Լրահոս
Օրվա լրահոսը

Կես քայլ առաջ, մեկ քայլ հետ

Մարտ 13,2003 00:00

Կես քայլ առաջ, մեկ քայլ հետ «Հայաստանում լրագրողների համերաշխությունը լուրջ խնդիր է, լրագրողները գործում են բանակների բաժանված»,- «Երեւան» մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի այս կարծիքին համակարծիք է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը։ Երեկ նրանց միատեղել էր «Հարավային Կովկաս» լրագրողների միջազգային ասոցիացիայի հրատարակած գրքի շնորհանդեսը։ Գիրք-բրոշյուրը ներկայացվեց նախնական տեսքով, վերջնական տարբերակը կամբողջացվի այս տարվա ավարտին։ Հարավային Կովկասի 6 երկրների 27 լրագրող-փորձագետներ ներկայացրել են հետխորհրդային տարիներին լրատվամիջոցների զարգացումը, նրանց իրավունքներն ու պարտականությունները կարգավորող օրենսդրական դաշտը։ Ընդ որում, 27 հեղինակներից 9-ը Ադրբեջանից են, 7-ը՝ Հայաստանից, նույնքան էլ՝ Վրաստանից, իսկ Լեռնային Ղարաբաղից, Օսեթիայից ու Աբխազիայից նյութերը ներկայացված են մեկական հեղինակների դեմքով։ Բորիս Նավասարդյանը բացահայտեց գրքի վրա ծախսված գումարի չափը՝ 50000 դոլար, որն օգտագործվել է նախապատրաստական աշխատանքների, հեղինակների վարձատրության եւ 2000 տպաքանակի վրա։ Ծախսերը հոգացել են ԵԱՀԿ-ն ու Գերմանիայի կառավարությունը, այն էլ՝ մեծ սիրով, առանց նեղվելու, քանի որ «մենք աջակցում ենք տարածաշրջանային զարգացման ամեն մի դրսեւորում»։ Անդրադառնանք լրագրողների համերաշխության խնդրին. սեփական փորձն ասում է, որ մեր «անհամերաշխություն»-ը մեծապես կախված է ոչ թե սեփական սկզբունքներից, այլ կոնկրետ աշխատատեղ-լրատվամիջոցի թելադրանքից, ինչն էլ, համապատասխանաբար, չի կարող կախում չունենալ ֆինանսավորման աղբյուրից։ Սակայն միացյալ աշխատելու ձեւեր կարելի է գտնել, ինչին արդեն հասել են Ադրբեջանի լրագրողները։ Մարտի 15-ին այնտեղ ստեղծվելու է լրագրողների խորհուրդ, որն այսուհետեւ կզբաղվի լրագրողական ընդհանուր դաշտի կարգավորմամբ՝ առաջնորդվելով միացյալ ուժերով մշակված չափանիշներով։ Անշուշտ, որպես պարտադիր պայման հաշվի է առնվելու բազմակարծությունը։ Նախանձելով ադրբեջանցի լրագրողների համերաշխությանը, մեր փորձագետները, այնուամենայնիվ, նշեցին հայ լրագրողների համար «մխիթարիչ» փաստ՝ պրոֆեսիոնալիզմի առումով մերոնք կես քայլ առաջ են տարածաշրջանի իրենց գործընկերներից։ Որպես պրոֆեսիոնալիզմի ցցուն օրինակ, ԵԱՀԿ ղեկավարը նշեց, որ «երբ ինձ ուղղված հարցին պատասխանում եմ՝ առանց մեկնաբանության, հայ լրագրողներն էլ հարց չեն տալիս, չեն ճնշում, բացի այդ՝ երբեք վատ հարցեր չեն տալիս»։ Որպես հին լրագրող-փորձագետ, նա նույնպես նկատել է, որ մեր ԶԼՄ-ները գործում են տարանջատված եւ պատճառը լրատվամիջոցների սեփականատերերի կախյալ վիճակն է։ Նշվեց նաեւ, որ բազմակարծության առումով ամենալավ վիճակում գտնվում է Վրաստանը, որովհետեւ այնտեղ հեռուստատեսային եթերն էլ է բազմակարծիք։ Հայկական եթերի միակողմանիությունը վատ է գնահատվել նաեւ ԵԱՀԿ-ի կողմից ու շատ վաղուց, բայց առայժմ որեւէ էական ազդեցություն չկա եւ իրավիճակը մնում է նույնը։ Ինչեւէ, «Հարավային Կովկաս» ասոցիացիան հույս ունի, որ իր այս եւ այլ աշխատանքներով կհամախմբի կոնֆլիկտային տարածաշրջանի ողջ լրագրողական աշխարհը, ինչով եւ կնպաստի համերաշխության ու խաղաղության հաստատմանը։ Հանդիպման վերջում լրագրողները դրսեւորեցին պրոֆեսիոնալիզմի ու համերաշխության ոչ թե կես քայլանոց, այլ շատ ավելի բարձր մակարդակ՝ հյուրերը, խոսքները չավարտած, մնացին գրեթե մենակ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել