Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Մարտ 14,2003 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ Մինչ այցը Հայաստան, Ֆրանկ Գալին հայ երգիչներին ծանոթ էր միայն ռեստորաններից «Առավոտը» նախորդ համարներից մեկում անդրադարձել է ֆրանսահայ կոմպոզիտոր Էժենի Ալեսյանի «Ամազոն» կամերային օպերային։ Պրեմիերայից հետո զրուցեցինք առաջին անգամ Հայաստան ժամանած Փարիզի «Grand opera» թատրոնի դիրիժոր Ֆրանկ Գալիի հետ։ Զրույցի սկզբում եվրոպացի արվեստագետը շնորհավորեց մեզ նախագահական ընտրությունների, գարնան ու կանանց տոների առիթներով, հատուկ շեշտելով. «Իսկ դուք գիտե՞ք ձեր կանանց արժեքը»։ Իհարկե, մենք գիտենք մեր կանանց արժեքը, սակայն ինքը՝ մաեստրոն չգիտեր իր «արժեքը», ասել է թե՝ ի՞նչ արժե իր երեւանյան բեմելը։ Փոխարենը գիտեր, որ Ֆրանսիայում մշակույթին հատկացվում է երկրի ընդհանուր բյուջեից միայն 1%, բայց «դա ֆրանսիացի արվեստագետին չի ճնշում։ Մենք մտածում ենք միայն արվեստի մասին ու երբեք չենք մտնում բյուջեների, տոկոսների, մի խոսքով՝ քաղաքականության մեջ, մանավանդ որ այդ 1%-ը փոքր թիվ չի կազմում»։ Դիրիժորի համար միակ պրոբլեմը ժամանակն է։ Ըստ նրա. «Ստեղծագործական աշխատանքը շատ ժամանակ է պահանջում եւ խլում։ Ասելիքս այն է, որ ուրիշ բաներով արդեն չես կարող զբաղվել։ Այս ներկայացումը, փաստորեն, ժամանակակից հեղինակի ժամանակակից գործ է։ Պետք է ունկնդրին հասնի ամեն մի՝ առաջին հայացքից մանր թվացող ֆրազ։ Պետք է ասել, որ հաճախ հենց դրանք են հմայք տալիս երաժշտությանը, այս դեպքում՝ օպերային»։ Ֆ. Գալին հիացած էր հատկապես օպերային թատրոնի մեներգչուհի Սուսաննա Բագամյանի ձայնային տվյալներով, որին վստահված է գլխավոր դերերգերից մեկը։ Իր խոսքերով. «Դատելով երգչուհուց, կարող եմ հիացմունքի, ինչ-որ տեղ զարմանքի խոսքեր հղել ձեր կոնսերվատորիայի ուսումնական ընթացքի, մասնավորապես վոկալ դպրոցի մասին»։ (Երգչուհին ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Սարաջյանի դասարանը)։ Հետաքրքիր է, որ ֆրանսիացի արվեստագետը առաջին անգամ էր առնչվում հայ վոկալիստների հետ։ «Փարիզում, տարբեր նվագախմբերում հանդիպել եմ հայ երաժիշտների, իսկ հայ երգիչների՝ միայն ռեստորաններում»,- տեղեկացրեց դիրիժորը ու դարձյալ անդրադառնալով հայ երգչուհուն, ասաց. «Նա կարող է առանց վարանելու դուրս գալ համաշխարհային բեմ»։ Ֆրանսիացի դիրիժորը չանտեսեց եւ հայ հանդիսատեսին. «Ունեք երաժշտասեր, ավելին՝ պատրաստված ունկնդիր»։ Մաեստրոն ափսոսանքով է հեռանում Հայաստանից։ Կուզեր հանդիսատեսի կարգավիճակով հայտնվել Երեւանի օպերային թատրոնում եւ դիտել հատկապես Խաչատրյանի «Սպարտակը» ու Բելինիի «Նորման»։ (Ի դեպ, նշված համաշխարհային գլուխգործոցները այսօր չկան «Grand opera»-ի խաղացանկում)։ Կուզեր շփվել Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորների հետ, ինչի արդյունքում գուցե երկկողմ, ինչպես ընդունված է ասել՝ փոխշահավետ համաձայնագրեր կնքվեին։ Կուզեր Կոմիտաս, Խաչատրյան լսել հենց այստեղ՝ մեծ արվեստագետների հայրենիքում, բայց համերգասրահների միաժամանակյա վերանորոգման աշխատանքները «թույլ չեն տալիս»։ Մեծ է երաժշտի ցանկությունը՝ շփվելու ընդհանրապես մեր երաժշտական աշխարհի ու մարդկանց հետ. «Թեպետ ժամանակն ինձ խեղդում է, բայց կարծում եմ, մեր հաջորդ հանդիպումը կկայանա ոչ ուշ, քան աշնանը եւ իմ առաջին գործնական քայլերը կսկսեմ ձեր կոնսերվատորիայից»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ֆ. Գալիի ղեկավարությամբ Է. Ալեսյանի «Ամազոն» կամերային օպերայի նուրբ ու բարձր գեղարվեստական մեկնաբանությունը, արտիստական խառնվածքը ապահովեցին ներկայացման երեւանյան հաջողությունը։ Հիշեցնենք, որ օպերայի առաջին բեմելը կայացել է անցյալ տարի, Փարիզում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել