«ՄԵՆՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ» Ասում է Ստեփան Զաքարյանը «Մենք գտնում ենք, որ Հայաստանում սահմանադրական կարգը խախտված է, Ռ. Քոչարյանը չի ընտրվել հանրապետության նախագահ, այլ՝ նշանակվել է մի խումբ մարդկանց կողմից։ Մենք շարունակելու ենք հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու մեր սկսած գործընթացը։ Խորհրդարանական ընտրությունները դիտում ենք միայն այդ համատեքստում։ Պարզ է, որ ըստ օրենքի ցուցակ պիտի ներկայացնենք, ցուցակը ներկայացնում ենք։ Մենք պայքարելու ենք, որ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեն։ Եթե երկրում չփոխվի մթնոլորտը, մենք, հնարավոր է, բոյկոտենք խորհրդարանական ընտրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը։ Պրն Զաքարյանի ներկայացմամբ՝ քաղաքական ուժերի նպատակը ոչ թե խորհրդարանն է, այլ սահմանադրական կարգը հաստատելը։ Իսկ ցուցակների հետ կապված «Բոլոր քաղաքական ուժերն էլ զիջումներ են արել։ Ես կասեի, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը եւ «Հանրապետությունն» ամենամեծ զիջումներն են արել հանուն արդարության հաղթանակի»։ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, եւ մեզնից նաեւ եվրոպական երկրներն են պահանջում, որ օրենքը հարգենք. «ցավոք, այդ հարգումը միակողմանի է, իշխանությունները չեն հարգում օրենքը, մենք հարգում ենք։ Բայց այս միակողմանիությունը չի կարող անվերջ շարունակվել։ Մենք, իհարկե, կդիմենք ՍԴ, եւ այլն, բայց երբ սպառվի իրավական մեխանիզմը, մենք իրավունք կունենանք ասել՝ հիմա մեր ձեռքերն ազատ են»։ Ի՞նչ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է՝ «մեր ձեռքերն ազատ են». «մենք նկատի ունենք, որ ժողովուրդը մեզնից պահանջում է, մենք էլ իրեն չենք խաբում, մենք ասում ենք, որ գնում ենք իրավական ճանապարհով՝ ՍԴ դիմելն է, հաջորդ իրավական ճանապարհը եվրոպական դատարանն է։ Բայց եթե ժողովուրդը տեսնի, որ իրավական դաշտում ոչինչ չի վճռվում, ժողովուրդն ինքը կորոշի՝ ո՞ր ճանապարհով տեր կանգնել իր իրավունքներին։ Եթե որոշի տեր չկանգնել, ուրեմն՝ անկախ քաղաքական ուժից, անկախ անհատից՝ տեր չի կանգնի։ Իսկ եթե որոշի տեր կանգնել՝ անկախ քաղաքական ուժից, անկախ անհատից, տեր կկանգնի։ Նայենք պատմական փորձին՝ կա Հարավսլավիայի փորձը, կա ավելի տխուր փորձ՝ Ռումինիայի, որը մեզ համար անընդունելի է»։ Ժողովրդական ալիքն ի վերջո կարող է սառել եւ վերջ։ Պրն Զաքարյանը համաձայն չէ մեզ հետ. «Ես չէի ասի, որ ժողովրդի ալիքը սառելու է, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ վերջին հանրահավաքը, համենայնդեպս, ցույց տվեց ընդհակառակը, բայց ես գտնում եմ, որ վճռորոշը լինելու է ժողովուրդը։ Մենք հետեւողական ենք լինելու եւ գնալու ենք մինչեւ վերջ, այսինքն՝ մենք պատրաստ ենք գնալ առջեւից։ Բայց մեզ համար, օրինակ, Դաշնակցության կարգախոսն անընդունելի է՝ «Մահ կամ ազատություն»։ Սա կարող է վերաբերել յուրաքանչյուր մարդու՝ առանձին։ Ես կարող եմ ինքս ինձ համար որոշել՝ մահ կամ ազատություն, բայց ես իրավունք չունեմ ինձ իրավունք վերապահել ժողովրդի համար որոշելու»։ Եվրոպական դատարանին դիմելու համար, սակայն, նախ հարկավոր է, որ այդ դատարանում մենք մեր դատավորն ունենանք, ամենասեղմ ժամկետներում անգամ՝ մեկ տարուց շուտ, Հայաստանի հարցը չի լսվի։ Այս գործընթացը որքա՞ն երկար կարող է ձգվել։ Մեր դիտարկմանն ի պատասխան, պրն Զաքարյանն ասաց, որ գործընթացները գնալու են զուգահեռ. «մենք այս իշխանությանը հայտարարելու ենք պատերազմ, բայց ոչ այն իմաստով, ինչպես իրենք են հասկանում, այլ՝ օրենքի շրջանակներում, իսկ օրենքը բավականին բան է թույլ տալիս ու երբ ժողովուրդը Սահմանադրությամբ երկրի տերն է, ուրեմն ժողովուրդն ամեն ինչի իրավունք ունի։ Իսկ ժողովուրդը մեզ հետ է։ Պատմությունը գիտի մի շարք տարբերակներ։ Դա պիտի ժողովուրդն ընտրի»։ Օրենքի ընձեռած հնարավորություններից մեկն էլ խորհրդարանում մեծամասնություն ունենալն է, ինչն այս պարագայում անհնարին է, ուրեմն՝ ուրիշ ինչպե՞ս. «մենք հիանալի այդ ամենը հասկանում ենք, որովհետեւ մենք տեսանք նախագահական ընտրությունները, մենք տեսանք, որ արդյունքներն իրականությունից շատ-շատ հեռու են եւ չենք բացառում, որ եթե ոչինչ չփոխվի, նույնը կլինի նաեւ խորհրդարանականի ժամանակ։ Մենք չենք պատրաստվում դրա հետ հաշտվել, եւ կրկնում եմ՝ ամեն ինչ կանենք, որ հասնենք մեր նպատակին։ Եթե բոյկոտը նպաստի դրան, բոյկոտ էլ կանենք։ Եվ թող իրենք նկարեն ու աշխարհը տեսնի, որ նկարված արդյունքներ են։ Մենք կփորձենք ոտքի հանել ամբողջ հանրապետությունը, մենք կփորձենք գնալ, ասենք՝ Գանդիի ճանապարհով… Ճանապարհները շատ են։ Մենք դեմ ենք արյունահեղությանը։ Եթե ժողովուրդը վճռական է, կհասնի իր նպատակին։ Մեզ համար, ի տարբերություն իրենց, ժողովրդի, անհատների կյանքը շատ թանկ է»։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ