Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԼԻՆԻ ԳՐՊԱՆԱՅԻՆ

Մարտ 13,2003 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԼԻՆԻ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԱԺ ընտրություններն ամրագրելու են անցած նախագահական ընտրությունների արդյունքները: Եթե մեր հասարակությունը եւ միջազգային հանրությունը մարսեց այդ աստիճանի ոչ լեգիտիմ նախագահին, ապա անօրինական Ազգային ժողովը կմարսի ու կմարսի: Հետեւաբար, խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների դիմաց նկարած տոկոսները կարտահայտեն ոչ թե ժողովրդի տված քվեն, այլ Քոչարյանի համակրանքի կամ հակակրանքի աստիճանը: Այսինքն՝ քաղաքական ուժերն այնքան տոկոս կստանան, որքան Քոչարյանը նրանց կգրի: Կուսակցությունների հաջողությունը կամ անհաջողությունը խորհրդարանական ընտրություններում կախված է նրանից, թե նրանք որքան խորը եւ բազմակողմանիորեն են քծնելու գործող նախագահին: Այդ էր, ի դեպ, պատճառը, որ նախագահական ընտրարշավին տեղի ունեցավ կուսակցությունների մեծ մասի վերջնական «ռամկավարացում»՝ դրա վառ օրինակն էր այն «հեռուստաբանավեճը», երբ Սերգո-ջանը, Աղվան Վարդանյանը եւ Տիգրան Թորոսյանը մրցում էին, թե ով ավելի քաղցր կենաց կարտասանի Քոչարյանի հասցեին եւ ավելի խստորեն կխարազանի ընդդիմությանը: Շողոքորթության այդ մրցույթը կշարունակվի նաեւ առաջիկա երկու ամսվա ընթացքում: Դրանից հետո Քոչարյանը կորոշի, թե ով է առավել գրպանայինն ու ստորաքարշը, եւ հենց այդ կուսակցություններին էլ իր ուզած տոկոսային հարաբերությամբ կմտցնի խորհրդարան: Իհարկե, ԱԺ-ում կլինեն նաեւ «ընդդիմադիրներ», բայց նրանց այնպիսի տեսակը /օրինակ, «Ազգային միաբանությունը/, որը բացարձակապես անվնաս է, եւ, հակառակը, ինչպես ցույց տվեցին անցած նախագահական ընտրությունները, շատ էլ օգտակար է գործադիր իշխանության համար: Եթե Ստեփան Դեմիրճյանը մասնակցի խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով որեւէ ցուցակ, ապա դա կնշանակի, որ նա ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, եւ այդ դեպքում հասկանալի չի լինի, թե ինչու է նա դիմում Սահմանադրական դատարան, հանրահավաքներ անցկացնում եւ այլն: Իմանալով Քոչարյանի բնավորությունը, կարող եմ ենթադրել նաեւ, որ նա անպայման կփորձի վրեժ լուծել ներկայիս ընդդիմությունից եւ խորհրդարանական ընտրություններում կգրի նրանց 5 տոկոսից պակաս: Ինչ մնում է ՀՀՇ-ին եւ նրան հարող ուժերին, ապա եթե նրանք մասնակցեն ընտրություններին, Քոչարյանը, նույն էմոցիաներից դրդված, նրանց կշնորհի մոտավորապես 0,25 տոկոս: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել