Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդները խաղաղության երաշխավորն են»

Մարտ 14,2003 00:00

«Երիտասարդները խաղաղության երաշխավորն են» Այս ենթատեքստով Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՖԵՄ-ը, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում 2001-ի սեպտեմբերից իրականացնում է «Կանայք հանուն խաղաղության եւ հակամարտությունների կանխման Հարավային Կովկասում» ծրագիրը։ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալ տիկին Ամալ Մեդանի խոսքերով, ծրագրի նպատակն է աջակցել կանանց հակամարտությունների կանխման եւ խաղաղարարության խնդիրներում։ Առավել գլոբալ նպատակը՝ «աջակցել հակամարտությունների կանխման, վերջիններիս լուծման եւ խաղաղությանը Հարավային Կովկասում»։ Այդ ամենի համար ծրագրի կիրառումը կանանց պետք է հնարավորություններ տա «ամրապնդել իրենց ռազմավարությունը եւ կարողությունները, որպես խաղաղության եւ կայուն մարդկային զարգացման գործընթացի մի մաս»։ Ու քանի որ, ըստ ծրագրի աշխատակից, պրոֆեսոր Սոֆիա Բաբայանի՝ «երիտասարդներն են խաղաղության երաշխավորը», ծրագրի շրջանակներում կազմվել է 36-ժամյա բուհական՝ «Խաղաղության եւ կոնֆլիկտաբանության գենդերային հիմնախնդիրների ներածություն» դասընթացը։ Որի նպատակն է, իր հերթին՝ «զարգացնել եւ համախմբել կանանց եւ քաղաքացիական հասարակության կարողությունները՝ իրենց ներդրումն ունենալու խաղաղության կառուցման եւ հակամարտությունների կանխարգելման գործում»։ Երեկ ՄԱԿ-ում այդ գրքի շնորհանդեսն էր։ Նախաձեռնությունը, որի առիթով, ի դեպ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ կարծիք չի հայտնել, միանշանակ չընդունվեց գենդերային խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից։ «Համալսարանական կրթությամբ կանայք» կազմակերպության նախագահ Ջեմմա Հասրաթյանի կարծիքով, նման խնդիր դնելուց եւ այն հաղթահարելուց առաջ պետք է հստակեցնեինք, թե «ի՞նչ ենք մենք ուզում»։ Մասնավորապես՝ «գենդերը կոնֆլիկտի պայմաններում, կոնֆլիկտի գենդերային տեսանկյունները, թե կոնֆլիկտը գենդերային տեսանկյունից»։ Ամեն դեպքում, տիկինը, որի «մեթոդաբանական խորհուրդները բավականին օգնել են ծրագրին», չզլացավ ողջունել նախաձեռնությունը։ Բայց նաեւ հույս հայտնեց, որ դասընթացի ավարտից հետո «լուրջ վերլուծություն կարվի եւ ձեռնարկն առավել կատարյալ կդառնա»։ Առայժմ «պիլոտ-ծրագրի» շրջանակներում դասընթացները հանրապետության մի քանի պետական եւ ոչ պետական բուհերում կանցկացվեն, իսկ դասախոսներին կվճարի ՅՈՒՆԻՖԵՄ-ը։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել