Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այս անգամ դատվելու ենք

Մարտ 15,2003 00:00

Այս անգամ դատվելու ենք Տիգրան Սարգսյանը ցանկանում է հաշվեհարդար տեսնել «Առավոտի» հետ։ Միայն նա՞։ «Արդշինբանկն» «Առավոտից» 37 հազար դոլար գումար բռնագանձելու խնդրանքով դատարան է դիմել։ Իհարկե, բանկային համակարգի վիճակը ծանր է եւ բանկիրներից շատերին շտապ փող է պետք՝ համակարգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, բայց այդ հարցում, դժբախտաբար, չենք կարող օգնել։ Շատ-շատ կարող ենք օգնել համակարգի բացերն ու թերությունները վերհանելով, դրանք լուսաբանելով։ Բայց բանկիրների ապաշնորհ աշխատանքի պատճառով հարյուրավոր խաբված ավանդատուների խնդրի լուծումը մեզ վրա վերցնել չենք պատրաստվում։ Մեր ընթերցողը տեղյակ է, որ ԿԲ նախագահը խնդիրներ ունի «Առավոտի» հետ, եւ որ մարտի 7-ից սկսած մենք մեր գրածները հիմնավորում ենք նաեւ դատարանում։ Երեքշաբթի օրը տեղեկացանք, որ երկրորդ հայցն է հարուցվել «Առավոտի» դեմ, այս անգամ՝ նյութական վնասի փոխհատուցման մասին, իբր «Արդշինբանկը» «Առավոտի» հրապարակումներից նյութական վնաս է կրել։ Մենք բավարար հիմքեր ունենք կարծելու, որ երկրորդ հայցը հարուցվել է ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի ակտիվ ջանքերով։ Այլապես չէին վերակենդանացնի 10 ամսվա վաղեմություն ունեցող գործը։ Ըստ երեւույթին, Տ. Սարգսյանը կարծում է, որ, անցած անգամվա նման, «Առավոտը» համաձայնելու է «բլոկով» հերքում տպագրել, միայն թե դատարան չգնա։ Սակայն այս անգամ «Առավոտը» չի պատրաստվում հերքում տպագրել, եւ դատարան ենք ներկայանալու, ապացույցներ ենք ներկայացնելու, հիմնավորելու ենք մեր իրավացիությունը։ Դատական պաշտպանության տակտիկայից ելնելով՝ այս պահին, իհարկե, չենք կարող նշել, թե ինչպես ենք պատրաստվում դա անել, սակայն անձամբ Տիգրան Սարգսյանին ու հայցադիմումը ստորագրած «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Հ. Մալխասյանին տեղեկացնում ենք, որ դատաքննությունների ընթացքում եւ մեր թերթի էջերում նրանց սպասում են տհաճ անակնկալներ եւ այնպիսի փաստերի ենք տիրապետում, որ չենք կարծում, թե դրանք չընդունելը դատարանը կկարողանա մեր օրենքներից ու օրենսգրքերից որեւէ կետով հիմնավորել։ Ավելին, նշենք, որ մինչ այժմ ԿԲ նախագահի ապաշնորհ աշխատանքի մասին վկայող մեզ հասած տեղեկությունների ընդամենը 20%-ն ենք տպագրել։ Հավանաբար, պրն Սարգսյանն էլ չի հասկանում, թե սույնով իրեն ինչ կրակի մեջ է գցել։ Իսկ մեր դատարաններից մենք ընդամենն արդարություն ենք ակնկալում։ Թեկուզ նվազագույն չափով։ Որովհետեւ այդքանն էլ բավական է լինելու հայցերի անհեթեթությունն ապացուցելու համար։ Չնայած, գիտակցում ենք, որ դեռ Եվրոպայում չենք, ավելին, որ մեր իշխանությունների մենթալիտետը եվրոպականին չի համապատասխանում, այնուամենայնիվ, գնում ենք դատարան։ Վերջապես, իրավական պետություն կառուցելու հարցում ամեն մեկը պետք է անի իրեն հասանելիքը։ Հուսով ենք մեր իրավունքները պաշտպանել մեր դատարաններում եւ չհասնել Եվրոդատարան։ Առաջիկա նիստը կկայանա մարտի 19172ին, ժամը 11172ին, Կենտրոն եւ Նորք172Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել