Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱՌԱՎՈՏԻՆ» ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԿԵՂԾ ՆԱՄԱԿՆԵ՞Ր

Մարտ 15,2003 00:00

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱՌԱՎՈՏԻՆ» ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԿԵՂԾ ՆԱՄԱԿՆԵ՞Ր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը «կեղծում» է անվանել վերջերս հայկական ԶԼՄ-ների կողմից հրապարակված Կալիֆոռնիայի նահանգապետի եւ նույն նահանգի մի քանի սենատորների նամակները՝ ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի օգտին: Ինչպես հայտնում է «Արմինֆոն», լրագրողների հետ զրույցում նա հաղորդել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ դիմել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտչյանին՝ նման նամակների առկայության փաստը պարզաբանելու խնդրանքով: Նախնական պատասխանը Լոս Անջելեսից վկայում էր այն մասին, որ իրականում նման նամակներ գոյություն չունեն: Սակայն մարտի 12-ին մամուլում հրապարակվել են վերը նշված նամակների պատճենները: Դրանք ուղղվել էին վերը նշված սենատորների գրասենյակներ, որտեղից պատասխան եկավ նամակների կեղծ լինելու մասին: Սկզբից այդ ողջ պատմությունը տարօրինակ էր թվում, քանի որ սովորաբար նման կարգի պաշտոնյաները սովորություն չունեն առանձնացնել կամ շնորհավորել ինչ-որ երկրում տեղի ունեցող ընտրությունների մասնակիցներին, ընդգծել է Աղաջանյանը, ավելացնելով ընդ որում, որ իր տվյալներով, վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր են դիմել դատարան: «Առավոտի» հրապարակումը Կալիֆոռնիայի նահանգապետ Գրեյ Դեւիսի եւ սենատոր Դայան Ֆայնշթայնի՝ Ս.Դեմիրճյանին ուղղված նամակների վերաբերյալ մեծ հետաքրքրություն է առաջացրել իշխանական շրջանակներում: Քանի որ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք պատրաստվում միանալ ոչ դեմիրճյանական, ոչ քոչարյանական, ոչ էլ որեւէ այլ քարոզչության, «Առավոտի» համար նույնպես հետաքրքիր է այդ նամակների պատմությունը: Եթե դրանք իսկապես կեղծ են, ապա դա բավականին հաջող խաղաթուղթ է իշխանական քարոզչության ձեռքին: Կրկնենք, որ նամակների անգլերեն պատճենները ստացել ենք Դեմիրճյանի շտաբից մեր թղթակից Լուսինե Պետրոսյանի միջոցով եւ հրապարակել ենք Դեմիրճյանի թույլտվությամբ: Տեսականորեն չբացառելով ոչ մի վարկած, երկուշաբթի կփորձենք հարցը պարզել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել