Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՐ ՄՈՒՐԸ՝ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ»

Մարտ 13,2003 00:00

«ՁԵՐ ՄՈՒՐԸ՝ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ» Երեկվա ասուլիսում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը նախապես պատրաստած տեքստ չարտասանեց։ Միանգամից գերադասեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հոլի պես պտտվում էին նախագահական ընտրությունների անսպառ թեմայի շուրջ։ Ըստ այդմ, պարոն Օրդուեյը տեղեկացրեց, որ «լիովին համաձայն ենք ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելության եզրակացության հետ», ավելին՝ «մենք մասնակցել ենք առաքելությանը եւ մեր կարծիքն արտահայտել ենք անաչառ»։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ «ոչ միայն արտահայտում է ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի եզրակացությունը, այլ նաեւ մեր դիտումների արդյունքն է,- հայտարարեց դեսպանը։- Իսկ այն գինը, որ վճարելու է Հայաստանը՝ Հայաստանն է վճարելու եւ մենք դա չենք կարող գնահատել»,- հավելեց Ջոն Օրդուեյը։ Եվ այդուհանդերձ՝ «ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկարատեւ հարաբերություններ հաստատելու խնդիր ունի»։ Ուստի «մենք շարունակելու ենք մեր հայեցակարգային համագործակցությունը Հայաստանի հետ»։ Շարունակվելու է նաեւ «երկուստեք շահավետ խնդիրների զարգացումը»։ «Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի կառավարության, իշխանությունների, նախագահ Քոչարյանի հետ ճիշտ այնպես, ինչպես եղել է անցյալ տարիների ընթացքում»,- տեղեկացրեց ԱՄՆ դեսպանը։ Ապա հավելեց, որ «եթե մի բան չի հաջողվել կամ տապալվել է, չի նշանակում, որ պետք է մեր ճամպրուկները հավաքենք. դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ մենք շատ անելիքներ ունենք»։ Դեսպան Օրդուեյը Հայաստանի համար հատկանշական է համարում այն հանգամանքը, որ որոշակի հանձնառություններ ենք ստանձնել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ։ Ուստի բանախոսը անկեղծորեն խոստովանեց, որ իրենք հույս են տածել, թե այս ընտրությունները կլինեն մի քայլ առաջ դեպի այդ զարգացումը։ «Բայց դա այդպես չեղավ»,- մեկ անգամ էլ եզրակացությունն ամրագրեց դեսպանը ու մեկ անգամ էլ պնդեց, որ մեր երկրում մնալով եւ աշխատելով՝ լծվելու են այս երկրի ժողովրդավարացմանը։ Այսինքն՝ «քաղաքական հասարակարգի կերտումը եւ զարգացումը, կառավարական համակարգի բարեփոխումները, ինչպես նաեւ ընտրական գործընթացները եղել են եւ շարունակում են մնալ մեզ համար կարեւոր խնդիրներ։ Ամեն ջանք գործադրվելու է, որ այս շրջանակներում մեր ծրագրերը բարեհաջող իրականացնենք»։ Ուստի՝ «ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր ծրագրային ուղղությունների շրջանակներում»,- ասաց դեսպանը։ Եղած ընտրախախտումների բնույթը եւ քանակը, ըստ Ջ. Օրդուեյի, արդեն կասկածի տակ են առնում գործընթացի վստահելիությունը։ Բայց թե որ թեկնածուի օգտին են այդ խախտումները եղել՝ եզրակացություններ անելուց բանախոսը ձեռնպահ մնաց՝ միաժամանակ փաստելով, որ պետք է ջանքեր գործադրել եւ վեր հանել եղած թերությունները։ Սրան պետք է հետեւի նաեւ ընտրախախտումներ կատարողների բացահայտումը եւ պատժամիջոցների կիրառումն օրենքի շրջանակներում։ Նաեւ՝ ընտրական օրենսգրքի վերանայում՝ հետագա հնարավոր խախտումները բացառելու համար։ Եվ, ի վերջո, ըստ դեսպանի, իշխանությունների կողմից կարող է լինել ավելի վճռական քայլ՝ հետագա ընտրություններում թույլ չտալ խախտումներ։ Դեսպանը մտահոգություն հայտնեց մասսայական ձերբակալությունների, ինչպես նաեւ «ձերբակալվածների նկատմամբ իրավական գործընթացների» վերաբերյալ։ Ժամանակին պարոն Օրդուեյը կարծիք էր հայտնել, որ այս նախագահական ընտրությունների արդյունքներից է նաեւ կախված ԼՂՀ հիմնահարցի հետագա հանգուցալուծումը։ Լրագրողների խնդրանքով մանրամասնելով, նա ասաց. «Ես կարծում եմ, որ եթե Հայաստանում ընտրությունները համապատասխանեին միջազգային չափանիշներին եւ արդյունքները բոլորի կողմից ընդունելի լինեին ու չվիճարկվեին, ապա Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեր մի շարք լայնածավալ խնդիրների լուծման, այդ թվում՝ նաեւ ԼՂՀ հարցի լուծման համար»։ «Եթե ԼՂՀ հարցում երկու երկրներում էլ որոշակի համաձայնության գան, ընտրությունների այս արդյունքներով ինչքանով դա ամուր կլինի» հարցին ի պատասխան, ԱՄՆ դեսպանը նկատեց. «Երկու երկրներում էլ քաղաքական մեծ կամքի դրսեւորման եւ փոխզիջումների գնալու անհրաժեշտություն կա։ Նաեւ՝ երկու հասարակություններում էլ ներքին համաձայնության անհրաժեշտություն կա։ Դա ասելով հասկանում ենք նաեւ շատ ամուր, ուժեղ եւ լեգիտիմ իշխանություն, որոնք երկրի ներսում կստեղծեն ժողովրդական համաձայնություն»։ Ուստի բանախոսը կարեւորեց նաեւ հետագա քաղաքական զարգացումների սահմանադրականությունը։ Իսկ թե այս ընտրությունները ԼՂՀ հարցի կարգավորման վրա ինչ ազդեցություն կունենան՝ դեսպանը «սպեկուլյատիվ» համարեց ենթադրություն անել։ Բայց փաստեց, որ «մենք շարունակելու ենք ակտիվ եւ էֆեկտիվ աջակցությունը»՝ հարցի խաղաղ կարգավորման համար։ Իսկ թե Ջորջ Բուշը երբ է պատրաստվում մեր երկրի վերընտրված նախագահին շնորհավորել՝ «Ես չեմ կարող խոսել նախագահ Բուշի անունից,- ասաց Ջ. Օրդուեյը,- թե երբ եւ ինչ կուղարկի նախագահ Քոչարյանին»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել