Դպրոցին հարկավոր է 80 աշակերտ 2002 թ. Տավուշի մարզի Այրում ավանում հիմնվեց մի շատ կարեւոր կրթօջախ՝ երաժշտական դպրոց, որն այրումցիների վաղեմի երազանքներից էր. գյուղի երեխաները երաժշտական ուսումն ստանում էին մոտակա բնակավայրերում, որն էլ, անշուշտ, ուներ իր բացասական ներգործությունը՝ կապված թեկուզ միայն ճանապարհային բարդությունների հետ: Դպրոցի բացումը կայացավ 2002 թ. սեպտեմբերի 17-ին: Տեղի գյուղապետը գտել էր մի հարմարավետ շենք, ազատել նրա մի մասը, վերանորոգել այն եւ տրամադրել երաժշտական դպրոցին: Այրում էին ժամանել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ժոել Բուտրոն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կինը՝ Ելենա Սմբատյանը, Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի նախագահ, Հայաստանի 1-ին տիկին Բելլա Քոչարյանը, մշակույթի փոխնախարար Ա. Ադամյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Այդ օրն այրումցիների համար իսկական հույսի ու լույսի տոն էր: Տիկին Քոչարյանը երաժշտական դպրոցին նվիրեց 3 դաշնամուր եւ 6 ջութակ, գյուղապետն էլ՝ մեկ ակորդեոն: Թվում էր՝ դպրոցը քիչ թե շատ պատրաստ է իր սաներին ընդունել, սակայն այցելելով դպրոց՝ հասկացանք, որ մեր առաջին հաշիվներում շոշափելի վրիպումներ էինք թույլ տվել: Անգամ տնօրենի սենյակն աչք չշոյեց. ոչ վարագույր կար, ոչ հեռախոս, ոչ էլ, ով զարմանք, կնիք: Դպրոցի տնօրեն Ջուլիետա Աղայանը հուզված պատմում էր, թե որքան տառապանքների գնով էր հասել դպրոցի բացմանը՝ այս ու այն դռները թակելով ու սին խոստումներին հավատալով: «ՄԱԿ-ը անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար գյուղապետարանին տրամադրեց 1400 դոլար, աջակցություն խնդրեցի նաեւ Վ. Սպիվակովի անվ. հիմնադրամից…82302002 թ. հունիսին, երբ արդեն դպրոցի հիմնադրման հաստատուն որոշումը եղավ, 10 օրվա ընթացքում հավաքեցի 50 շնորհալի երեխաներ: Սակայն չափազանց վիրավորված եմ տեղի ղեկավարության որոշումներից: Հիմա ես չգիտեմ՝ ինչ դիրք եմ զբաղեցնում այս դպրոցում. մի շարք փաստաթղթերում եւ նաեւ դռան վրա գրված է, որ տնօրենն եմ, սակայն գյուղապետարանը, համաձայն նոր կանոնադրության, նշում է, որ դպրոց կարող է կոչվել միայն 80 աշակերտի առկայության դեպքում: Փաստորեն, միայն այդ դեպքում ես կստանամ դպրոցի կնիքը, միայն այդ դեպքում կարող եմ տնօրինել սեփական մտահղացումներս, իսկ մինչ այդ պետք է հլու172հպատակ մնամ մշակույթի կենտրոնին: Իմ բոլոր գործարքներն այնտեղ են իրականացվում (բոլոր փաստաթղթերի վրա դրոշմվում է մշակույթի պալատի կնիքը) կամ էլ մատնվում են անուշադրության: Ինչո՞ւ հին կանոնադրության մեջ չէր նշվում, որ 80 աշակերտի առկայությունը պարտադիր է: Ինչո՞ւ նոր կանոնադրության մեջ շատ կետեր հակասում են հնին: Ո՞ւմ էր հարկավոր այս անսպասելի հարվածը նորաստեղծ դպրոցին: Ինչո՞ւ են այս աստիճան ոտնահարված իմ իրավունքները: Երբ վերջին անգամ հեռախոսի հարցով դիմեցի գյուղապետին, ասաց՝ «Քնեցիր, քնեցիր, նոր զարթնեցի՞ր»: Զարմանալի է՝ թեեւ անունով տնօրեն եմ, ունեմ ուսմասվար, քարտուղարուհի, բայց թամամ խմբավար էլ չեմ»: Ինչեւէ: Եթե իրավ դպրոց կոչվելու համար հարկավոր է 80 աշակերտ, ի վերջո տնօրենը կարող է ապահովել այդ թիվը, սակայն տրված հնարավորությունները չափազանց սուղ են: Իսկ վերջերս էլ դպրոցից հեռացել է ուսուցիչներից մեկը, եւ արդյունքում 50 աշակերտներից մնացել են 35-ը: Ուսուցչի հեռանալու պատճառը տրանսպորտային վարձն էր, որն անհամեմատ գերազանցում էր նրա աշխատավարձը: «Դպրոցի բացման արարողության օրը, երբ ներկա էր Բելլա Քոչարյանը, բոլորը նրա ներկայությամբ սարեր-ձորեր էին խոստանում: Աշխատավարձերը շատ ցածր են: Անձամբ ես ստանում եմ 7000 դրամ,- շարունակում է տնօրենը,- եթե չլինեին իմ այսքան տարիների ներդրած ջանքերը, մեծ ուրախությամբ կներկայացնեի ազատման դիմումս»: ԳԱԳԻԿ ԱԲՈՎՅԱՆ Այրումցիներին այդքան անհրաժեշտ կրթօջախն էլ անցավ այն գործարանների շարքը, որոնք իրենց դռները բացեցին սոսկ ժապավեն կտրելու համար: Տավուշի մարզում, ի դեպ, սա միակ դեպքը չէ. այսօր չի գործում նաեւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքը, որի բացումը եւս մեծ շուքով նշվեց դեռ անցյալ տարի: