Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ՄԱՐԳԱՐԻՏԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտ 14,2003 00:00

«ՈՍԿԵ ՄԱՐԳԱՐԻՏԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը մենք տեղեկացրել էինք, որ բռնարարքի էր ենթարկվել Աբովյան փողոցում գտնվող «Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ն։ Ջարդել էին խանութի ապակիները, հասցրել խանութին 560 հազար դրամի վնաս։ Կենտրոնի դատախազությունը երեկվա դրությամբ որեւէ ասելիք չէր ունեցել եւ, փաստորեն, պատճառված նյութական վնասի փոխհատուցման մասին խոսելը մեզանում դարձել էր, ըստ խանութի տնօրենի՝ ձայն բարբառո անապատի։ Հեռագրեր էր ուղարկվել գլխավոր դատախազ պրն Թամազյանին, ՀՀ նախագահի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանին, Ստեփան Դեմիրճյանին, ՀՀ կառավարության վերահսկողության ծառայության պետ Կ. Մանուկյանին։ Խմբագրությունում առկա են «Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւանփոստում ընդունված անդորրագրերը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախագահին ուղղված հեռագրում ՍՊԸ-ի տնօրեն Ա. Դանիելյանը հայտնում է, որ Ավանի բնակիչ Ա. Աշճյանը հավակնել է Աբովյան 21 շենքի կամարանցման 4,0X15,0 քմ սահմանների հատվածում կազմակերպել առեւտրի եւ սպասարկման օբյեկտ։ Նկատենք, որ նա համայնքի բնակիչ չէ եւ, սակայն, դա չի խանգարել, որ Կենտրոնի թաղապետարանը որոշում կայացնի Աշճյանին տարածք տրամադրելու մասին։ Մի դեպքում նախկին թաղապետը գրություն էր ուղարկել ՀՀ փաստաբանների միության փաստաբան Ռուբեն Բալաբանյանին, թե Անահիտ Դանիելյանին տրվել է թույլտվություն՝ սեփականության իրավունքով պատկանող ՍՊԸ-ի ապակեպատ պատը քարե պատով փոխարինելու, իսկ կամարանցումը իրեն հատկացնելու հարցին թաղապետարանը չի անդրադարձել, մի այլ գրությամբ էլ պարզում ենք, որ «թաղապետի 25.07.02թ. թիվ 273 որոշմամբ Ա. Աշճյանին թույլատրված Աբովյան 21 շենքի կամարանցման 4,0X15,0 քմ չափերով սահմանների հատվածում կազմակերպել առեւտրի եւ սպասակման օբյեկտ» որոշումը փոփոխության է ենթարկվել եւ պահանջվում է սեփականատիրոջից որոշման 2-րդ կետը ընդամենը ընթերցել հետեւյալ բովանդակությամբ. «Թույլատրված օբյեկտի չափերն ընդունել 15,0X3,0 չափերի»։ Դեռ որոշման կատարման հսկողությունն էլ դրվել է թաղապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։ Այսինքն, այն, որ հարցին թաղապետարանը չի անդրադարձել, մեղմ ասած՝ չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, եթե ուսումնասիրենք 18.07.2002թ. փոխթաղապետի գրությունը՝ ուղղված Ա. Դանիելյանին. «Ի պատասխան ձեր դիմումի, Աբովյան 21 հասցեում սեփականության իրավունքով ձեզ պատկանող խանութ-սրահի կամարանցման կողմից ցուցափեղկը քարով փակելու կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնի թաղապետարանը չի առարկում կատարելու նշված աշխատանքները»։ Ո՞ւր մնացին թաղապետարանի չեզոք պահվածքի մասին հայտարարությունները։ «Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ի քարը, ինչպես ասում են՝ ծանր է։ Դեռեւս 1998թ. ապրիլի 4-ի վճռով, 4 փայատերերով նրանք դուրս են գալիս «Ուռենի» ՍՊԸ-ի կազմից եւ ստեղծում «Ոսկե ուռենի» ՍՊԸ-ն։ Այն շարունակվում է մինչեւ 2002թ. մայիսի 30-ը։ Դատարանի վճռով ընդհանուր առեւտրի սրահից առանձնանում է «Ոսկե մարգարիտը»՝ Ա. Դանիելյանը եւ նրան հատկացվում է որոշ բաժնեմաս։ Ինչպես «Ուռենի», այնպես էլ «Ոսկե ուռենի» ՍՊԸ-ների խանութների կամարանցման հատվածը նախկինում եղել է ապակեպատ։ Ա. Դանիելյանը դիմում է թաղապետարան՝ այդ ապակե պատը քարե պատով փոխարինելու, որի դեմ թաղապետարանը չի առարկում։ Նա նաեւ դիմում է թաղապետարանին՝ իր խանութին կից կամարանցման հատվածը իրեն հատկացնելու խնդրանքով, սակայն դիմումին ընդհանրապես ընթացք չի տրվում եւ, ավելին, նրան հայտնի է դառնում թաղապետարանի 273 վերոհիշյալ որոշումը՝ Ա. Աշճյանին առեւտրի եւ սպասարկման օբյեկտ ստեղծելու թույլտվության մասին։ Թույլտվության արդյունքում փակվում է խանութի լուսամուտը, վատանում լուսավորությունը։ Դատարան դիմելու արդյունքում «Ոսկե մարգարիտը» հաղթում է եւ հայցի ապահովման միջոց կիրառվում է այն, որ արգելվում է պատասխանողին կատարել շինարարական աշխատանքներ։ Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, յուրաքանչյուր թաղապետ պետք է ընթացք տա իր համայնքի բնակիչների դիմում-բողոքներին։ Նորահայտ «սեփականատերը»՝ Աշճյանը, թաղապետի որոշումը կայացնելու պահին ոչ միայն հանդիսացել է Ավանի բնակիչ, այլ, ըստ ՀՀ ՆԳ նախարարության հասցեների բյուրոյի քարտադարանի, այսօրվա դրությամբ գրանցում չունի։ Ա. Դանիելյանի պնդմամբ, նա նաեւ որեւէ տեղ որպես անհատ ձեռնարկատեր կամ տնտեսվարող սուբյեկտ գրանցված չէ։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այս գործում։ Դատարանները տարբեր գնացուցակներ մատուցեցին Ա. Դանիելյանին։ Մի դեպքում խոսքը գնում էր 20000 ԱՄՆ դոլար գումարի պահանջի մասին (իբրեւ պատճառված վնասի հատուցում), մյուս դեպքում՝ 25000, եւ չի բացառվում, որ վաղը 100000$ վնասի հատուցման պահանջ դրվի «Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ի առաջ։ Այս կապակցությամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին է դիմել Ա. Դանիելյանը, հայտնելով, որ գործը գտնվում է դատավոր Տ. Սահակյանի վարույթում եւ որ վերջինս Ա. Աշճյանի բողոքը վարույթ է ընդունել առանց պետական տուրքի վճարման, որից ազատվելու կամ տարաժամկետվելու համար օրենքով սահմանված ոչ մի արտոնություն կամ իրավունք նա չուներ։ Նա պահանջում է նախագահից՝ գործը հանձնել մեկ այլ դատավորի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել