Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ հայոց վարչապետին

Մարտ 13,2003 00:00

Նամակ հայոց վարչապետին Մնացական Կնյազի Շմավոնյանը Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է։ Ապարանցի 80-ամյա այս բնակչի խոսքերով, արդեն մի քանի տարի է, որ ինքը «վարչապետի, պրեզիդենտի» դռներն է ընկած։ Սակայն. «Առայսօր ոչ մի արդյունքի չեմ հասել»։ Երեկ էլ Մնացական պապը մեծ դժվարությամբ խմբագրություն էր հասել։ Նրա հավաստմամբ, երբ առողջական վիճակն ավելի է ծանրացել, դիմել է առողջապահության նախարարություն. «Կոմիսիա գցեցին, պարզվեց, որ ոտքերս արյունը լավ չի մատակարարվում՝ ծնկներից ներքեւ։ Եվ որպեսզի ոտքերս չկտրեն, բժիշկներն ինձ ասացին, որ ամեն ամիս շարունակաբար պետք է դեղորայք օգտագործեմ»։ Մ. Շմավոնյանն իր հետ բերել էր նաեւ բժշկի նշանակած դեղերի ցուցակը, որոնց ընդհանուր արժեքը կազում էր 25 հազար դրամ։ Սոցիալապես անապահով Մնացական պապը դեռեւս 2001-ին դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, եւ խնդրել է դեղորայք կամ 25 հազար դրամ։ Մ. Շմավոնյանի՝ վարչապետին եւ նախագահին հասցեագրված դիմումը քննարկվել է առողջապահության նախարարության Դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչությունում։ Վարչության պետ Ա. Բիշարյանի՝ Մ. Շմավոնյանին ուղարկած պատասխանի համաձայն. «Քանի որ դուք խրոնիկ հիվանդ եք եւ այդ դեղերը պետք է օգտագործեք շարունակաբար, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 8.06.1999թ. թիվ 396 որոշման եւ ՀՀ առողջապահության նախարարի 07.03.2001թ. թիվ 128 հրամանի համաձայն, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին դեղերով ապահովում է պոլիկլինիկան»։ Սակայն Մ. Շմավոնյանը պատմեց, որ գնացել է մարզկենտրոն (Արագածոտն), որտեղից իրեն ուղարկել են տեղի պոլիկլինիկա. «Պոլիկլինիկայում ասացին, որ 10 հազար դրամից ավելի չեն կարող տրամադրել։ Այդ 10 հազարով մի քանի դեղ գնեցի եւ վերջ։ Այդ օրվանից կրկին դիմում եմ վարչապետին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստանում»։ Հայրենական պատերազմի հաշմանդամ Մ. Շմավոնյանը երեք անգամ հեռագրով դիմել է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին։ Նրա խոսքերով, առաջին անգամ հեռագրում խնդրել է, որպեսզի վարչապետն իրեն ընդունի։ Սակայն. «Արհամարհվել եմ, ոչ մի գրավոր պատասխան չեմ ստացել»։ Մյուս՝ ՀՀ վարչապետին հղված հեռագրերում, 80-ամյա Մնացական Շմավոնյանը, բացի այն, որ ակնկալում էր վարչապետի պատասխանը, նաեւ նշում էր, որ «պարոն Մարգարյան, դուք ձեր արժանապատվությունն այնքան բարձր եք դասում, որ Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամին չեք ուզում ընդունել։ Արհամարհում եք իմ իրավունքը, դրա համար ես հիասթափված, նսեմացված, արհամարհված եմ ինձ զգում»։ Միայն ավելացնենք, որ ՀՀ իշխանությունների կողմից արհամարհված այս մարդն անպատասխան մնացած հեռագրերի համար վճարել էր 2120 դրամ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել