Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց մոլորակը

Մարտ 14,2003 00:00

Մարդկանց մոլորակը «Ինտերնյուս» կազմակերպության հյուրասրահում երեկ հանդիսավոր «բազմել» էին այնքան շատ երեխաներ, որքան կազմակերպությունը մինչ այդ չէր հյուրընկալել։ Տարբեր տարիքի ու ազգության փոքրիկները ուղղակի հյուրեր չէին՝ նրանք «Մարդկանց մոլորակը» ֆիլմի դերակատարներն էին։ Դավիթ Մաթեւոսյանի հեղինակած կինոֆիլմը կազմված է 27 փոքրիկ ֆիլմիկներից, երեկ ներկայացվեց ընդամենը 8-ը՝ այդքանն էր առայժմ պատրաստ։ 27-ից 10-ի համար հովանավոր գտնվել է՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, շուրջ 9 հազար դոլար գումարով, իսկ մնացած 17-ի համար հովանավորն անհայտ է։ «Այս հասարակությունը չափանիշները կորցրած ու ճիշտ խոսքի կարոտ հասարակություն է, մենք փորձել ենք միջնորդ դառնալ այդ խոսքի ու հասարակության միջեւ»,- իր ֆիլմն այսպես ներկայացրեց Դավիթ Մաթեւոսյանը։ Իսկ «ճիշտ խոսքը» (ավելի շուտ՝ խոսքերը) մեջբերված էր Հրանտ Մաթեւոսյանի, Էքզյուպերիի, Ֆեդերիկո Ֆելինիի, Հաֆեզի եւ այլ մեծերի ստեղծագործություններից, որոնցից յուրաքանչյուրը դարձել էր մի ֆիլմիկի սյուժեի գաղափար։ Ինչպե՞ս են մանուկները մտածում-վերաբերում աշխարհին, մարդկանց, շրջապատող շնչավոր ու անշունչ ամեն ինչին։ Մեծանում ենք՝ մոռանում ենք։ «Եվ միայն, երբ ցեխոտվում են դեմքս ու ձեռքերս, ես հիշում եմ իմ մանկությունը»,- ասում է Ֆելինին։ Այս միտքն ուղղակիորեն տեղափոխված էր տեսաշարի վրա։ Մի քանի այլ քաղաբերումներ վերարտադրված էին այլաբանական գեղարվեստով։ Բոլորն էլ հետաքրքիր էին, փոքրիկների ներաշխարհը բացող, նաեւ՝ մեծերիս դաստիարակող։ Չափազանց լավն էր ու խորիմաստ Վիլյամ Սարոյանի գրվածքներից քաղած «Չկա Հայաստան, Ամերիկա էլ չկա… միայն մարդկանց երկիրը կա» կտորի էկրանավորումը։ Կադրում հայտնված տարբեր ազգի մեծահասակները փորձում են խորանարդիկներով ինչ-որ բան հավաքել՝ հետ մղելով իրենց կազմած պատնեշը ճեղքել ուզող փոքրիկներին։ Հավաքում են, ստանում աշխարհի քաղաքական քարտեզը, ու յուրաքանչյուրը ձեռքը դնում է իր երկրի տարածքի վրա։ Նրանք գնում են, գալիս են երեխաները, խառնում այդ «աշխարհը» ու հավաքում իրենցը՝ բազմագույն ծաղիկներով եւ առանց հստակ ուրվագծերի, միայն կապույտ ջուր ու ծաղկազարդ մայրցամաքներ։ Չկան սահմաններ, չկան նաեւ բազմագույն մարդկանց, պատերազմներով երկրներ նվաճելու եւ այլ խնդիրներ։ Կա միայն մարդկանց մոլորակ, ինչը դադարում են հասկանալ մեծերը, երբ մեծանում են։ Դավիթ Մաթեւոսյանի համար ամեն ֆիլմի հիմքում ընկած է եղել նախեւառաջ ճիշտ ընտրված գրական կտորը։ Արդեն պատրաստ կտորներն առայժմ կցուցադրվեն մեր հեռուստաեթերով, ապագայում՝ անգլերեն օրինակն ունենալուց հետո դրանք ճանապարհ դուրս կգան մեծ աշխարհի այլ երկրներ։ Երեկվա շնորհանդեսի ավարտին փոքրիկ դերակատարները, որոնց մեջ կային նաեւ ֆիզիկական արատներով երեխաներ, ստացան մեծ կինոյում իրենց «դեբյուտից» տեսաերիզ-օրինակներ, ինչպես նաեւ՝ բացիկների ու ծրարների մի տրցակ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել