Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՐ

Մարտ 14,2003 00:00

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՐ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, պարբերաբար մարզչական սեմինարներ է կազմակերպում, որում մասնակիցներին ծանոթացնում է ժամանակակից ֆուտբոլի վերջին նվաճումներին, զարգացման տենդենցներին։ Վերջերս Պորտուգալիայում անցկացված հերթական՝ 13-րդ սեմինարին ՀՖՖ-ն գործուղել էր Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ամենաերիտասարդ եւ հեռանկարային ակումբներից մեկի՝ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին։ Կիրակի օրը Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում, որտեղ մրցաշրջան 2003-ին նախապատրաստվող «Բանանցը» հեթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում, մեր աշխատակիցը հանդիպեց սեմինարից նոր վերադարձած մարզչին։ «Սեմինարը շատ ուսանելի էր ինձ համար,- ասաց նա։- Հիմնականում կազմակերպիչները ուշադրություն էին դարձրել 15-17 տարեկան երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ հայտնաբերելու, նրանց հետ աշխատելու մեթոդների վրա։ Եվրոպական առաջատար թիմերի մարզիչները իրենց հարուստ փորձը հաղորդեցին գործընկերներին։ Մասնավորապես, Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը խոսեց իրենց փորձի մասին, անցկացրեց տակտիկական, գործնական ու տեսական պարապմունքներ, անդրադարձանք նաեւ ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստվածության խնդիրներին»։ – Որքան տեղյակ եմ, կազմակերպիչները նման միջոցառումները կազմակերպելիս նախապես մշակում են կոնկրետ թեմաներ ու ծրագրեր, որոնք էլ իրականացնում են սեմինարների ընթացքում։ Ձեր մասնակցությունը որքանո՞վ էր արդյունավետ, այն ձեզ ի՞նչ նոր բան տվեց։ – Շատ բան, որոնց մասին ես պետք է խոսեմ ու իմ գործընկերներին էլ ծանոթացնեմ մոտ ժամանակներս հրավիրվելիք մարզչական խորհրդում։ Մասնավորապես, ինձ համար շատ հետաքրքիր եւ ուսանելի էր, թե ինչպես կարելի է գործնական վարժությունների օգնությամբ ֆուտբոլիստներին սովորեցնել պարզից դեպի բարդ անցնող իրավիճակներում ավելի հեշտ կողմնորոշվել։ Իսկ դա նշանակում է՝ ավելի վստահ զգալ ու խուճապի չմատնվել։ Ես որպես մարզիչ, բավականին նոր բաներ յուրացրի ֆուտբոլիստի տեխնիկական կատարելագործումն ավելի արդյունավետ դարձնելու հարցերում։ Դրանք հատուկ վարժություններ են, որոնք մեզ ցուցադրեցին Պորտուգալիայում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել