Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ բաժանում

Մարտ 14,2003 00:00

Քաղաքակիրթ բաժանում Մարտի 11-ին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն իրականացրել է իր իսկ «վաղուց ընդունած» որոշումը եւ դիմում ներկայացրել ՀՀԿ «Կենտրոն» տարածքային կազմակերպության ղեկավարին. «Այնտեղ նշել եմ, թե հայտնում եմ, որ դուրս եմ գալիս Հանրապետական կուսակցությունից, եւ խնդրում եմ այդ մասին ընդունել որոշում: Այսինքն՝ որոշումը պետք է լիներ իմ դիմումն ի գիտություն ընդունելը, քանի որ ինձ արդեն համարում էի կուսակցությունից դուրս եկած: Դիմումում նաեւ շնորհակալություն եմ հայտնել համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար»: Բացի այդ՝ նաեւ զանգահարել է «Միասնություն» խմբակցության ղեկավարին եւ տեղյակ պահել իր դիմումի մասին. «Ի պատիվ իրեն՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ իմ դիրքորոշումները տարբեր են իրենց դիրքորոշումներից, եւ ինքն իմ քայլը համարում է կշռադատված»: Մեր հարցին, թե ի՞նչ էր նախորդել այս դիմումին, գուցե ինչ-որ բախո՞ւմ էր եղել ՀՀԿ ղեկավարության հետ՝ պրն Դալլաքյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ մի բան: Ուղղակի նախագահի ընտրության ժամանակ ես ունեի այլ դիրքորոշում, պաշտպանում էի Ստեփան Դեմիրճյանին: Եվ ինքս եմ որոշել դիմել նման քայլի՝ չի եղել որեւէ ճնշում»: Հիշեցրեց, որ ՀՀԿ-ին անդամակցել է Վազգեն Սարգսյանի խնդրանքով եւ կուսակցությունում իրեն միշտ ազատ է զգացել. «Դրա համար շատ շնորհակալ եմ ՀՀԿ ղեկավարությունից՝ եղել եմ արտոնյալ կարգավիճակում, որեւէ անգամ արտահայտածս տեսակետների եւ դիրքորոշումների համար չեմ արժանացել կշտամբանքի»: Այսուհանդերձ՝ ՀՀԿ խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշեց կուսակցությունից հեռացնել Վիկտոր Դալլաքյանին: Այս առնչությամբ նա ասաց. «Եթե ես արդեն դուրս էի եկել ՀՀԿ-ից ՝ ինչպե՞ս կարող էին ինձ հեռացնել»: Այլ մեկնաբանություններից ձեռնպահ մնաց. «Չեմ ցանկանում գնահատականներ տալ: Ոչ ինձ, ոչ էլ խորհրդի անդամներին սազական չէ, որ սկսենք լրատվամիջոցներում քննարկել այս հարցը: Համարում եմ, որ մենք միմյանցից բաժանվել ենք շատ քաղաքակիրթ ձեւով»: Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը Վանաձորի թիվ 36 ընտրատարածքում առաջադրվում է ԱԺ պատգամավորության թեկնածու՝ քաղաքացիական նախաձեռնությամբ: Այստեղ առայժմ առաջադրվել են նաեւ Վանաձորի բաղնիքի տնօրենը եւ անտառտնտեսության նախկին պետը: Սակայն մեզ հայտնի է, որ Վիկտոր Դալլաքյանի անունը լինելու է նաեւ Ստեփան Դեմիրճյանի աջակիցների համամասնական ցուցակում. «Այո, եղել է նման առաջարկ ապագա դաշինքի եւ համապատասխան կուսակցությունների ղեկավարների կողմից, եւ ես համաձայնել եմ: Թերեւս լինեմ այդ ցուցակի 10-15 տեղերում»: Իսկ իշխանության կուսակցությունից ընդդիմություն անցումն այսպես բացատրեց. «Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել