Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՂԱԼԱԹՆԵՐՆ ԻԶՈՒՐ ՄԻ՛ ՊԱՇՏՊԱՆԻՐ»

Մարտ 14,2003 00:00

«ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՂԱԼԱԹՆԵՐՆ ԻԶՈՒՐ ՄԻ՛ ՊԱՇՏՊԱՆԻՐ» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում երեկ քննվեց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանի՝ ընտրության 1-ին փուլից հետո՝ փետրվարի 27-ին ներկայացրած դիմումը՝ ԿԸՀ անգործությունը վերացնելու պահանջով: Ըստ այդ դիմումի՝ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք սահմանված կարգով եւ ժամկետում քվեարկության արդյունքները բողոքարկել էին ընտրատարածքային հանձնաժողովներ: Դիմումին կից ներկայացված են խախտումների վերաբերյալ արձանագրությունների 123 պատճեններ: Սակայն՝ «Թիվ 1, 8, 13, 14, 16, 54 ընտրատարածքային հանձնաժողովները վստահված անձանց դիմումները չեն ընդունել առանց պատճառաբանության»: «Ընտրական օրենսգրքով» նախատեսված կարգով՝ Աշոտ Սարգսյանն այդ առնչությամբ դիմել էր ԿԸՀ-ին, խնդրելով վերացնել այդ ընտրատարածքային հանձնաժողովների անգործությունը: Դատարան ներկայացված դիմումում նաեւ նշված է. «Թիվ 3, 6, 7, 11, 15, 33, 47 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դիմումներ ընդունելուց հետո հրաժարվել են դիմումում նշված խախտումների վերաբերյալ փաստերն ուսումնասիրել եւ որոշում են կայացրել տեղամասերի քվեարկության արդյունքները չստուգելու մասին, որով խախտել են «Ընտրական օրենսգրքի» 62 հոդվածի 10-րդ կետի պահանջները»: Վկայակոչած դրույթի աներկբա պահանջն է, որ վստահված անձանց գրավոր պահանջով հանձնաժողովը պիտի ստուգի արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին. «Փոխանակ կատարեն օրենքի պահանջները՝ ԸԸՀ-ները դիմումները դրել են քննարկման եւ քվեարկությամբ որոշել՝ կատարե՞լ, թե՞ չկատարել օրենքի պահանջները»: Եվ այս օրինախախտման առնչությամբ էլ էր Աշոտ Սարգսյանը խնդրել ԿԸՀ-ին՝ վերացնել այդ ապօրինի որոշումները եւ ընտրատարածքային հանձնաժողովներին պարտադրել ստուգել տեղամասերի քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ն, ըստ դատարան ներկայացված դիմումի՝ անգործություն է դրսեւորել այս բոլոր օրինական պահանջների առնչությամբ եւ փետրվարի 25-ին հայտարարել ընտրության առաջին փուլի վերջնական արդյունքներն՝ առանց այդ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու: Դիմումում նշված է, որ սա նույնպես օրինախախտում է. «Ընտրական օրենսգրքի» 40 հոդվածի համաձայն՝ տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքների առկայության դեպքում վերադաս ընտրական հանձնաժողովը դրանց ստուգման արդյունքների վերաբերյալ որոշում է կայացնում մինչեւ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը»: Աշոտ Սարգսյանը դատարանում երեկ հավելեց, որ հենց դիմում-բողոքները չքննարկելու պատճառով՝ ամփոփ արձանագրություններում բազմաթիվ են «մեղմ ասած՝ թվաբանական սխալները»: Ի դեպ, նա ներկայացրեց ԿԸՀ-ի մի պատասխան, ըստ որի՝ այդ բողոքներին ընթացք չի տրվել, քանի որոշում էր ընդունված երկրորդ փուլի վերաբերյալ: Ընտրության երկրորդ փուլում բողոքներն ավելի շատ էին՝ շուրջ 400, եւ վերահաշվարկի «բախտին» արժանացած ընտրատեղամասերն անհամեմատ քիչ՝ հազիվ 15-ը: Իսկ առաջին փուլում՝ ըստ Աշոտ Սարգսյանի դիմումի, պատկերը հետեւյալն է. Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք 84 տեղամասերում սահմանված կարգով բողոքարկել էին քվեարկության արդյունքները: Սակայն ստուգվել էին միայն 5 տեղամասեր, որոնցում հայտնաբերված խախտումները հօգուտ Քոչարյանի եւ ի վնաս Դեմիրճյանի էին: «Մնացած տեղամասերում քվեարկության արդյունքները չեն ստուգվել, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության վերջնական արդյունքների վրա»,- նշել է Աշոտ Սարգսյանը՝ դատարանին խնդրելով վերացնել ԿԸՀ անգործությունը եւ պարտադրել որոշումներ կայացնել վերոնշյալ ընտրատարածքների ապօրինի որոշումները վերացնելու եւ բողոքարկված տեղամասերում քվեարկության արդյունքների ստուգում անցկացնելու վերաբերյալ: ԿԸՀ իրավաբանական բաժնի վարիչ Նունե Հովհաննիսյանը երեկ դատարանում առարկություն ներկայացրեց այս պահանջների առնչությամբ ու միջնորդեց կարճել գործի վարույթն այն հիմքով, թե անկախ նրանից՝ ԿԸՀ-ն գործե՞լ է, թե՞ անգործություն դրսեւորել՝ այս ամենը վերաբերում է քվեարկության արդյունքներին, իսկ դրանց շուրջ վեճերը պիտի քննի ոչ առաջին ատյանի, այլ Սահմանադրական դատարանը: Թեեւ նա արդեն իսկ ներկայացրեց փաստարկներ, որ ընտրատարածքային հանձնաժողովներն անգործություն չեն դրսեւորել՝ տեղում են եղել, ապօրինի որոշումներ չեն կայացրել՝ հրաժարվելով վերահաշվարկ կատարել. «Ընտրական օրենսգրքի» 42 հոդվածի 7-րդ կետով՝ նման լիազորություն վերապահված է ընտրատարածքային հանձնաժողովներին»: (Աշոտ Սարգսյանը տեղում «Ընտրական օրենսգրքի» մի շարք դրույթներ վկայակոչեց, որոնք հերքում էին այս պնդումը): Նունե Հովհաննիսյանն առարկեց նաեւ, թե ԿԸՀ-ն էլ չի դրսեւորել անգործություն. «Բոլոր դիմումներն ընթացք են ստացել: Գործնականում հնարավոր չէր 106 դիմումին պատասխան տալ 5 րոպեի ընթացքում: Բոլոր դիմումները ստանալու պահին՝ անմիջապես ընտրատարածքներից ստուգվել են դիմումներում արծարծված փաստերը եւ ֆաքսերով կամ հեռախոսազանգերով ստացել ենք պատասխաններ»: ԿԸՀ իրավաբանական բաժնի վարիչը հակափաստարկներ ներկայացրեց նաեւ այն առնչությամբ, թե ԿԸՀ-ն ամփոփել է վերջնական արդյունքները՝ առանց անդրադառնալու դիմումներին. «Բողոքարկվել են 70 ընտրատեղամասերի արդյունքներ: Սակայն հետեւյալ հաշվարկն անենք՝ ընտրությանը մասնակցել է 1 մլն 416 հազար 357 ընտրող. եթե միջին հաշվով վերցնենք՝ յուրաքանչյուր տեղամասում ընտրողների թիվը կազմում է 759 ընտրող: Եվ 70 տեղամասի արդյունքը էապես ընտրության արդյունքների վրա չէր կարող անդրադառնալ, քանի որ դա ընդամենը կազմում է մոտ 53 հազար: Իսկ տարբերությունը Ստեփան Դեմիրճյանի եւ մյուս թեկնածուների միջեւ մի դեպքում՝ եղել է 300 հազար, մյուս դեպքում՝ 200 հազար»: Հիշեցնենք, որ իրավաբան Աշոտ Սարգսյանը 5 տարի ԿԸՀ-ում ներկայացնում էր «Միասնություն» դաշինքը եւ Քոչարյանի հանգույն «կայլկույլատորով» այս հաշվարկներին հղումներից հետո առաջարկեց ենթադրություններ չանել, այլ առաջնորդվել օրենքի պահանջով՝ «Մինչեւ բողոքները չքննարկվեն եւ արդյունքները չվերանայվեն՝ ամփոփ արձանագրություններ իրավունք չունեն կազմել, ԿԸՀ-ն էլ իրավունք չունի ներկայացնել վերջնական արդյունքներ»: Դատաքննությունն ավարտվեց, ու Աշոտ Սարգսյանը Նունե Հովհաննիսյանին արդեն ոչ պաշտոնական մթնոլորտում խորհուրդ տվեց. «Սահրադյանի ղալաթներն իզուր տեղը մի պաշտպանի՝ ախպո՛ր պես»: Դատավոր Պարգեւ Օհանյանն իր որոշումը կհայտնի այսօր: Մեր կանխատեսմանը, թե նա այս գործը «պաս կտա» Սահմանադրական դատարանին, պրն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Չի՛ կարող նման որոշում կայացնել: Հայցը ներկայացրել եմ ըստ «Քաղաքացիական դատավարության» 159 հոդվածի եւ բողոքների նկատմամբ անգործությունն եմ վիճարկում: Դատարանից միայն պահանջում ենք վերացնել ԿԸՀ անգործությունը եւ պարտադրել, որ ընտրատարածքային հանձնաժողովները գործեն օրենքի սահմաններում: Իսկ քվեարկության արդյունքներն, իհարկե, պիտի վիճարկենք Սահմանադրական դատարանում»: Ի դեպ, Աշոտ Սարգսյանը՝ Վարդան Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ միասին՝ Ստեփան Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչն է լինելու ՍԴ-ում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել