Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մարտ 14,2003 00:00

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հայաստանյան վերջին երկու ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կոշտ գնահատականներից հետո, որպես հնարավոր ռեակցիա, սպասվում էին դոնոր կազմակերպությունների համապատասխան քայլերը։ Փորձագետների մի մասը չէր բացառում, որ միջազգային այդ կառույցները կսառեցնեին իրենց ծրագրերի մի մասը։ Նույնպիսի արձագանք չէր բացառվում նաեւ ոչ ֆինանսական կառույցներից։ Սակայն պարզվում է, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պատիժը չեն ընտրել որպես «դաստիարակության», այս դեպքում՝ որպես ժողովրդավարացման արդյունավետ միջոց։ Հայաստանում ներկայացված այսպիսի կազմակերպություններից որեւէ մեկը, համենայնդեպս, նման մտադրություն չհայտնեց։ Համաշխարհային բանկն, օրինակ, այսօրվա դրությամբ Հայաստանում 17 ծրագիր է իրականացնում՝ շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ։ Եվ ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, «այս պահին դեռեւս ոչ նման խնդիր է ծագել, ոչ ահազանգ է ստացվել»։ Ինչ վերաբերում է աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի հաստատման ձգձգվելուն, ապա, ըստ պարոն Սարգսյանի, դա կապված չէ ՀԲ մտադրությունների փոփոխության հետ, պարզապես «կառավարությունը ծրագրում փոփոխություններ է կատարում, դրան տեղյակ ենք»։ Նույնը հաստատեցին այլ աղբյուրներից եւս։ Եվրոպական զարգացման բանկն էլ որեւէ նույնիսկ մոտավոր մտադրություն չհայտնեց ծրագրերի դադարեցման վերաբերյալ։ ԵԱՀԿ դեսպանն ընդհանրապես զերծ մնաց պարզաբանումներից, մեզ փոխանցելով միայն «առանց մեկնաբանությունների» պատասխանը։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հավաստմամբ. «Չկա նման ո՛չ կանխատեսում, ո՛չ արձագանք։ Ինչպես աշխատել ենք մինչ այժմ, այդպես էլ շարունակում ենք աշխատել»։ Ի դեպ, նա նշեց, որ աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի իրականացման դրամաշնորհը վաղուց արդեն ստացել ենք։ Իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց. «Իմ իրավասությունների ոլորտում գտնվող հարցերի շուրջ փոփոխություններ չեն լինի»։ Այնուհետեւ պարզաբանեց, որ հարկային ոլորտին չի առնչվում արծարծվող խնդիրը, իսկ «մակրոտնտեսական ոլորտում աշխատում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ, որոնց հետ ոչ քաղաքական հարաբերությունների մեջ ենք։ ՀԲ-ի դեպքում կան ծրագրեր, որոնք շարունակական են, ընդգրկված են տարվա բյուջե(ներ)ում եւ որոնք համաձայնեցված են (Սակ վարկեր)։ Միակ պատճառը, որով կարող է «Սակերի» վարկավորումը կասեցվել՝ տեղական կարողությունների ոչ բավարար լինելն է։ Հայաստանը բարձր կատարողականության ցուցանիշներ ունի։ Բոլոր պայմանները կատարված են»։ Մասնագետներից մեկը ֆինանսական ծրագրերի կասեցման առնչությամբ հեգնանքով նկատեց, թե ընդհակառակը, միջազգային կազմակերպությունները ոչ միայն չեն դադարեցնի իրենց ծրագրերը, այլեւ ընտրությունների այս խայտառակ ընթացքը եւ համապատասխան գնահատականները նրանց հիմք են տալիս նոր վարկեր ու դրամաշնորհներ տրամադրելու՝ մեր երկրում ընտրությունների մակարդակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Պարզվում է, այդպես էլ կա։ Ինչպես ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը ասաց (իր ասուլիսի ընթացքում). «Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ ճիշտ այնպես, ինչպես եղել է անցյալ տարիների ընթացքում։ Եթե մի բան չի հաջողվել կամ տապալվել է (…) դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ մենք շատ անելիքներ ունենք»։ Եվ սա տրամաբանական է, եթե նկատի ունենանք, որ միջազգային այս բոլոր ծրագրերն իրականացվում են կոնկրետ նպատակով. երկիրը կառուցվածքային բարեփոխումների ենթարկելու, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Բնականաբար, եթե չենք համապատասխանում, ուրեմն նրանք դեռեւս անելիքներ ունեն, որոնց մեծ մասը, որպես կանոն, դրսեւորվում է վարկերի եւ դրամաշնորհների ձեւով։ Իսկ որքան շուտ ազատվենք «պարտքով փողից», այնքան լավ։ Մեր իշխանությունն ինքն է ժամանակին հանդես եկել նման ցանկությամբ։ Այնպես որ, նոր վարկերի համար ուրախանալու բան չկա։ Վերջապես, ինչպես Ջ. Օրդուեյը նկատեց, «այն գինը, որ վճարելու է Հայաստանը, Հայաստանն է վճարելու»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել