ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է Ստեփան Դեմիրճյանի կողմնակից քաղաքական ուժերը, ըստ ամենայնի, կբոյկոտեն խորհրդարանական ընտրությունները, եթե չվերանայվեն նախագահական ընտրությունների արդյունքները։ Հավանաբար, ընդդիմությունը չափազանց լավատես է, քանի որ, այնուամենայնիվ, նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին եւ որոշել է ընտրությունների գնալ ոչ թե առանձին-առանձին, այլ՝ դաշինքով։ Սա երեւի կլինի «Միասնություն+» դաշինք, որին, հուսանք, նույն ճակատագիրը չի սպառնում, ինչ «Միասնություն» առաջինին։ Երեկվա դրությամբ հնարավոր չեղավ պարզել դաշինքի ցուցակի առաջին տասնյակը գլխավորողների շարքը, բայց միանշանակ է, որ առաջին տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը, երկրորդում՝ Արամ Զավենի Սարգսյանը, երրորդում՝ Վազգեն Մանուկյանը։ Մնացածի մասին կարող ենք առայժմ ենթադրություն անել, ենթադրենք՝ ցուցակն այսպիսի շարունակություն կունենա՝ Արամ Կարապետյան, Գրիգոր Հարությունյան, Շավարշ Քոչարյան, Ստեփան Զաքարյան, Ալբերտ Բազեյան, Արշակ Սադոյան, Վարդան Խաչատրյան, Թաթուլ Մանասերյան։ Հասկանալի է, որ դժվար բեռ է դրված ՀԺԿ-ի ուսերին, եւ Ստեփան Դեմիրճյանին սատարող քաղաքական ուժերն այս դաշինքից շատ ավելի են շահում, քան ինքը՝ ՀԺԿ-ն, քանի որ այլ կուսակցությունների անդամների տեղ տալով ցուցակում, ՀԺԿ-ականներից շատերը, որոնք իրականում արժանի էին ավելի առաջնային տեղեր զբաղեցնելու ցուցակում, հայտնվում են ավելի վերջին շարքերում։ ՀԺԿ-ն ունի նաեւ իր առանձին ընտրացուցակը, որում ընդգրկված է 75 ՀԺԿ-ական։ Որեւէ մեկը չի կասկածում, որ նախագահական ընտրությունների արդյունքները չվերանայելու դեպքում, իշխանությունը կամակատար խորհրդարան է ձեւավորելու եւ զուտ ձեւական է լինելու իրական ընդդիմության անդամությունն այդ խորհրդարանում։ Մեր ունեցած տեղեկություններով, ընտրությունները բոյկոտելու գաղափարին դեմ են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ միայն, մեծամասնությունը կողմ է բոյկոտելուն։ Մ. ԵՍԱՅԱՆ