Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ՎԵՐՍՏԻՆ ԿՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ

Մարտ 15,2003 00:00

ՀՀՇ-Ն ՎԵՐՍՏԻՆ ԿՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ Վստահ է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը – ՀՀՇ խորհուրդը 3 օր շարունակ որոշում էր՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին: Ինչո՞վ էր պայմանավորված քննարկման տեւականությունը: – Հայոց Համազգային Շարժման վարչությունը բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերում այն ամենին, ինչ կապված է Հայաստանի ապագայի հետ: Իսկ այս ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու Հայաստանի ապագայի վրա: Ցանկացած քաղաքական ուժ մի պահ կարող էր գալ այն եզրակացության, թե չի կարելի երկրում, ուր ընդհանրապես խաթարված է արդարությունը՝ մասնակցել որեւէ ընտրության: Բայց գործեց այն գիտակցումը, թե անհրաժեշտություն կա հասարակությանը ներկայացնել որոշ երեւույթների վերաբերյալ ՀՀՇ ասելիքը: Փորձելու ենք հասնել նրան, որ Հայաստանում էլ հաղթանակեն այն արժեքները, որ գերակա են ողջ քաղաքակիրթ աշխարհում: 1988-ից առայսօր անցել ենք մի ճանապարհ, որի պատասխանատուն ենք: Եղել են բազմաթիվ սխալներ, որոնք ընդունում ենք: Եղել են նաեւ լուրջ ձեռքբերումներ, որոնք առանձին անհատներ կամ կուսակցություններ փորձում են վերագրել, թե դա միայն իրենց կամ հասարակության ձեռքբերումն է: Մենք ունեցել ենք եւ ունենք անելիքներ. պիտի պահպանենք մեր ձեռքբերումները եւ գնանք առաջ. ուստի մասնակցելու ենք այս ընտրություններին եւ ասելու մեր խոսքը: Այսուհետ որեւէ մեկին թույլ չենք տալու փնովել Հայոց Համազգային Շարժումը, քանի որ այն ամենը, ինչ կապված է Շարժման հետ՝ վեհ ու բարձր է այն ամենից, ինչ առկա է այսօր: – Ընտրական համակարգի ջախջախվածությունից զատ, որ այժմ փաստում են շատերը, առկա է նաեւ ՀՀՇ-ի նկատմամբ իրականացված ուժգին հակաքարոզչության հետեւանքը՝ կուսակցության ցածր վարկանիշը: Կարծում եք, թե այս պայմաններում կարող եք հաղթահարել 5 տոկոսի սահմանագիծը եւ անցնել խորհրդարա՞ն: – Ամեն ինչ պայմանական է. այսօր առկա վարկանիշը հետեւանք է նրա, որ երբեւիցե չենք պատասխանել ՀՀՇ-ի վրա թափված հերյուրանքներին: Այսօր մեզ փնովում են մարդիկ, որոնք ոչ մի արժեք չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք մեր դերը պետության կայացման գործընթացում: Համոզված ենք, որ այն ամենը, ինչ արել ենք, դրական լուրջ տարրեր է պարունակում, իսկ բացասականը շատ սուբյեկտիվ է: Եվ այդ ամենի վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել պարզաբանումներ: Վստահ եմ՝ արդար ընտրությունների պարագայում մենք խորհրդարանում կունենանք մեծամասնություն: – «Արմատի» գործիչները մաս կազմելո՞ւ են կուսակցության համամասնական ցուցակին: – «Արմատը» եւ ՀՀՇ-ն շաղկապված կառույցներ են եւ դատապարտված են իրար հետ մասնակցելու քաղաքական գործընթացներին: – Շա՞տ են ՀՀՇ այն անդամները, որ առաջադրվում են մեծամասնական ընտրակարգով: – Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին: 1-2 օրից նոր կունենանք այդ տվյալները: – Անձամբ Դուք նաեւ մեծամասնական ընտրակարգով եք առաջադրվելու Կենտրոնի մի ընտրատարածքում, որտեղ մրցակցելու եք մասնավորապես Շավարշ Քոչարյանի հետ: Հնարավո՞ր չէր, որ ընդդիմության տարբեր ուժերն էլ պայմանավորվեին միմյանց չխանգարելու մասին՝ ինչպես իշխանամետներն են համաձայնեցնում իրենց թեկնածուների առաջադրումները: – Ոչ մի պայմանավորվածության անհրաժեշտություն չունենք՝ անկախ նրանից, թե մեծամասնական ընտրակարգով ով կառաջադրվի ՀՀՇ թեկնածուների դեմ: Հիշեցնեմ ՀՀՇ հայտարարությունը նախագահի ընտրությունից առաջ, թե չենք պաշտպանում որեւէ թեկնածուի: Շավարշ Քոչարյանը գնահատելի անձնավորություն է. մարդ, որ բազմաթիվ բաներ է արել, որ կանխվի ներկայիս իրականությունը եւ այլ լինի Հայաստանի վաղվա օրը: Բայց միաժամանակ հաստատ համոզված եմ, որ Շավարշ Քոչարյանն ունեցել է իր ասելիքը եւ ասել է: Իսկ ես ասելիք ունեմ ու կասեմ: Նա նաեւ մի բան է արել, որ ես չեմ անի երբեք՝ Շավարշ Քոչարյանն իր թիմից անցել է մեկ այլ թիմ: Իսկ ես, անկախ ամեն ինչից՝ միշտ լինելու եմ իմ թիմի հետ: Մի կարեւոր պահ էլ կա՝ եթե հանկարծ այս ընտրությունում պարտություն կրեմ, ապա ցանկալի կլինի, որ հաղթողը լինի Շավարշ Քոչարյանը: – Ինչպե՞ս եք պատճառաբանում ՀՀՇ համամասնական ցուցակում Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը: – Լեւոն Տեր-Պետրոսյանն այն անձնավորությունը չէ, որ մասնակցի որեւէ խորհրդարանական ընտրության: Կարծում եմ՝ նա իր խոսքը կասի մի քիչ ավելի ուշ՝ նախագահական ընտրություններում: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել