Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԷՆ ՄԱՐԴԸ ՉԷ»

Մարտ 13,2003 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԷՆ ՄԱՐԴԸ ՉԷ» «Մարդը չպետք է 400 տեսակ փոխվի, որովհետեւ քամելիոն չէ։ Աստված մեզ ստեղծել է մեկ երեսով եւ ճշմարտությունն էլ մեկ երես ունի։ Ցավում եմ ընկերներիս համար, որոնք իրենց տարափոխիկ բնավորությամբ կորցրել են ժողովրդի ստվար հատվածի սերը»,- հայտարարում է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վլադիմիր Աբաջյանը։ Նա նկատի ունի «տաքուկ անկյուն» գտած այն արվեստագետներին, որոնք «հակառակ իրենց խղճի թելադրանքի», փառաբանում են Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Վ. Աբաջյանի կարծիքով, գործող նախագահը բոլորովին էլ այն լուսավոր մարդը չէ, որ ի զորու կլինի երկիրը դուրս բերել ծանր վիճակից։ Ավելին, դերասանի կարծիքով, եթե ՀՀ նախագահը կարգին չի ճանաչում իր երկրի լավագույն արվեստագետներին, ուրեմն ինչպե՞ս կարող է տեր կանգնել հայրենի մշակույթին ու լուծել նրա խնդիրները։ Վ. Աբաջյանը հիշեց, թե ինչպես է վերջերս դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը միջոցառման մասնակցելու հրավեր ստացել (ուր ներկա էր նաեւ նախագահը), սակայն միջոցառումից վիրավորված հեռացել է 5 րոպե անց, որովհետեւ երկրի ղեկավարը իրեն չի ճանաչել։ «Ափսոսում եմ ընկերներիս, մաքուր, պարզ տղաներ էին, զարմանում եմ Սոսի վրա, որ հեռուստատեսությամբ հայտարարել է, թե նախագահին է պաշտպանում եւ իբր նրանից որեւէ պահանջ չունի։ Ճիշտ չի ասում»,- պնդում է Վ. Աբաջյանը։ Իսկ իր նախընտրած ՀՀ նախագահի թեկնածուն՝ Ստեփան Դեմիրճյանը, ըստ դերասանի, դաստիարակվել է մի ընտանիքում, ուր գիտեին արվեստի ու արվեստագետի հարգը։ «Ստեփան Դեմիրճյանի հայրը՝ Կարեն Դեմիրճյանը, հրաշալի արվեստ գիտեր, նույնիսկ օպերաներից հատվածներ էր սուլում»։ Փոխարենը, Ռ. Քոչարյանի պաշտոնավարության շրջանում տաղանդավոր մարդիկ «կորել են ռեկլամների մեջ», կամ, Փափազյանի խոսքով՝ «Արշավի ձիուն արորի են լծել», իսկ ռադիոն ու հեռուստատեսությունը ապազգային անճաշակություններ են պրոպագանդում։ «Ես կուսակցական չեմ եղել, չեմ էլ լինի, հանուն տաքուկ անկյան՝ չեմ էլ փոխվի շատ շատերի պես,- ասում է Վ. Աբաջյանը,- չեմ ուզում այպանել նրանց, ովքեր նման ակնկալիքներ ունեն։ Բայց զայրանում եմ, որ իրենց տաքուկ անկյուններում նստած հայտարարում են, թե գաղափարը չպետք է ստամոքս իջեցնել»։ Ինչեւէ, 52 տարի է Վ. Աբաջյանը աշխատում է թատրոնում, չնայած դժվարություններին, այնուամենայնիվ, լավատես է։ Այս հատկանիշով էլ բացատրում է հայ ժողովրդի կենսունակության գաղտնիքը։ Գյումրիի դաշտավարական տեխնիկումի (հետագայում թատերական ինստիտուտի) ուսանողը չէր էլ մտածում, որ մի օր դերասան կդառնա ու կհայտնվի ոչ ավել, ոչ պակաս, Սունդուկյան թատրոնի բեմում, որովհետեւ իր ուսուցիչը՝ Արմեն Գուլակյանը ժամանակին ասում էր, թե Սունդուկյան թատրոն կարող է մուտք գործել ամենաքիչը տաղանդավոր մարդը։ Առաջին դերը Շիրվանզադեի «Նամուսում» Սեյրանն էր, խաղընկերուհին՝ Մետաքսյա Սիմոնյանը։ Աշխարհի տարբեր բեմերում շուրջ 540 անգամ խաղացվել է այս գործը, որն, ըստ Աբաջյանի, հեքիաթի նման ներկայացում էր։ Նրա կարծիքով, թատրոնում դերասանը միշտ ուրիշի՝ ռեժիսորի կամքից է կախված, ինքնուրույն չէ։ Իսկ պոեզիան ուրիշ աշխարհ է, դերասանին այն հնարավորություն է տալիս լիուլի բացահայտվել. «Պոեզիայում մենակ ես՝ դու եւ ժողովուրդը, եւ կարող ես տարրալուծվել նրա մեջ»։ Ասմունքի «ճանապարհն» ընտրելուն նպաստել է մտերմությունը Սեւակի, Շիրազի, Սահյանի հետ, նրանց բանաստեղծությունները թեւավորել են իրեն, առաջ մղել։ Պատահական չէր նաեւ, որ ընդդիմության հրավիրած հանրահավաքում Վ. Աբաջյանը արտասանեց Սեւակի «Մարդ էլ կա, մարդ էլ» հանճարեղ բանաստեղծությունը, որն այնքան համահունչ է մեր օրերին ու «փայ փախցնելու» համար նպաստավոր ժամանակներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել