Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա»

Մարտ 13,2003 00:00

«Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա» «Հայ երգիչ-երգչուհիներն այսօր ընդունված չեն Ռուսաստանում։ Նրանց հանդեպ բացահայտ անտարբերություն են ցուցաբերում ինչպես ռուսները, այնպես էլ տեղի ազգային փոքրամասնությունները, անգամ հայերը»,- ասում է ռուսական «Հայելի» մշակութային ընկերության Դոնի Ռոստովի գրասենյակի նախագահ Լաուրա Միլիտոնյանը։ Լ. Միլիտոնյանն ասաց, որ «մինչ 2000 թվականը ես մի շարք միջոցառումներ եմ կազմակերպել Ռոստովում՝ հայ արվեստագետների մասնակցությամբ, սակայն վերջին տարիներին դադարել եմ զբաղվել «ազգանվեր» գործով, քանզի զգացել եմ, որ դրա պահանջն այլեւս չկա»։ Պարզվում է, որ ըստ Միլիտոնյանի, «ռուսաստանաբնակ հայերը չեն հետաքրքրվում հայ ժամանակակից երգարվեստով, էլ չեմ ասում ռուսների մասին, այդ պատճառով էլ հայ արտիստների տոմսերը բավականին էժան են լինում, ու չնայած դրան, դժվարությամբ են վաճառվում»։ Իսկ ինչ վերաբերում է մեր երգիչների այն հայտարարություններին, որ «իրենց Ռուսաստանում դիմավորում են լեփ-լեցուն դահլիճներով», Լ. Միլիտոնյանն ասաց, որ «թե՛ Մոսկվայում, թե՛ Ռոստովում, թե՛ Կրասնոդարում ապրում են հարյուր հազարավոր հայեր, ուստի բնական է, որ նրանցից գոնե 3000 մարդ կայցելի այդ համերգներին, բայց փաստը մնում է փաստ, որ ՌԴ-ի հայ բիզնեսմենները ոչ կազմակերպում են հայկական համերգներ, ոչ էլ այցելում, փոխարենը ջանում են հնարավորինս շփվել ռուս աստղերի հետ։ Նույնն էլ կարելի է ասել շարքային հայ քաղաքացիների մասին, որոնց մեծ մասը տարված է ռուսական համերգներով»։ Պատճառը, ըստ վերջինիս, «հայ երգիչների ցածր մակարդակն է»։ Լաուրա Միլիտոնյանն այս օրերին Երեւանում է եւ պատրաստվում է առաջիկայում Ռոստովում կազմակերպել հայկական ասմունքի երեկո՝ ազգային երաժշտության ուղեկցությամբ, այնպես, ինչպես հունվարին Սանկտ-Պետերբուրգում կայացած Վահան Տերյանի հիշատակի երեկոն էր։ Այս ծրագրի բարեհաջող իրականացումից հետո էլ Ռոստովում կբեմադրվեն հայկական ներկայացումներ, այսինքն, այսօր հիմնական ուշադրությունն, ըստ տիկին Միլիտոնյանի, ազգային երաժշտությունն է, պոեզիան, թատրոնը, ինչ վերաբերում է էստրադային արվեստին, ապա Լաուրա Միլիտոնյանն ասաց, որ «զարմանալի է, որ բավականին լավ ձայն ու գեղեցիկ հայկական անուն ունեցող երգչուհին իրեն անվանում է Գոգա, առանց հասկանալու, որ դա տղամարդու վրացական անուն է, իսկ շատ երգիչներ էլ իրենց Իոսիֆ Կոբզոնի տեղն են դրել, փորձում են խրվել նաեւ քաղաքականության մեջ, չհասկանալով, որ Կոբզոնը հարգված մարդ է, ինչը չի կարելի ասել հայ երգիչների մասին, որոնք այս կամ այն քաղաքական գործչի նկարը ձեռքներին փողոցից փողոց են ընկնում՝ առանց ամաչելու։ Ինչեւէ, պետք է մի պատնեշ դրվի, որ էստրադային երգիչներից ոմանք, քաղաքական այս կամ այն ուժի հետեւում թաքնվելով չհայտնվեն ռուսական բեմերում եւ դեռ հայտարարեն, թե հայկական մշակույթի օրեր են անցկացնում»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել