ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների մասին» եւ Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հ. Դանիելյանի նամակը «փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարաններում գործերի քննության վերաբերյալ»։ Ըստ այդ նամակի, տեղեկանում ենք, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում գործեր մուտք չեն եղել, հետեւաբար՝ չեն էլ քննվել։ ՍԴ-ին տրամադրված փաստաթղթերի մեջ էին ԱԳՆ-ից ուղարկված ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկուցումների պատճենները։ Չկար եւ պահանջվեցին տեղական դիտորդների զեկուցումների պատճենները եւս։ Իմիջիայլոց, գործի քննությունը սկսվեց մի տեղեկությամբ եւս. հարակից զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն ասաց, որ դատարանը չի ստացել ոչ միայն ԿԸՀ-ի տեղեկանքը՝ ստացված դիմում-բողոքների քննարկման արդյունքների վերաբերյալ, այլ մի խումբ փաստաթղթեր, որոնք պահանջվել էին դեռ մարտի 4-ին։ Դրանք են. բոլոր ընտրական հանձնաժողովների նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունների պատճենները, ընտրական հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքների պատճենները եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների հատուկ կարծիք ներկայացրածների եւ թեկնածուների վստահված անձանց գրավոր պահանջների հիման վրա համապատասխան ընտրական տեղամասում կատարված ստուգումների եւ դրանց արդյունքների մասին։ Թվում էր, թե այս պաշարով ՍԴ-ն չի գնա ռիսկի եւ կընդհատի նիստը, սակայն ՍԴ-ն հնարավորություն տվեց դիմող եւ պատասխանող կողմին «միմյանց շոշափել»։ Առաջիկա երեքշաբթի նշանակված նիստին կողմերը կորդեգրեն նոր մարտավարություն։ Մեր տպավորությամբ՝ դիմող կողմի իրավաբանները լավագույնս ուսումնասիրել են «Ընտրական օրենսգիրքը», նրանց խոսքն առարկայական էր եւ տրամաբանական։ ԿԸՀ իրավաբան Գեւորգ Ներսիսյանը, որն ասաց, որ մեկ օր առաջ է ծանոթացել գործի նյութերին, հավանաբար փոխվի, որովհետեւ թույլ տվեց այնպիսի սայթաքումներ, որոնք ԿԸՀ-ի վարկը վերջնականապես գցեցին։ ՍԴ անդամների հարցուպատասխանից ընդամենը մեկ հատված կբերեմ, որպեսզի համոզվեք ինքներդ. Ալվինա Գյուլումյան- Որեւէ հոդված «ԸՕ»-ի խախտվե՞լ է՝ պահանջները կատարելու առումով։ Գեւորգ Ներսիսյան- Ինչ-որ տեղ պահանջ չի կատարվել։ Գագիկ Հարությունյան- ԿԸՀ-ն 60 հոդվածով սահմանված կարգով ընտրությունների արդյունքներն ամփոփե՞լ է, թե՞ ոչ։ Ե՛վ նախնականը, ե՛ւ վերջնականը։ Նայեք 60 հոդվածը, առարկայորեն ասեք։ Գեւորգ Ներսիսյան- ԿԸՀ-ն ղեկավարվել է 63 հոդվածով։ Գ. Հ.- Օրենքն ասում է, որ պետք է ղեկավարվի 60-ով, ԿԸՀ-ն ղեկավարվել է 63-ո՞վ։ Գ. Ն.- Հոդված 63-ը սահմանում է. ԿԸՀ-ի ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը։ Գ. Հ.- Ինքս լավ գիտեմ հոդվածը։ Խոսում եմ այն հոդվածի մասին, որը հիմք է ծառայել որոշում կայացնելու համար։ Ամփոփման համար անհրաժեշտ է 60 հոդվածը։ Ի սկզբանե մեր ընտրությունները մենք դատապարտե՞լ ենք։ Գ. Ն.- … Ֆելիքս Թոխյան- ԿԸՀ-ին վերապահված է իրավունք պառլամենտի կողմից ընդունված «ԸՕ»-ում «որոշակի» հակասություններ կարգավորելո՞ւ»։ Ձեր ասելով, ընդունելով այդ իսկ պատճառով անհատական որոշումնե՞ր… Գ. Ն.- Որոշակի դրույթների պահանջները կատարելու համար, այո։ Ֆ. Թ.- Փետրվարի 20-ի որոշումը հակասե՞լ է «ԸՕ»-ի 63 հոդվածի պահանջներին միայն այն պատճառով, որ օրենսգրքով պահանջված 3 հիմնական թվային չափանիշներից մեկը ընդհանրապես արձանագրության մեջ նշված չի եղել։ Գ. Ն.- ՍԴ հարգելի անդամ։ Երբ որոշակի խնդիրներ են լուծվում, չենք կարծում, որ դա բացարձակ պետք է բխեր օրենքից։ Ինչ-որ տեղ, ինչ-որ տեղ պետք է որոշակի շեղում կատարվեր։ Հակառակ պարագայում, նորից եմ կրկնում՝ կխախտվեր օրենսգրքի թվարկածս պահանջները։ Այսօրինակ իրավաբանական գոհարներն անպակաս չեն լինի եւ հաջորդ նիստին, եւ միայն ափսոս, որ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու պատճառով ՍԴ-ում չէին եվրոպական փորձագետները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել