Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ՍՏՈՒՄ, ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԵՂԾՈՒՄ»

Մարտ 15,2003 00:00

«ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ՍՏՈՒՄ, ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԵՂԾՈՒՄ» Հանրահավաքային կարգախոս Մատենադարանի մոտ երեկ տեղի ունեցավ հերթական հանրահավաքը։ Շրջաններից ու հարակից բնակավայրերից Երեւան մտնող ավտոմայրուղիները աչալրջորեն հսկող ոստիկանների ջանքերն ամբողջական արդյունք չէին տվել, մարդիկ կարողացել էին քաղաքամայր հասնել նույնիսկ ոտքով։ Երեկվա հանրահավաքում մի նոր պաստառ էր ավելացել՝ «Տղամարդը չի ստում, տղամարդը չի կեղծում»։ Առանց մեկնաբանությունների։ Մեկ այլ նորամուծություն եւս՝ հանրահավաքից առաջ մարդիկ համերգ ունկնդրեցին, կազմակերպիչների վկայությամբ՝ այսուհետ բոլոր հանրահավաքներից առաջ համերգ կլինի։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը հարկ համարեց ժողովրդին բացատրել միասնական ընդդիմության հետագա քայլերը. ի վերջո, մարդիկ ուզում են հասկանալ՝ մասնակցելո՞ւ է ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին, թե՞ բոյկոտելու է։ Ա. Բազեյանի բացատրությունը. «11-16-ի հայտերը ներկայացնելու ժամկետը, մենք ուղղակի պարտադրված ենք ԱԺ-ի մասնակցության հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել, որպեսզի համապատասխան քաղաքական իրավիճակի պայմաններում, ընտրական ինստիտուտների գործելու պայմաններում, երկիրը բռնազավթած իշխանությունից ազատվելու պայմաններում կարողանանք իրականում օրինական ընտրություններ կազմակերպել, մասնակցել այդ ընտրություններին ու ստանձնել պատասխանատվություն։ Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը մտադրություն ունեն միասնաբար մասնակցել այդ ընտրություններին, եւ այժմ այդ հարցերը քննարկվում են»։ Պրն Բազեյանն ասաց, որ իրենց «քաղաքական քայլերն ուղղված են երկրում սահմանադրական կարգը վերականգնելուն, այն է՝ Ռ. Քոչարյանին իշխանությունից հեռացնելու նպատակին»։ Բազմությունն այս խոսքերին արձագանքեց համաձայնության աղաղակով. «Ռո՛-բե՛րտ, հե՛-ռա՛- ցի՛ր»։ Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում բողոք-դիմումները՝ նախագահի ընտրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ կներկայացվեն Սահմանադրական դատարան։ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ընդդիմությունն ընդունել է հայտարարություն, իսկ Ալբերտ Բազեյանը մասնավորեցրեց՝ «մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ռ. Քոչարյանը հեռացվի իշխանությունից, նորմալ պայմաններ ստեղծենք Հայաստանում, եւ ձեւավորվեն արդար ընտրական հանձնաժողովներ, եւ դա մեզ հնարավորություն կընձեռի իրականում գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Բայց կարող է լինել մեկ այլ իրավիճակ՝ երբ Ռ. Քոչարյանի հարցը քննարկվում է կա՛մ ՍԴ-ում, կա՛մ Եվրոդատարանում, եւ նա գտնվում է կախյալ վիճակում, թուլացած, ու մենք լուրջ հնարավորություն կունենանք ԱԺ-ում ձեւավորել մեծամասնություն, այդ դեպքում մենք կմասնակցենք այդ ընտրություններին։ Իսկ եթե մնաց նույն իրավիճակը, մենք պարտադրված ենք բոյկոտ հայտարարել ԱԺ ընտրություններին (իսկ քաղաքական բոյկոտը շատ լուրջ քայլ է) եւ կազմակերպել համաժողովրդական ընդվզում, շարժում, անհնազանդություն, ամեն ինչ անել իշխանությունը բռնազավթիչներից ազատելու համար։ Սա է մեր ճանապարհը, որեւէ սադրանք, որեւէ պրովոկացիա չի կարող մեզ հունից հանել»։ Հանրահավաքի կազմակերպիչները զգուշացնում էին ժողովրդին, որ իրենց մեջ, հնարավոր է, լինեն սադրիչներ, քար գցողներ, որոնք հատուկ հրահանգավորված ներդրված կլինեն խաղաղ ցուցարարների մեջ, ասվեց, որ հարկավոր է ուշադիր լինել եւ թույլ չտալ, որ սադրիչներն անեն իրենց գործը։ Հնչակյան կուսակցության նախագահ Ջորջ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց պայքարը համազգային է, «որովհետեւ ինչպես Հայաստանում է ողջ ժողովուրդը ոտքի կանգնել ու պայքարում է հանուն արդարության, այնպես էլ՝ Սփյուռքում»։ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն ասաց. «Պատահական չէ, որ մենք այսօրվա հանրահավաքը սկսեցինք համերգով, թող իշխանությունը սուգ անի, որովհետեւ այս իշխանությունը դատապարտված է։ Իրենք էլ դա գիտեն, ուղղակի փորձում են հնարավորին ավելի ձգել, մի քիչ էլ թալանեն, մի քիչ էլ մնան աթոռներին»։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը դիմեց «այն կեղծարարներին, որոնք մեղքը վերցրին իրենց վրա եւ Ռ. Քոչարյանին հռչակեցին նախագահ («ա-մո՜թ, ա-մո՜թ»,- բղավեցին մարդիկ.- Մ. Ե.)։ Ես Քրիստոսը չեմ, բայց հիշեցնում եմ, որ նա իր առաքյալներին ասաց՝ «մինչեւ լուսաբաց կուրանաք ձեր Տիրոջը»։ Ես ասում եմ, որ այդ կեղծարարները մինչեւ մայիս 13 անգամ ուրանալու են իրենց տիրոջը»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը լավատես էր, ինչպես միշտ. «այսօր ընդդիմությունը միասնական է, որովհետեւ մենք մեր մեջ կիսելու ոչինչ չունենք, որովհետեւ էս հարթակում կանգնած են բազմաթիվ նախարարներ, վարչապետներ, այս հարթակում շատ-շատ են մարդիկ, որոնք իրենց տեղերում առանց պրոբլեմի միանգամից կընտրվեն պատգամավորներ, բայց մեր գերխնդիրը «Ռո՛-բե՛րտ, հե՛-ռա՛-ցի՛ր»-ն է եւ ոչ թե պաշտոններ վերցնելը։ (Ժողովուրդը բուռն արձագանքեց.- Մ. Ե.)։ Համաձայն եմ, սիրելի ժողովուրդ, ես էլ հաճույքով «Ռո՛-բե՛րտ, հե՛-ռա՛-ցի՛ր»-ից հետո Արարատում ծիրան կաճեցնեմ»։ Իսկ ինչո՞ւ չի միավորվում իշխանական թեւը՝ «որովհետեւ իրենք ամենից շատ իրենց աթոռներն են սիրում, իրենք այս խախտումներն արել են, որ իրենց տեղերն ունենան։ Բայց ամենակարեւորն այն է, որ այսօր իշխանության թեւը հոգեվարքի մեջ է, Քոչարյանի շրջապատում մարդիկ արդեն խոսում են՝ ե՞րբ է հեռանալու Քոչարյանը»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հարկ համարեց ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ Սահմանադրական դատարան հայցը կտարվի ոչ թե մարտի 14-ին, ինչպես խոստացել էին, այլ մեկ-երկու օրից՝ բողոքներն այնքան շատ են, որ իրավաբանները լրացուցիչ աշխատելու եւս մի քանի օր են խնդրել։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 16։00-ին՝ այն օրը, երբ Սահմանադրական դատարանը կվճռի հայցն ընդունելու հարցը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել